Բաժիններ՝

Եթե այսպես շարունակվի՝ վերջը արյուն է թափվելու. Րաֆֆու 31, 33, 35 շենքերի բնակիչներն ահազանգում են՝ համատիրության նախագահը տարածքներ է, որ գրավում է, վերջինը հակադարձում է՝ սուտ է

Րաֆֆու 31, 33, 35 շենքերի բնակիչներն ահազանգում են՝ համատիրության նախագահը տարածքներ է, որ գրավում է, իսկ իրենք էլ չգիտեն՝ ինչպես պայքարեն սրա դեմ:

Բնակիչների փոխանցմամբ՝ համատիրության նախագահ Օլեգ Գրիգորյանը Րաֆֆու 35 շենքի մոտ առաջին հարկի բնակչի անմիջապես տան կողքին վարսավիրանոց է սարքել, չի պահպանել օրենքով սահմանված 1.5-2 մետր հեռավորությունը, անգամ վերջերս հրդեհ է բռնկվել այնտեղ, ու հնարավոր է՝ բնակչի տունը վնասեր

«Հա, թղթեր է ցույց տալիս, թե իբր թույլտվություն ունի, սակայն շինարարություն անելուց առաջ ինքը պետք է մեր՝ շենքի բնակիչների հետ հանդիպի, քննարկի, մոտ 70 տոկոսի համաձայնությունը ստանա, նոր գործի անցնի, սակայն նման բան չի եղել: Կամ այդ ի՞նչ թույլտվություններ են, որ ինչքան կանաչ տարածք կա՝ պետք է վերացնի ու ինչ ասես՝ սարքի: Վարսավիրանոց է սարքել ու դա համարում է կարևորագույն օբյեկտ: Ահռելի տարածքը սեփականաշնորհել է, իսկ զոհվածների ընտանիքներ կան, որ առանց տուն են մնացել, ու այդ ո՞նց է, որ 2 հատ 3 սենյականոցի չափ տարածք իրանով է արել: Ընդ որում՝ այդ վարսավիրանոցի տարածքից 4 քմ-ն պատկանում է շենքի բնակիչներից մեկին»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

«Օլեգ Գրիգորյանը որ ծակը գտնում՝ այնտեղ մտնում է: Տների կեսն իր անունով է, կեսը՝ փեսայի ու աղջկա: 33 տարի է՝ ապրում ենք, նոր մուտքը վերանորոգել են, իսկ մինչ այդ եղել է, որ այս կամ այն հարկի բնակիչն է վերանորոգել, որ շնորհքի գար մուտքը: Բողոքում ենք՝ ոչ մեկը բանի տեղ չի դնում: Նախքան վարսավիրանոցը, մի քանի տարի առաջ կանաչ տարածքը բերեցին, քարերով պատեցին, հետո դա դարձավ ավտոտնակ, այնինչ հասարակական նշանակության տարածք է, ու իրավունք չուներ շահագործել:

Կարդացեք նաև

Համատիրության նախագահը նշված երեք շենքերի մի 3 ունևորի հետ պայմանավորվել է, ու իրար թիկունք պահելով՝ տարածքներ են սեփականաշնորհում: Մի քանի տարի առաջ բնակիչներից մեկին լավ ծեծեցին, կիսամեռ էր, հետո տուն-տեղը փոխեց՝ գնաց: Բնակիչների մեծ մասին վախեցրել ու շարունակում են վախեցնել: Կանաչ տարածքը հարուստներից մեկին է տվել՝ բերեց բետոն արեց, իրեն ավտոտնակ սարքեց: Մեկ այլ կանաչ տարածքում էլ բեսեդկա սարքեցին, թե իբր նրա համար, որ նստեն, նարդի խաղան, թե չէ մուտքի մոտ էին հավաքվում: Հետո դա խանութ կդարձնի: 2006 թվից սկսած ծառերը կտրել, խանութներ են սարքել: 3 հարուստները մի հատ էլ խանութ են սարքել, իրենց թիկունք համատիրության նախագահին են տվել: Պատկերացնո՞ւմ եք, մի աղջիկ ունի, խանութի վարձակալության և այլ գումարներն ուղարկում է ԱՄՆ՝ աղջկան: Եթե այսպես շարունակվի՝ վերջը արյուն է թափվելու»,- դժգոհեցին բնակիչները:

Կապ հաստատեցինք նաև համատիրության նախագահ Օլեգ Գրիգորյանի հետ: Նրան փոխանցեցինք բնակիչների դժգոհությունը:

«Կանաչ տարածքում ես կարո՞ղ եմ նման բան անել, ի՞նչ է Ձեզ թվում: Սուտ է, նման բան չկա: Նայեք, ես 33 շենքի հարակից տարածքում, իրոք, իմ անունով վարսավիրանոց ունեմ, որի տարածքում էն օրը մի թեթև հրդեհ է եղել: Այդտեղով մի քանի կաբել է անցնում: Ասում են, մթոմ ես եմ մեղավոր, որ հրդեհ է բռնկվել: Ասացի՝ կգան փորձագետները, կապացուցեն, կտաք դատարան ու, եթե ես մեղավոր լինեմ՝ կփոխհատուցեմ բոլորի ծախսերը: Ի՞նչն եմ զավթել: 31 շենքի դիմաց ի՞նչ կա, չգիտեմ, դե, լիքը բաներ կան: 35-ի դիմաց էլ՝ լիքը շինություններ, ավտոտնակներ:

Ես այդ թաղամասում չեմ ապրում, ուղղակի աշխատում եմ: Իրոք վարսավիրանոց ունեմ իմ անունով, որը կառուցվել է օրենքի բոլոր կանոններով: Կանաչ տարածք չի եղել, կոմունիստների ժամանակվանից նախատեսված էր՝ որպես կից կառույց: Շուտվանից այդ հողը գնել եմ աճուրդով, կառուցել եմ անցած տարի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին»,- ասաց համատիրության նախագահը:

Ինչ վերաբերում է վասավիրանոցը սարքելիս հեռավորություն չպահպանելուն՝ նա հակադարձեց.

«Դուք ճարտարապե՞տ եք: Ես կարա՞մ նման բան անեմ, եթե կա Քաղաքապետարանի ճարատարապետության վարչություն: Նրանք են, չէ՞, հաստատում նախագիծը: 2 մետր… ո՞վ ասաց. իմ սեփական հողի վրա իրավունք ունեմ կառուցել և կառուցել եմ: Ես էստեղ մի սեփականություն ունեմ. իրավունք ունե՞մ ունենալ: Հիմա ի՞նչ եք ուզում..․ եթե սխալ բան եմ արել… Դուք ինձ քննո՞ւմ եք: Իմ սեփական հողի վրա կառուցել եմ մեկ հարկանի, երկրորդ հարկն էլ եմ կառուցելու, տեղեկացնեմ Ձեզ: Բա լավ չէ՞, աշխատատեղ կա: Իսկ կանաչ տարածքները թող շատացնեն, ե՞ս եմ շատացնողը: Եթե ուզում եք ավելի շատ իմանաք՝ այդ շրջակայքը սաղ ես եմ կանաչապատել: Այդ ձեզ գրողները զոմբիներ են, մնացածը չեմ ուզում շարունակել, էլի»։

Տեսանյութեր

Լրահոս