Բաժիններ՝

Անհարկի քաշքշուկներից խուսափելու համար ԿԳՄՍՆ-ն հանել է բժշկական տեղեկանք ներկայացնելու պահանջը դպրոց ընդունվելիս, ծնողներն առարկում են

«Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում»,- դեռևս հուլիսի 29-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը;
Եթե կան դպրոցներ, որ նման պահանջ են դնում, խնդրում եմ, անմիջապես տեղեկացրեք նախարարությանը, հորդորել էր նախարարը:

Ծնողներից մի քանիսը հետաքրքրվել էին, թե  ինչպե՞ս է դպրոցի բուժքույրը տեղյակ լինելու երեխայի առողջական վիճակի և առկա խնդիրների մասին, որովհետև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ բուժքույրն անակնկալի է եկել՝ տեղեկանալով, որ երեխայի մոտ կա պարբերական հիվանդություն, շաքարային դիաբետ, կամ ունի սրտի արատ:

Նրանց կարծիքով՝ միանշանակ երեխայի առողջության մասին տեղեկանք պետք է, դա շատ կարևոր է բուժքրոջ և ուսուցչի համար, քանի որ լինում են դեպքեր, երբ պետք է անհապաղ կազմակերպել առաջին օգնություն երեխային տարբեր իրավիճակների ժամանակ, իսկ բուժքույրը և ուսուցիչն անտեղյակ են լինում երեխայի առողջական վիճակից: Փոխարենը՝ ծնողներն առաջարկում են փոխել տեղեկանքի տրամադրման ընթացակարգը, որ ավելորդ քաշքշուկ չլինի գործերը հանձնելու ժամանակ։

ԿԳՄՍ փոխնախարարն արձագանքել է՝ նշելով. «Դա ի՞նչ կապ ունի նրա հետ, որ դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք պահանջելը հակասում է դպրոցի ընդունելության կարգին։ Ես էլ կարող եմ բազմաթիվ դեպքեր նկարագրել, երբ եղել է տեղեկանք ու զրո տեղեկատվություն՝ երեխայի խնդրի մասին: Դա որևէ կապ չունի շուրջ 40000 երեխաների ծնողներին անհարկի քաշքշուկի մեջ դնելու հետ, որը, ինչպես նշեցի, կարգին հակասում է»:

Կարդացեք նաև

ԿԳՄՍ փոխնախարարը շեշտել է, որ երկու տարի է՝ պահանջը հանված է։

«Դպրոցն ունի իրեն կցված տեղամասային բուժքույր, որը տվյալ տարածքի պոլիկլինիկայի աշխատակից է, բոլոր տվյալներն էլ ըստ իրավիճակի և անհրաժեշտության հասանելի են»,- ընդգծել է փոխնախարարը:

Դիտարկմանը, թե կան աշակերտներ, որ տարբեր պոլիկլինիկաներում են հաշվառված լինում, Ժաննա Անդրեասյանը գրառմամբ պատասխանել է, որ եթե երեխան որևէ խնդիր ունի, ծնողի պարտավորությունն է՝ տեղեկացնել դպրոցին:

Դպրոցներից մեկի տնօրենն էլ խնդրել է խոսել նաև աշակերտի՝ դպրոցից դպրոց տեղափոխման թերթիկ պահանջելու և աշակերտի թղթային անձնական գործ լրացնելու անհրաժեշտության մասին: Նա խնդրել է քաշքշուկից ազատվելու համար շրջաբերական ուղարկել դպրոցներ, որովհետև, օրինակ, իր դպրոցից տեղափոխվող շատ աշակերտներից այլ դպրոցի տնօրեններ պահանջում են և չեն ընդունում իր մերժումը՝ ասելով, որ տեսչությունը դեռ ստուգում է թղթային անձնական գործերը և տեղափոխման թերթիկի առկայությունը։

Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ տեղափոխման թերթիկ չպետք է տրվի, անձնական գործ թղթային չի վարվում։ Դա հակասում է կարգին։

Տեսանյութեր

Լրահոս