«Այսքան երեխայի արյուն չեն մարսելու». Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են համախմբվել մեկ նպատակի շուրջ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների մի խումբ ծնողներ այս անգամ այցելել էին Լոռու մարզ՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներ, հանդիպելու մարզում զոհված տղաների ծնողներին և ներկայացնելու իրենց նախաձեռնության առաջնային նպատակը՝ համախմբվել և պատասխանատվության ենթարկել այն անձին կամ անձանց, որոնց պատճառով տղաները զոհվել են։
Երևանից մեկնած խումբը Սպիտակ ժամանելուն պես նախ տեղի զինվորական պանթեոնում մարզի որդեկորույս ծնողների հետ ծաղիկներ խոնարհեց տղաների շիրիմներին։
Պատերազմում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, հենց զինվորական պանթեոնում դիմելով հավաքված ծնողներին՝ համախմբման կոչ արեց։
«Մենք էլ բոլոր ծնողների նման ամեն օր գնում էինք «Եռաբլուր», հետո՝ տուն, բայց մեկ բան մեզ չէր բավարարում, միայն վշտով գնալ-գալը մի բան չէր։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ մեր տղաները դավաճանված են։ Կոնկրետ իմ տղային հոկտեմբերի 5-ին զանգել է իր ընկերն ու ասել է՝ գալիս ենք, ասել է՝ չգաս, պատերազմը ծախած է։ Զինվորական էր, 2015 թվականին թողել էր ծառայությունը, երբ պատերազմը սկսվեց, վերադարձավ այն նույն տեղը, որտեղ 5 տարի ծառայել էր։ Հակադիվերսիոն ջոկատի հրամանատար է եղել, իր ջոկատը հավաքել էր, բայց երբ տեսել է՝ ինչ է կատարվել, զգացել է, որ ծախված է։ Այդ ամենն իմանալով, ծնողներով որոշեցինք հավաքվել ու մի բան անել, բայց չէր ստացվում։ Մեր վերջին հավաքվելը եղավ այն, որ այս տարվա ապրիլին ԱԺ ամբիոնից այս երկրի թագավոր անունով կոչեցյալն ասաց, որ՝ ես եմ սպանել ձեր տղաներին, ասաց՝ կարող էր նույն բանը լինել, բայց առանց զոհերի, այսինքն՝ ուղիղ ասաց, որ ինքն է սպանել»,- նշեց Արա Ռոստոմյանը։
Նրա խոսքով՝ եթե այսօր տղաներն Արցախի հողի մեջ են, ուրեմն հակառակ Նիկոլ Փաշինյանի, իրենք հայտարարում են, որ Արցախի հողն իրենց համար ամենասուրբն է։
Ըստ Արա Ռոստոմյանի՝ ապրիլի 13-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նման հայտարարություն արեց, որդեկորույս ծնողներով որոշեցին դուրս գալ պայքարի, իսկ արդեն ապրիլի 26-ին մոտավորապես 200 ծնողով գնացել էին Գլխավոր դատախազություն՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանին ձերբակալել, որպեսզի նա հերթով ասի, թե որ բարձրաստիճան զինվորականն է դավաճանել։
«Բոլորդ էլ իմացեք այս մասին, Դատախազությունից մեզ թուղթ եկավ, որի մեջ գրված չէր, թե մեր տղերքը զոհվել են պատերազմի արդյունքում, այլ գրված էր, որ տղերքը զոհվել են մի խումբ բարձրաստիճան անձանց կողմից սխալ աշխատանքի արդյունքում։ Մենք էլ ասում ենք, որ գրել եք՝ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց կանչեք, ձերբակալեք, հարցաքննեք, իմանանք՝ ովքեր են։ Այսպես մի քանի ամիս պայքարի մեջ էինք, և Դատախազությունը մեր գործը մի տեղից մեկ այլ տեղ էր ուղարկում»,- հավելեց Արա Ռոստոմյանը։
Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն էլ հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն է եղել գլխավոր գերագույն հրամանատարը։
«Թուրքը եկավ մտավ մեր ապուպապերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, պղծեց ու դուրս եկավ և վերջում էլ ասաց՝ եթե մի հայ իրեն բան ասի՝ կսպանի։ Սրանք մինչև հիմա սրան չեն պատասխանել։ Երկրի վարչապետը հանձնարարում է, թե՝ ադրբեջանցիների անվտանգությունն ապահովեք Հայաստանի տարածքում, այսինքն՝ հայերինը չէ, ադրբեջանցիներինը։
Մենք ծնողներով պետք է միասին լինենք, մենք իրար ցավը կհասկանանք»,- նշեց Գարիկ Գալեյանը։
Պատերազմում զոհված Արմեն Բադալյանի մայրը ևս կիսում է նախաձեռնության գաղափարը և համաձայն է, որ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։
«Տղաս 4 տարի անվճար սովորել է Վանաձորում, ավարտելուց հետո մեկնեց ծառայության։ Մեխակավանում 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, մի տղաս էլ Իվանյանում էր ծառայում։ Երկուսն էլ կռվի մեջ էին, բայց ինձ խաբում էին, ասում էին, թե՝ մենք կռվի մեջ չենք։ Ես մշտապես աղոթում էի, խնդրում էի, որ Աստված տղաներիս պահապան լինի, մեկին պահապան եղավ, մեկին՝ չէ։ Մի տղաս հրաշքով է փրկվել։ Ուղիղ 3 ամիս մենք երեխայիցս լուր չունեինք, վերջին զանգը եղել է հոկտեմբերի 8-ին, ասաց՝ մամ, ամեն ինչ լավ է, չմտածես։ Տղաս Հադրութում է եղել, այնտեղ վիրավորվել է՝ Վանք գյուղում է եղել, շրջափակման մեջ են եղել։ Ով առողջ է եղել, փախել է, վիրավորները մնացել են տան նկուղում։ 3 ամիս հետո գտանք որդուս մարմինը, նրան չեմ տեսել, փակ վիճակով են ինձ տվել։ Դաժան է, ես զարմանում եմ, մենք ինչպես ենք այս դաժանությանը դիմանում, սա անտանելի ցավ է։ Այսքան երեխայի արյուն իրենք չեն մարսելու»,- նշեց որդեկորույս մայրը։
Սպիտակ քաղաքից հետո ծնողներն այցելեցին Վանաձոր, այստեղ ևս հանդիպեցին որդեկորույս ծնողների հետ և ծաղիկներ խոնարհեցին զինվորական պանթեոնում ամփոփված տղաների շիրիմներին։
Արա Ռոստոմյանը Վանաձորի պանթեոնում հավաքված ծնողներին ասաց, որ նահատակված տղաները միայն իրենցը չեն, ազգինն են։
«Գնում ենք «Եռաբլուր», տեսնում ենք՝ մարդիկ փոքր երեխաների ձեռքից բռնած գալիս են, մոտենում են մեզ, հարցնում են, թե կարո՞ղ են ծաղիկներ դնել տղաների շիրիմին։ Ասում են՝ զոհ չունենք, բայց ամեն շաբաթ երեխաներին բերում ենք «Եռաբլուր»»,- պատմեց Ա. Ռոստոմյանը։
Այցի ավարտին ծնողները ծաղիկներ խոնարհեցին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված խաչքարի մոտ՝ նվիրված նահատակված տղաների հիշատակին։
Այստեղ Խաչքար տեղադրելու նախաձեռնության հեղինակը պատերազմի մասնակից Արմանն է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում