Բաժիններ՝

Եվրոպայի նորընծա չեմպիոնը ՀՀ իշխանությունների կողմից մեղադրվում է նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով

Երեկ գերմանական Մյունխենում տեղի ունեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն «նժույգ թափեր» սպորտաձևում:

Այս նվաճումը, հիրավի, նշանակալից է, քանի որ 38 տարեկանում սպորտային մարմնամարզությունից Եվրոպայի չեմպիոն հռչակվելը նույնն է, ինչ եթե կարողանաս, ասենք, 50 տարեկանում ֆոտբոլի եվրոպական թոփ առաջնություններից մեկում լավագույն ռմբարկուն դառնալ:

Հարություն Մերդինյանն արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. առաջին անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2016թ.:

Ականավոր մարզիկը sport.news.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս չեմպիոնությունն իրեն հեշտ չի տրվել: Տևական ժամանակ մեծ սպորտով չզբաղվելուց հետո վերադառնալ ու նվաճել չեմպիոնի կոչումը մեծագույն ձեռքբերում է:

«Ինչ վերաբերում է մեծ սպորտ վերադառնալուն, իսկապես կար մի շրջան, որ այլևս ցանկություն, նպատակ չէի տեսնում շարունակելու: Հաճախում էի մարզադահլիճ, մարզվում էի, բայց նպատակ չէի դնում մասնակցել մրցաշարերի: 2021 թվականի Հայաստանի առաջնությունից հետո մեր մարզիչները, ընկեր Հակոբը, ընկեր Սոսը, Հայկ Նազարյանը, սպորտային ընկերներս պարբերաբար ոգեշնչում էին ինձ, թե ինչու չեմ շարունակում, եթե կարողանում եմ, ինչո՞ւ չմասնակցեմ մրցաշարերի: Այդպես աստիճանաբար մարզումներն ինձ հասցրին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալին»,- ասել էր Հարություն Մերդինյանը:

Ըստ ամենայնի, մեծ մարզիկի ու սրտացավ հայի, երկրի հոգսերով ապրող ու ամեն ձախողում իր մաշկի վրա զգացող տեսակի վրա անջնջելի հետք է թողել Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը:

Հարություն Մերդինյանի կենսագրության մեջ կա մի դրվագ, որը, թերևս, քչերը գիտեն: Վերջինիս այս իշխանությունները մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ «նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին»:

ՀՀ Քրեական օրենսգրքի 225.2 հոդվածով մեղադրվող Հարություն Մերդինյանն ունի ամբաստանյալի կարգավիճակ: 2020թ. նոյեմբերի 19-ին կալանավորվել է, ազատ է արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից: Խափանման միջոց է ընտրված եղել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը դատաքննության փուլում է, 2020թ. դեկտեմբերի 29-ին քրեական գործը Հարություն Մերդինյանի և ևս երեք ամբաստանյալների մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան. դատավորն է Արմինե Մելիքսեթյանը:

Չենք ուզում դատավորի դեր ստանձնել, ոչ էլ  խախտել մարդու անմեղության կանխավարկածը, բայց այն, որ Հարություն Մերդինյանը, ով իր գործով փայլուն զբաղվելով, անտարբեր չէ իր հայրենիքի ճակատագրի հանդեպ, արժանի է առնվազն այդ մասին բարձրաձայնման: Թե չէ հիմա նորաձև է, չէ՞, ասել՝ «Մենք մեր գործը լավ անենք տեղում», կամ՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:

Այս մարզիկն իր օրինակով է ցույց տալիս, որ կան արժեքներ, որոնք ամեն բանից վեր են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս