Պայթյունի հետևանքով զոհված հղի կնոջ, նրա 4–ամյա որդու և քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում. news.am
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած հղի Սիրարփի Խաչատրյանի, նրա 4–ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդի սգո սրահում։
Քույրերի եւ 4–ամյա տղայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։ Այս մասին գրում է news.am-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ եւ 4–ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։ 28–ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում, աշխատում էր սպասարկման ոլորտում։ Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։ Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
28–ամյա հղի կինը քրոջ եւ 4–ամյա որդու հետ «Սուրմալու» էին գնացել՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու (ֆոտո)