«Օնիկ Գասպարյանը պատերազմական իրավիճակում ամեն ինչ իր ձեռքը պետք է վերցներ և չեզոքացներ կասկածելի մարդկանց՝ սկսած Նիկոլ Փաշինյանից». Գրիգոր Գրիգորյան

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է Պաշտպանության նախարարություն (վերջին անգամ դա եղել է ԳՇ նորանշանակ պետին Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացնելու նպատակով), սոցցանցային հարթակներում քննադատությունների ալիք է բարձրանում, որ գեներալիտետը հոտնկայս դիմավորում, ճանապարհում է բանակի կազմաքանդման մեղավորին, վարկաբեկողին և այլն:

Արդյոք Զինված ուժերում կա՞ չերևացող ներքին ընդվզում, դժգոհություն, թե՞ գեներալիտետը թոյլ չի տալիս իրեն նույնիսկ լուռ դժգոհել: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ:

– Կան հավատարիմ սպաներ, որոնք մնացել են բանակում, որոնց, եթե այսպես շարունակվի, հենց իրենք են հեռացնելու պաշտոններից, որ իշխանությունները հասնեն բանակի վերջնական քանդմանը: «Դիմադրություն» շարժումը պիտի փորձի առկա խնդիրներին արագ լուծում տալ, այլապես, եթե բանակը կորցնենք, կորցնելու ենք ամբողջ Հայաստանը, որովհետև չենք ունենալու ոչ մի պաշտպանության միջոց:

Իսկ հիմա դեռ բանակը կա, ունենք սահմաններ, զինվորներ, սպաներ, պայմանագրայիններ: Բանակի «գլուխն է սկսել հոտել», բայց առաջնագիծը պահվում է ամեն դեպքում:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գեներալների՝ Փաշինյանին հոտնկայս ողջունելուն, ապա դա զինվորական կարգապահություն է: Երկրորդ՝ եթե մեկը չկանգնի և չողջունի, 5 րոպե հետո կազատեն պաշտոնից, նույնիսկ՝ քրեական գործ կարող են հարուցել: Ես իրենց փոխարեն չեմ կարող ասել, թե ինչ են մտածում այդ պահին: Հնարավոր է՝ գեներալներ լինեն, որ իրենց այդ արարքն իրենց սրտով էլ չլինի՝ հասկանալով, որ պատվի հարց է, բայց ստիպված գնան այդ քայլին՝ մտածելով, որ եթե իրենք չլինեն Զինված ուժերում, բանակի ամբողջովին կազմաքանդումն ավելի շուտ լինի: Այսինքն, իրենց փոխարեն կբերեն-կդնեն մի անփորձի, կամ՝ դրսից մի անձնավորության, և այդ գործընթացը կարագացնեն:

– Բայց իրենց խոսքը լսելի՞ է ՊՆ ղեկավարին, որ մտածում են, թե իրենց մնալով՝ կարող են կանգնեցնել բանակի վերջնական կազմաքանդումը, բանակի չլինելը: Այսինքն, իշխանություններն այն, ինչ ուզում են, անում են: Օրինակ, ԳՇ-ի, այսպես ասած, ձուլումը ՊՆ-ին:

Նախկինում նման բան եղել է, հետո առանձնացվել է, բայց խնդիրը սրա մեջ չէ, թեպետ ՊՆ-ԳՇ առանձին լինելն ավելի ճիշտ է: Իհարկե, այնպես չի, որ ԳՇ-ն իր գործառույթներն ամբողջությամբ կորցնում է, միանձնյա որոշելու իրավունքն է կորցնում:

Հնարավոր պատերազմի դեպքում բանակի կառավարման մոդելի փոփոխությունից բխող ի՞նչ ռիսկերի ենք բախվելու:

Ռիսկեր կան, և էլի հույսը դնելու ենք զինվորի, նվիրված սպաների և կամավորականների ոգու վրա: Այսինքն, նվիրված տղաների վրա, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ռեսուրսային առումով ստեղծված բարդ և ծանր իրավիճակի դեպքում: Այս խնդիրը չկար 2020-ի պատերազմի ժամանակ, և գոնե վստահ էինք՝ եթե դավաճանություն չլիներ, կհաղթեինք: Սրան գումարած պաշտպանական գործից հեռու նախարարի առկայությունը՝ իրենք ուր, բանակն ուր: Եթե ինչ-որ հրամանատարներ, գեներալներ ընդվզեն հնարավոր պատերազմի դեպքում, գուցե ինչ-որ բանի հասնենք:

