Բաժիններ՝

Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը դադարեցնելու համար ստորագրահավաք է սկսվել

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակում են պահանջել չեղարկել Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանի կառուցումը:

Հայտնի change.org կայքում ստորագրահավաք է սկսվել:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով Հայաստանում պաշտպանական և անվտանգության խնդիրները, երկրում տիրող սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը, պետության և ժողովրդի առաջ ծառացած պատերազմի վտանգը, գիտակցելով Հիսուսի արձանի կառուցմամբ Հատիս լեռան էկոհամակարգի, շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ վնասվելու և վերանալու անդառնալիությունը, ինչպես նաև տեղեկանալով, որ ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունները արգելել են աշխատանքներ իրականացնել, սակայն կառուցապատողը հայտարարել է, որ շարունակում է ենթակառուցվածքային աշխատանքների իրականացումը՝ կասկածի տակ առնելով պատմամշակութային բնական օբյեկտի՝ Հատիս լեռան տարածքի օտարման օրինականությունը, անընդունելի համարելով սեփական բիզնեսի զարգացման նպատակով հայ ժողովրդի ստվար զանգվածի հավատքն ու զգացմունքները շահագործելը, տեղեկացված լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար արձանաշինության նման նախագծի անընդունելիությունը,  պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և Հիսուսի արձանը Հատիս լեռան գագաթին կառուցումը նախաձեռնողներից չեղարկել նախագծի իրականացումը, որը չի համապատասխանում Հայաստանի մարտահրավերներին, պատիվ չի բերում հայ գիտակից հանրույթին և  ընդունելի չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները քննության առնեն տվյալ տարածքի օտարման և աշխատանքների իրականացման օրինականությունը, որոնք, ըստ մասնագիտական շրջանակների, կատարվել են ՀՀ օրենսդրության խախտումներով»:

Հուլիսի 30-ին ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Խաչատրյանը գրառում էր կատարել իր էջում. «Այս պահին Հատիսի գագաթին որևէ շինարարություն տեղի չի ունենում, տեխնիկան իջեցված է»:

Կարդացեք նաև

Ապա լրացուցիչ պարզաբանում էր տվել կատարված աշխատանքի մասին:

«Բացի հիմնական ճանապարհի էլ ավելի լայնեցումը ևս մեկ փոքր ճանապարհ է բացվել, իսկ այս լուսանկարում ջրագծի համար արված նոր փոսն է։

Բրոնզերկաթեդարյա ամրոցի մնացորդները էլ ավելի են վնասվել: Սա բրոզերկաթեդարյա ամրոցի պարիսպի մի մասն է Հատիսի հենց գագաթին։ Ամրոցի լիարժեք պեղումներ չեն իրականացվել, որովհետև բարդ տեղանքում է ու մեծ ֆինանսներ կպահանջեր։ Եթե այդ ֆինանսները կային, միգուցե պեղումները ֆինանսավորվեին, միգուցե ֆանտաստիկ կառույց բացահայտվեր ու թող սեփականաշնորհվեր ու դառնար իսկական տուրիստական կենտրոն»,- գրել է նա։

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանն ասել էր,  որ դեմ է Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը:

«Հատիսը բավականաչափ մշակութականացված լեռ է: Ամբողջ լեռը լիքն է հուշարձաններով, իսկ գագաթին գտնվում է շատ հզոր մի ամրոց: Ու եթե բրոնզե, երկաթե դարերի ամրոցները հաշվենք,  ամենախոշորներից և լավ պահպանվածներից մեկն է: Կառավարության մոտեցումը պետք է հիմնված լինի երկրի օրենսդրության և կանոնակարգերի վրա: Սա այդ օրենսդրության և կանոնակարգերի կոպիտ խախտում է: Եթե անգամ հուշարձանը գրանցված չէ, ապա ցանկացած գործունեություն ենթադրում է համապատասխան գերատեսչության ներկայությունը, հետախուզությունը, նախագծի կազմումը, եզրակացությունը: Կառավարությունն ինչպե՞ս կարող է նման հայտարարություն անել՝ առանց այս ամենի: Նույնիսկ խալիֆայությունների ժամանակ նազիր-վեզիր կար, հարցնում էին, չէ՞, որ այս բանն ասեմ՝ ի՞նչ է լինելու»,- ասաց հնագետը՝ շեշտելով, որ «կան բազմաթիվ մասնագետներ, ակադեմիական ինստիտուտներ, հուշարձանների հաշվառման, պահպանման գերատեսչություններ, լուրջ ու սրտացավ մարդիկ»:

Տեսանյութեր

Լրահոս