Ղրղզստանում հանդիպել են թյուրքալեզու երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարները

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ընդունել է Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների 24-րդ կոնֆերանսին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը և արտաքին հետախուզության կազմակերպության պետի տեղակալ Սամիր Իսմաիլովը, Ղրղզստանի և Ղազախստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության պետը։

Ղրղզստանի նախագահը նշել է, որ իրենց երկրների հետախուզական կազմակերպությունները հատկապես պետք է ուշադրություն դարձնեն մեր օրերում Միջին Արևելքում և Աֆղանստանում ահաբեկչական գործունեության աճին, որ հասել է որոշ երկրների ամբողջականությանը սպառնացող չափերի։ Նա շեշտել է, որ ժամանակաշրջանի խնդիրները լուծելու, դժվարություններն ու սպառնալիքները հաղթահարելու համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ։

Ժապարովը հավատ է արտահայտել առ այն, որ իրենց հարթակում իմաստալից և կառուցողական քննարկումները կարևոր ներդրում կլինեն թյուրքական աշխարհի անվտանգության ապահովման օգտին։

Ղրղզստանի նախագահը կարծիք է հայտնել, որ հանդիպմանը մասնակցող երկրների հատուկ ծառայությունների սերտ փոխգործակցությունը կուժեղացնի անվտանգությունը և կօգնի միջազգային ահաբեկչության, արմատականության և այլ գլոբալ խնդիրների դեմ արդյունավետ պայքարին։ Ընդգծել է, որ ղրղզական կողմը պատրաստ է այս արժեքների հիման վրա արդյունավետ աշխատել «թյուրքական եղբայրական ժողովուրդների» հետ։

Հիշեցնենք, որ Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների կոնֆերանսը (TÜRKON) հիմնադրվել է Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից 1998թ․ մայիսի 20-ին։ Ուզբեկստանը դրան միացել է 2018թ․։

Տեսանյութեր

Լրահոս