– Եթե ընդվզելու լինեին, երևի 44-օրյա պատերազմի ընթացքում կընդվզեին, երբ տեսնում էին, որ…

Այն ժամանակ այդքան պարզ չէր այդ դավաճանական ցանցը, հիմա լրիվ բացահայտ է: Պատերազմի ժամանակ ինչ-որ բաներ կանխազգում էինք, կանխատեսում, բայց այդքան համոզված չէինք շատ բաներում: Մենք հասկանում էինք, որ կա ինչ-որ դավաճանական բան, բայց որ ցանցն այդքան մեծ կլինի… Օրինակ, ես պատերազմի ժամանակ հենց նույն Ջալալ Հարությունյանի մասին դեռ այն կարծիքին չէի, ինչ հիմա եմ: Այսինքն, միայն Նիկոլ Փաշինյանը չէր կարող հասնել…

– Այսինքն, Ջալալ Հարությունյանը բանակը գիտակցված պարտությա՞ն է տարել:

– Ենթադրենք՝ նման բան չկա, գիտակցված պարտության չի տարել, այդ դեպքում ինչո՞ւ կարգադրությունը չի կատարել:

– Արցախի ՊԲ-ն ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից համապատասխան կարգադրությո՞ւն է ստացել:

– Ինձ հասած տեղեկությամբ՝ ամսի 25-ին իրենք ստացել են կարգադրություն՝ պահպանությունից անցնել պաշտպանության, զորքերը բացազատել և այլն, Ջալալ Հարությունյանն ասել է՝ երկուշաբթի կորոշենք: Մինչդեռ ինքը կարգադրություն ստանալուց հետո անմիջապես կարգադրությունը պիտի իջեցներ զորքեր և սկսեր համապատասխան գործողությունների ընթացքը, ոչ թե շաբաթ-կիրակի հանգստանար, և պատերազմը սկսելուց հետո որոշեր…

– Որոշ տեղերում պատրաստ են եղել պատերազմն ընդունելուն, սա տեղի հրամանատարի, այսպես ասած, ինքնաբուխ որոշո՞ւմն է եղել:

Որոշ տեղերում, այո՛, հրամանատարների շնորհիվ որոշակի գործողություններ իրականացվել են, դրանց շնորհիվ հասել են ինչ-ինչ արդյունքների: Երկրորդ՝ այն զորամասերում, որտեղ կարգապահությունը բարձր մակարդակի է եղել, ինչպես նաև՝ զինվոր-հրամանատար ներդաշնակ հարաբերություններ, տվյալ մարտական դիրքերում հակառակորդն արդյունքների չի հասել: Օրինակ, Մարտակերտի զորամասում, 3-րդ, 4-րդ պաշտպանական շրջաններում:

Մենք տարածքներ կորցրել ենք ավելի շատ ոչ մարտական իրավիճակում, այսինքն՝ բուն մարտական գործողությունների ժամանակ ավելի քիչ տարածքներ ենք կորցրել, քան հանձնվել են: Հադրութը չենք կորցրել, ծախվել է, Շուշին, պատերազմից հետո տվել ենք, Քարվաճառը, Աղդամը, Մարտակերտից և Մարտունիից տարածքներ:

– Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մեղք ո՞րն է, ի վերջո, ամեն մեկն իր մեղքի բաժինն ունի՝ իր լիազորության շրջանակում:

ԳՇ պետի միակ մեղավորությունն այն է, որ պատերազմական իրադրությունում չի վերցրել ամեն ինչ իր ձեռքը, կասկածելի մարդկանց՝ վարչապետից մինչև ավելի ցածր, չի չեզոքացրել, մեկուսացրել: Այսինքն, լրիվ ղեկավարումը վերցներ իր ձեռքը և պատերազմը ղեկավարեր:

– Ինչո՞ւ չի արել:

– Չեմ կարող ասել:

