Սեուլը դեմ է ԿԺԴՀ-ում փոփոխությունների համար ուժի կիրառմանը. Հարավային Կորեայի նախագահ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 17-ին հայտարարել է, որ Սեուլը չի կարող ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ, բայց ինքը չի ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի ուժային մեթոդներով: Այդ մասին հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները:
«Երաշխավորել ռեժիմի անվտանգությունը՝ դա այն չէ, ինչը կարող է անել Կորեայի Հանրապետության կառավարությունը: Բայց ո՛չ ես, ո՛չ Կորեայի Հանրապետության կառավարությունը չենք ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի անհիմն կերպով կամ ուժով»,-նա ասել է մամուլի ասուլիսում, որը նվիրված էր պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու 100 օրվան:
Ինչպես գրում է «Ռյոնհափ» գործակալությունը, «դա ընդունվել է որպես Փհենյանին մեկնած եւս մեկ ձիթենու ճյուղ»: Օգոստոսի 15-ին Յուն Սոկ Յոլը շարադրել է հյուսիսկորեական տնտեսության զարգացման իր պլանի մանրամասներն այն դեպքում, եթե Փհենյանը քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Ավելի վաղ առաջարկությունը հնչել էր ընթացիկ տարվա մայիսին նրա պաշտոնակալման արարողության ճառում:
«Համարձակ նախաձեռնությունը, որով եմ հանդես եմ գալիս, փուլ առ փուլ զգալիորեն կբարելավի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը եւ կբարձրացնի նրա ժողովրդի կենսամակարդակը, եթե Հյուսիսը դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը եւ ձեռնամուխ լինի միջուկազերծման իրական եւ հիմնավորված գործընթացին»,-հայտարարել է Յուն Սոկ Յոլը՝ հանդես գալով Կորեայի ազատագրման օրվա առթիվ միջոցառմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: