
Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Իրաքում ցուցարարները, որոնք դժգոհ են վարչապետի պաշտոնում Մուհամմադ Շիա աս-Սուդանիի թեկնածության առաջադրումից, ներխուժել են հանրապետության խորհրդարանի՝ Ներկայացուցիչների Խորհրդի շենք, որը տեղակայված է Բաղդադի կենտրոնում՝ կառավարական «կանաչ գոտում»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ Իրաքի անվտանգության ուժերն ու զինծառայողները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են օգտագործել խորհրդարանի շենքի մատույցներում, սակայն չեն կարողացել զսպել ցուցարարների ամբոխին:
Արաբական լրատվամիջոցը հաղորդում է, որ ծայրահեղական իմամ հոգևորական Մուկթադա աս-Սադրի կողմնակիցներն այժմ խորհրդարանի դահլիճում են՝ ազգային դրոշները ձեռքներին, անվտանգության ուժերը փորձում են դիմադրություն ցույց տալ: Ակտիվիստները իմամի նկարն են տեղադրել դահլիճի կենտրոնում և կոռումպացված քաղաքական գործիչներին դատապարտող կարգախոսներ են հնչեցնում՝ կոչ անելով ցրել խորհրդարանը և նոր արտահերթ ընտրություններ նշանակել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շիայական ակտիվիստների գործողությունները խափանել են նոր վարչապետի թեկնածուի քվեարկությունը խորհրդարանում, ինչի պատճառով քվեարկությունը հետաձգվել է:
Ցուցարարներն արդեն մեկ անգամ գրավել էին Իրաքի խորհրդարանի պալատը հուլիսի 27-ին, սակայն լքել էին շենքը Մուկթադա աս-Սադրի կոչից հետո: