Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները ջանում Արցախյան հիմնահարցը տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից

Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց հայ-ադրբեջանական հարաբերությունները ԼՂ հակամարտության հարցից տարանջատելու հարցից: «Արմենպրեսին»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ասել էր, որ պետք է ակտիվորեն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը: Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման, Արմեն Գրիգորյանն ասել է՝ նման գաղափար կա։

«Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման համար ռուսական զորակազմի առկայությունը միջազգային երաշխիք է: «Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ «մեծ հաշվով Հայաստանն ընթանում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով»։

Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել էր, որ Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, իսկ պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակին օգնելու համար Արցախ գնացած ստորաբաժանումների՝ Հայաստան վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին:

«Հրադադարի հաստատումից և Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղից տրամաբանական է: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ»,- նշել էր նա:

Արմեն Գրիգորյանն ավելացրել էր, որ, այնուամենայնիվ, Հայաստանից Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում, Լեռնային Ղարաբաղը տեղում է կազմակերպում պայմանագրայինների ներգրավումը:

Արմեն Գրիգորյանի այս հարցազրույցը հաջորդել էր Ադրբեջանի նախագահի ելույթին, որտեղ նա հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմից ավելի քան 1.5 տարի անց Հայաստանը դեռ չի կատարել ստանձնած պարտավորությունները, մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Բաքվում խոստացել էր, թե հայկական զորքերը մինչ հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից։

168.am-ի հետ զրույցում, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունները Ղարաբաղի հարցից տարանջատելու թեմայից, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա ՀՀ իշխանությունների քաղաքականության շարունակությունն է, որտեղ հայկական կողմը քիչ-քիչ դառնում է ավելորդ խաղացող ու շարունակաբար զիջում է իր բոլոր դիրքերը:

Ըստ նրա, ԱԽ քարտուղարի վերջին երկու հայտարարությունները (նաև Արցախ  Հայաստանից զինծառայողների չմեկնելու մասին) կոնկրետ մեկ ուղղության վրա պետք է դիտարկել, գուցե ինչ-որ մի օր հնարավոր լինի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում ինչ–որ քայլեր քննարկել կարգավիճակի հետ կապված, սակայն այս պահին Հայաստանը կենտրոնանում է միմիայն իր՝ Հայաստանի խնդիրների վրա՝ սահմաններ, ճանապարհներ:

«Ղարաբաղի անվտանգությունը և այնտեղ անվտանգային իրավիճակը դրվում է խաղաղապահ զորակազմի վրա, ցանկացած հարցի կարգավորման շուրջ ռուս-ադրբեջանական մակարդակում քննարկումների անհրաժեշտությունը կմեծանա, սակայն կար նաև նշում, որ անվտանգությունն ապագայում պետք է կատարելագործվի։ Սրանում նաև ակնարկ կա ռուսական կողմին, թեև դրա մասին որևէ մեկը լրջորեն չի մտածում: Սակայն տարանջատումը նպատակ ունի կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները և վերացնել կախվածությունը Ղարաբաղյան հարցից: Այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշում կունենա Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի հետ իրենցից յուրաքանչյուրի հարաբերությունները դիտարկում են համակարգի մեջ, և կարծում եմ՝ տարանջատմանը դեմ կլինեն»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Ադրբեջանը ջանում է հարաբերությունները կնքել իր համար լավագույն դիրքերով:

Նա նշեց, որ սա հաստատում է իր ավելի վաղ արտահայտած միտքը, որ Հայաստանը վաղուց է հրաժարվել Ղարաբաղից, և այս ամենը պետք է դիտարկել այդ տրամաբանության շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս