Հավերը չեն համապատասախանել պայմանագրով նախատեսվածին, գործարարը հացադուլ չի հայտարարել. ԱՀ դատախազությունից արձագանքում են
Հուլիսի 16-ին 168.am–ը «Ինչո՞ւ է գործարարը հացադուլ սկսում» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր «Նավասարդ Ագրո» ՍՊԸ սեփականատեր Գարիկ Նավասարդյանի նամակին, որով նա տեղեկացնում էր՝ պատրաստվում է հացադուլ սկսել կալանավայրում:
Տեղեկացրել էինք նաև կալանքի նախապատմության մասին. 2021թ. հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել է հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ Ագրո» ընկերությունը: Սակայն թռչնաֆաբրիկան չի կառուցվում, իսկ Գարիկ Նավասարդյանը մեղադրվում է հավերի ձեռքբերման համար տրամադրված գումարը հափշտակելու մեջ։
Գարիկ Նավասարդյանի փաստաբան Մասիս Մելքոնյանը մեզ հետ զրույցում մասնավորապես վստահեցրել էր. «Առանց որևէ հիմքի մարդուն կալանավորել են՝ այն դեպքում, երբ պետության և քաղաքացու միջև կնքված է պայմանագիր կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ, քաղաքացին սահմանված ժամկետում կատարել է իր պարտավորությունները՝ պետք է բերեր 120 օրական 15 հազար թև հավ, բերել է, գրավոր տեղեկացրել է՝ բերել եմ, սակայն թռչնաբուծարանը պատրաստ չէ»:
168.am-ն այսօր կապ հաստատեց Արցախի դատախազություն՝ տեղեկանալու, թե ի՞նչ փուլում է նախաքննությունը, ե՞րբ է ավարտվելու, որո՞նք ենք մեղադրող կողմի հիմնավորումները:
Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից մեզ մասնավորապես հայտնեցին՝ բազմադրվագ, բազմածավալ գործ է, և նախաքննության ավարտի մասին դեռ չեն կարող կոնկրետ ժամկետներ ասել:
ԱՀ Դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը, անդրադառնալով Գարիկ Նավասարդյանի պաշտպանի պնդմանը, թե Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը եկել է Հայաստան, գնացել թռչնաբուծարան, տեսել է, որ հավերը ներկրվել են, նկատեց.
«Հնարավոր չի եղել պարզել՝ այդ հավերն ում են պատկանում. հավաստող փաստաթուղթ պետք է լինի՝ արդյո՞ք դրանք Մաճկալաշենի ֆերմայի համար նախատեսված հավերն են, թե՞ ոչ. պայմանագիր պետք է լիներ, որը չի եղել:
Բացի այդ՝ պետք է նշել, որ հավերի տարիքը, տեսակը չի համապատասխանել պայմանագրով նախատեսվածին, ինչը ևս վկայում է այն մասին, որ մեղադրանքն այս պահին ճիշտ ուղղությամբ է ընթանում»:
Հացադուլի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ Կիմ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ գործող օրենսդրությամբ, եթե ՔԿՀ-ում գտնվող անձը հացադուլ է հայտարարում, ապա ՔԿՀ ղեկավարությունը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել քննիչին և դատախազին:
«Այդպիսի բան չի եղել: Ավելին՝ քննիչը զանգահարել է ՔԿՀ՝ տեղեկանալու՝ կա՞ արդյոք նման բան, նորից վերահաստատել են, որ չի եղել հացադուլ»,- հավելեց մեր զրուցակիցը: