«Բերձորի միջանցքից խաղաղապահների որևէ պոստ դուրս չի բերվել». Բերձորի քաղաքապետ

Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում բնակիչները շարունակում են իրենց իրերը հանել քաղաքից, մի քանի ընտանիք արդեն տեղափոխվել է այլ վայր։ 168.am հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

«Բնակիչների մի մասն իրերի մի հատվածը տեղափոխել է, իսկ այժմ եկել է մյուս իրերի հետևից, առանձնահատուկ իրավիճակ չկա»,- նշեց Բերձորի քաղաքապետը։

Անդրադառնալով  խոսակցություններին, որ ռուս խաղաղապահների թիվը Բերձորի միջանցքում նվազել է, Նարեկ Ալեքսանյանը նկատեց՝ ռուս խաղաղապահների թվի վերաբերյալ անձամբ որևէ նախնական թվի չի տիրապետել։

«Բերձորի միջանցքից խաղաղապահների որևէ պոստ դուրս չի բերվել, բոլորը կանգնած են իրենց տեղերում։ Թե ինչ հաճախականությամբ են իրենք իրար փոխարինում, չեմ կարող ասել»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը։

Կարդացեք նաև

Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևան հրապարակել է տեղեկատվություն, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ: Մեր հարցին, թե ադրբեջանցի լրագրողն այցելե՞լ է  Բերձոր, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց.

«Մենք որևէ ադրբեջանցի լրագրողի չենք հանդիպել, այս ամբողջ ընթացքում՝ սկսած դեկտեմբերի 1-ից, մեզ որևէ ադրբեջանցի լրագրող չի մոտեցել։

Մեզ մոտենում են ռուս խաղաղապահները, հետաքրքրվելով, թե ինչ կարող են անել մեզ համար»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Իսկ օգոստոսի 25-ից հետո մարդկանց երթևեկությունը Երևանից Արցախ և հակառակ ուղղությամբ շարունակվելո՞ւ է, մարդիկ շարունակելո՞ւ են Բերձորի միջանցքով երթևեկել, այս հարցի շուրջ արդյո՞ք խոսել է ռուս խաղաղապահների հետ, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց, որ այդ մասով ռուս խաղաղապահների պատասխանատուների հետ որևէ բան չեն խոսել, իրականում դրա ժամանակը չի եղել։

«Ամեն դեպքում դա բնակչության դուրս գալու հետ կապված որևէ բան չի փոխում»,- եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։

Տեսանյութեր

Լրահոս