«Իմ համոզմամբ՝ զանգերը կամ այն էլեկտրոնային նամակները, որոնք եղել են պայթյունից հետո, եղել են Ադրբեջանից». Տիգրան Քոչարյան
Օգոստոսի 14-ին, Երևանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունին զուգահեռ, սկսեցին ահազանգեր հնչել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպլիտենում ռումբ կա տեղադրված, թեպետ ահազանգը կեղծ էր, այնուամենայնիվ, Մետրոպոլիտենի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվեց։
Նմանօրինակ ահազանգ, որ Մետրոպոլիտենում կրկին ռումբ կա տեղադրված, հնչեց նաև այսօր։ Իսկ ավելի ուշ հնարավոր ռումբի առկայության մասին ահազանգ էր եղել նաև «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ։
Քարոզչական ի՞նչ նպատակ են հետապնդում նման ահազանգերը, արդյո՞ք դրանք ուղղորդված են դրսից, նման հիբրիդային պատերազմում ի՞նչ քայլեր պետք է իրականացնեն Հայաստանի պատկան մարմինները։
168.am-ի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նկատեց՝ երբ որևէ երկրում ինչ-որ պատահար է տեղի ունենում, մյուս երկրները փորձում են այդ իրավիճակից օգտվել։
«Եթե տվյալ երկրի նկատմամբ երկարաժամկետ ռազմավարություն ունեն, ապա սկսում են կիրառել տարբեր մեթոդներ։ Իմ համոզմամբ, այն զանգերը կամ այն էլեկտրոնային նամակները, որոնք եղել են պայթյունից հետո, եղել են Ադրբեջանից։ Ադրբեջանական որոշակի տելեգրամյան ալիքներ, որոնք ներգրավված են այս ամենում՝ տեղեկատվական առումով, իրենք ուղիղ տեքստով ասում են, որ իրենք են արել կամ իրենց հետևում կանգնած անձինք են արել։ Սա ընդունված ձև է, կարծում եմ՝ Հայաստանի հատուկ ծառայություններն իրենց գործունեությունը ծավալելիս պետք է այս ամենը միշտ հաշվի առնեն»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ եթե «նորմալ հատուկ ծառայություն է», ապա արագ կարողանում է պարզել, թե որտեղից է եկել նամակը կամ որտեղից է հնչել զանգը։ Այդ ամենից հետո ԱԱԾ-ն, ըստ այդմ, օպերատիվ տվյալները պետք է փոխանցի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որպեսզի ստիպված չլինեն մարդկանց տարհանել, փակել տվյալ օբյեկտը կամ տարածքը։
«Այս հարցում համագործակցության և փոխգործակցության խնդիր կա, որովհետև եթե թշնամին տեսնի, որ մեկ զանգով կամ մեկ նամակով մի ամբողջ հանրապետության մայրաքաղաք՝ սկսած տրանսպորտից, կոլապսի է ենթարկվում, ապա այդ խաղաքարտը մշտապես օգտագործելու է։
Հետևաբար, որքանո՞վ է ճիշտ թշնամու ձեռքին տալ նման խաղաքարտ, որը նա անընդհատ կօգտագործի, որովհետև մնալու է անպատիժ։ Կարծում եմ՝ այն ինստրուկցիաները, որոնք ունի ԱԻ նախարարությունը, պետք է փոփոխվի, և ԱԻՆ և ԱԱԾ կապն արագ ու անմիջական պետք է լինի։
Մյուս կողմից՝ մենք ունենք վտանգ, որ մի ահազանգի վրա ուշադրություն չդարձնելով՝ կարող է որևէ բան պատահել, դրա վտանգը միշտ էլ կա, բայց պետք է ընտրել ոսկե միջինը, որովհետև ներկա պահին թշնամին տեսնում է, որ ամբողջ քաղաքում մետրոն են փակում, այս ու այն կետն են փակում, ամեն անգամ նույն քայլին կդիմի»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը։
Նա դժվարացավ ասել՝ նման հիբրիդային պատերազմում ՀՀ անվտանգային համակարգը որքանո՞վ կարող է դիմակայել, սակայն հույս հայտնեց, որ պատրաստ է և պետք է պատրաստ լինի։
«Սակայն մեկ բան հստակ է, որ ԱԻ նախարարությունն անպատրաստ է և ԱԻՆ առաջին դեմքերն անտեղյակ են իրենց գործից, այս դեպքը դա ամբողջովին ապացուցեց»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։