
Հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ն անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:
Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ ոճ):
Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք)՝ 3:51,74 ցուցանիշով սահմանել է խաղերի ռեկորդ:
Երրորդ կուրսանտական խաղերին մասնակցել է 576 մարզիկ 20 երկրից: Ծրագրում ներառված էր յոթ մարզաձև՝ ռազմական հնգամարտ, աթլետիկա, կողմնորոշում տեղանքում, հրաձգություն, վոլեյբոլ, լող, ամառային բիաթլոն:
Ընդհանուր հաշվարկով առաջինն էր ՌԴ թիմը, երկրորդը՝ Բելառուսի, երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականը: