
ՀԱՊԿ-ը կոչ է արել ԼՂ-ում առկա տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական միջոցներով

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող սադրիչ գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունների հաղթահարման նպատակով օգտագործել բացառապես դիվանագիտական միջոցները»:
Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: