2023թ. մանկատան շրջանավարտների համար բնակարանների ձեռքբերման միջոցառումներ նախատեսված չեն
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում երեկվանից քննարկման է դրվել «Երեխայի իրավունքների պաշտպանության 2023թ. տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի հեղինակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: e-draft.am-ում քննարկման է դրվելու մինչև օգոստոսի 19-ը:
Կառավարությունը հաստատել է ինչպես «Երեխայի իրավունքների պաշտպանության 2023թ. տարեկան ծրագիրը, այնպես էլ դրանով նախատեսված միջոցառումների ցանկը:
Ըստ նախագծի՝ ծրագրի նպատակն է երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության մեխանիզմների հզորացումը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը՝ այդ թվում երեխաների բոլոր իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային և նրա ընտանիքին կարիքահենք ծառայությունների տրամադրումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ իրենց և/կամ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամատարների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից:
Ծրագրի խնդիրներն են՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը,
- Արցախյան պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում՝ տեղահանված ընտանիքների երեխաների իրավունքների իրացման համար պայմանների ապահովումը,
- բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը,
- բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպման և ներառման գործընթացի նպատակով բնակելի տարածությունով ապահովելը՝ բնակարանների վարձակալությունը, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրելը,
- կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, գնահատված կարիքների հիման վրա սոցիալական, հոգեբանական, մանկավարժական, առողջապահական, մասնագիտական կողմնորոշման, իրավական աջակցության տրամադրումը, ինչպես նաև շուրջօրյա խնամքի հաստատություն երեխայի մուտքի կանխարգելումը՝ այլընտրանքային ծառայությունների ցանցի, այդ թվում՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման միջոցով,
- երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավում,
- իրականացված օրենսդրական բարեփոխումներին հաղորդակից դարձնելու, երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման նպատակով ոլորտային մասնագիտական ներուժի կարողությունների հզորացումը։
Ներկայումս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 5 հաստատությունում (մանկատուն) իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած տարեկան կտրվածքով միջինում 585 երեխայի շուրջօրյա խնամքի և դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ցերեկային խնամքի ծառայություն տրամադրող 6 պետական հաստատությունների կողմից ծառայություն է մատուցվում 2-18 տարեկան շուրջ 600 երեխայի։ Կենտրոնները ծառայություն են տրամադրում ոչ միայն երեխաներին, այլ նաև ընտանիքներին՝ ապահովելով սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (վերականգնողական վարժանքներով թերապիա) տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումը: Նշված բոլոր ծառայությունների նպատակն է երեխային և նրա ընտանիքին աջակցելը՝ ապահովելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը։
2023 թ. նախատեսվող միջոցառումների առանցքում, ըստ ծրագրի հեղինակների, երեխաների լավագույն շահի ապահովումն է, մասնավորապես՝
Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայությունների շրջանակում բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում շարունակվելու է իրականացվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի, դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Իրականացվելու են ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու միջոցառումներ:
Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայությունների շրջանակում շարունակվելու է իրականացվել կազմակերպությունում ցերեկային ժամերին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների խնամքի տրամադրումը։
Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող, դպրոցում սովորող երեխաներին յուրաքանչյուր ամիս կշարունակվի տրամադրվել մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):
Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին յուրաքանչյուր ամիս կտրամադրվի սպառողական զամբյուղին համապատասխան գումար՝ անկախ կյանքի անցման փուլում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց աջակցելու նպատակով։
Կշարունակվի խնամատարության ինստիտուտի զարգացումը, միաժամանակ կներդրվեն լրացուցիչ միջոցառումներ՝ խնամատար ծնողներին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով։
Մանկատան շրջանավարտների անկախ կյանքի անցման փուլում աջակցություն տրամադրելու նպատակով՝ կապահովվի բարձրացված չափաքանակով ֆինանսական միջոցների հատկացում՝ բնակարանների վարձակալության նպատակով, իսկ ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ կներդրվեն միջոցառումներ՝ շրջանավարտներին ուղեկցման, խորհրդատվության տրամադրման նպատակով:
Ուշագրավ է, որ ծրագրում խոսք չի գնում մանկատան շրջանավարտներին բնակարանների տրամադրման մասին:
Հիշեցնենք՝ նախկինում պետությունն իր վրա կրում էր սոցիալական պատասխանատվություն՝ բնակարանով ապահովելու մանկատան շրջանավարտ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին:
2018թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անգամ մեծ աղմուկ բարձրացրեց, քրեական գործեր հարուցվեցին. համարում էին, որ նշյալ բնակֆոնդի տրամադրման ընթացքում չարաշահումներ են թույլ տրվել և յուրացվել են մանկատան սաներին բնակարանով ապահովելու նպատակով պետբյուջեից դուրս գրված գումարները:
168.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ծրագրով բնակարանի ձեռքբերման միջոցառումներ նախատեսված են, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Զառա Մանուչարյանը պատասխանեց՝ այս պահի դրությամբ միջնաժամկետ ծախսային ծրագրերով նման միջոցառում նախատեսված չէ:
Մեզ հետաքրքրեց նաև, թե 2022թ. բյուջեով Նախարարությանը մանկատան սաների համար տուն ձեռք բերելու մասով կա՞, թե՞ չկա հատկացում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակի տեղեկացմամբ՝ հատկացումներն արված են 2019թ. բյուջեով, բայց 2019թ.-ի հատկացումը փոխանցվել է նոտարների դեպոզիտային հաշիվներին, որպեսզի հասանելի լինի ոչ միայն 2019թ.-ի համար:
Զառա Մանուչարյանը 168.am-ին տրամադրեց նաև թվային տվյալներ, թե որքա՞ն բնակարան է ձեռք բերվել մանկատան շրջանավարտների համար 2019-2020-2021-2022թթ.:
Ըստ այդմ՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ստացած քաղաքացիների թիվը հետևյալն է՝
2019թ.- 55
2020թ.- 149
2021թ.- 6
2022թ.- 71
Երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացման նպատակով կշարունակվեն իրականացվել բուժօգնության մատչելիության և որակի բարելավմանն ուղղված միջոցառումները։
Կստեղծվեն պատերազմական գործողությունների արդյունքում տուժած ընտանիքների երեխաների համար (հատկապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված) կրթամշակութային գործընթացներում ընդգրկման համար նպաստավոր պայմաններ։
Կշարունակվի երեխաների շահագործման կամ մուրացկանության մեջ ներգրավման դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Կկանխարգելվի երեխաների ներգրավումը աշխատանքի վատթարագույն ձևերում, գործատուները և աշխատող երեխաները իրազեկված կլինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև կբարձրանա մարդկանց աշխատանքային իրավունքների և աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների մասին իրազեկվածությունը։
Նախատեսված են նաև այլ միջոցառումներ: