«Սա փորձ է դատարաններն իրենց ձեռքն առնելու համար ամբողջ դաշտից դատավորներ առանձնացնելն ու այս գործը նրանց տալը». Երեմ Սարգսյան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման բողոքարկման հարցը:
Նիստի սկզբում Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը դատարանին հարցեր ուղղեց առհասարակ այս գործով մակագրման վերաբերյալ:
«Ակնկալում եք, որ ես պետք է գնահատականնե՞ր տամ ԲԴԽ որոշմանը»,- դիմելով Երեմ Սարգսյանին՝ ասաց դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, ինչին պաշտպանն արձագանքեց՝ ակնկալում եմ, որ կմեկնաբանեք, որովհետև դուք իրավակիրառող մարմին եք:
Հաջորդիվ Երեմ Սարգսյանը ներկայացրեց այն անհամապատասխանություններն ու դրանց հետևանքով առաջացած հարցերը, որոնք առնչվում են այս գործով դատավորի ընտրությանը:
Պաշտպանը նկատեց՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը քննում է մինչդատական վարույթի գործեր, ուրեմն ինչո՞ւ է նա քննում արդեն դատաքննության փուլում գտնվող գործը:
«Հետևաբար, հարգելի դատարան, Դուք չեք հանդիսանում օրենքով ստեղծված դատարան, ու այդ հիմքով ես Ձեր վերաբերյալ ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնում»,- ասաց Երեմ Սարգսյանը: Մյուս պաշտպանները միացան նրան: Էրիկ Ալեքսանյանը նշեց՝ առկա փաստերի առկայության պայմաններում դատավորի վերաբերյալ անաչառության ամենափոքր կասկածի դեպքում անգամ դատավորը պետք է դուրս գա այս գործընթացից, իսկ այս պարագայում այդ կասկածը կա:
Դատախազներն առարկեցին միջնորդության դեմ: Երեմ Սարգսյանը պնդեց՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանն իրավասու չէ այս գործը քննել:
Դատավորը հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու:
Նիստից հետո Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Արշակ Վարդանյանին Ռուբիկ Մխիթարյանով փոխարինելն այս գործով միտումնավոր է արված:
«Ակնհայտից ակնհայտ է, որ սա փորձ է դատարաններն իրենց ձեռքն առնելու համար ամբողջ դաշտից դատավորներ առանձնացնելն ու այս գործը նրանց տալը: Ընկերներ, դուք արտակարգ դատարան եք ստեղծել, ինչի իրավունքը չունեք: Մինչդատական վարույթով դատավորներն այլ մասնագիտացում ունեն, նրանք չպետք է քննեն այս գործերը: Վստահ եմ, որ դատավորն ինքնաբացարկ չի հայտնելու»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյանի բժշկական կենտրոն։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ վերջինիս շաքարային դիաբետի ցուցիչը շատ բարձր է:
Մանրամասները՝ տեսանյութում