«Սուրեն Մանուկյանը պնդում է, որ իրեն վերագրվող արարքի հետ բացարձակապես կապ չունի». փաստաբան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:

«Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ»,- ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր Խաչատուր Քոքոբելյանը:

«Դաշնակցության գործընկերների» գնահատականը չուշացավ:

Կարդացեք նաև

Այս հայտարարությունից անմիջապես հետո ՀՅԴ լրատվական ծառայությունը հայտարարեց. «Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։ Ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։

Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ»:

ՀՅԴ-ից նաև մերժելի էին համարել անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը, «90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը»:

Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պաշտպանյալի մոտ շոկային վիճակ է:

«Իմ վստահորդը՝ Սուրեն Մանուկյանը, պնդում է, որ իրեն վերագրվող արարքի հետ բացարձակապես կապ չունի, և ինչ վերագրվում է իրեն, շինծու է»,- հավելեց նա:

Նկատենք՝ Սուրեն Մանուկյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Անդրադառնալով Սուրեն Մանուկյանի բնակարանում ավելի վաղ կատարված խուզարկության մասին տեղեկություններին՝ փաստաբանը նշեց, որ այդ դրվագը վերագրվող դեպքի հետ առնչություն չունի. խուզարկությունը կատարվել է ընդդիմության ցույցերի օրերին դեռևս:

 

Տեսանյութեր

Լրահոս