– Վերջին շրջանում Օնիկ Գասպարյանին ժամանակ առ ժամանակ թիրախավորում են, ի՞նչ են սրանով ուզում ասել՝ մեսի՞ջ, ճնշո՞ւմ:

Դե, ամեն անգամ չեն կարող նախկիններին մեղադրել, հիմա պիտի իրեն թիրախավորեն՝ ելնելով նրա ունեցած դիրքից: Եվ քանի որ զինվորականն իրավունք չունի խոսելու՝ հատուկ գաղտնիության ռեժիմից ելնելով, և, վստահ են, որ Գասպարյան Օնիկն իր բնավորությունից ելնելով էլ՝ չի խոսելու, թիրախավորում են, և նրա վրա բարդում նաև իրենց մեղքերը: Հիմա Արթուր Վանեցյանը՝ որպես ԱԱԾ նախկին պետ, ահռելի ինֆորմացիայի կրող է, կարող է Նիկոլ Փաշինյանի քայլերը բացահայտել, բայց չի անում, երբ հիմա ընդդիմադիր է, որովհետև գոյություն ունի գաղտնիության ռեժիմ: Այսինքն, բաներ կան, որ նման մարդիկ իրավունք չունեն խոսելու, ինչից իշխանություններն օգտվում են:

– Երևի իրենց ասելիքը հարցաքննությունների ժամանակ ասում են՝ ապավինելով օբյեկտիվ քննությանը: Իսկ պատերազմի հանգամանքների մասին ճշմարտությունը երևի շատ ուշ կիմանանք:

– 10-15 տարի հետո կիմանանք, և այն էլ՝ մի քսան տոկոսով: Հայրենական մեծ պատերազմի հետ կապված՝ մինչև հիմա դեռ դրվագներ են բացահայտվում, բայց դեռ գաղտնի բաներ կան, այնպես որ…

Ի դեպ, շատ ենք լսում, որ պատահական մարդիկ հայտնվեցին պատերազմի դաշտում մոբով, կամավորագրված, ինչն իր բացասական ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա:

– Պետք է պատահական հիմունքներով մարդ չգնար, մոբը պիտի համալրեր նոր կազմավորվող զորամասերը, մի քանի օր զորավարժանքներ լինեին և նոր տանեին առաջնագիծ, և ոչ թե նստեցնեին ավտոբուսները՝ առանց ղեկավարման, և տանեին մի չոլի մեջտեղում թողնեին, որտեղ դիմավորողներ չկային: Կամ՝ մոբին պիտի փորձառու ջոկատներին կցեին:

Օրինակ, մեզ կցել են, թեպետ սկզբում խնդիրներ կային, բայց կարողացել ենք նրանց մարտադաշտում պահել: Եթե մոբիլիզացիան ճիշտ լիներ, այլ պատկեր կունենայինք, բայց, ամեն դեպքում, մոբը խնդիր կատարել է, թեպետ փախուստներ եղել են, բոլորը չեն կարող հերոս լինել: Այստեղ կարևորը ճիշտ ղեկավարումն է, եթե դա չեղավ, անտերության մատնեցիր, խուճապ և խառնաշփոթ է լինելու, ինչը եղել է, գուցե՝ դիտավորյալ:

– Վերջին շրջանում ադրբեջանական կայքերը ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ Տավուշի ուղղությունն իրենց համար շարունակում է կարևոր մնալ, հնարավո՞ր է այս ուղղությամբ լուրջ լարվածություն:

– Ռուսն այնտեղ ռազմական օբյեկտներ է սարքում, գործողություններ է սկսել, և դեռ պարզ չէ՝ ռուսն ինչ է նախատեսել, ինչ նպատակով: Ռուսը հիմա Ադրբեջանի հետ խաղում է, ոնց որ կատուն մկան հետ, մի օր էլ կուլ է տալու:

Իսկ Ադրբեջանն առաջնային գործելու է Սյունիքի ուղղությամբ, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիսի: Նա դեռ այս ուղղություններով անելիքներ ունի:

Տավուշում կարող են ինչ-որ պահի սադրանքներ լինել, բայց լայնածավալ գործողություն բարդ կլինի անելը, չի լինի: Ռիսկ չեն անի, կորուստներ շատ կունենան:

Տեսանյութեր

Լրահոս