Շինարարության «փուչիկը» կարող է էլի պայթել

Դրամի արժևորումը փաստի առաջ է կանգնեցրել մեր տնտեսության մի շարք ոլորտների մասնակիցներին։ Արդեն մի քանի ամիս է, նրանք կորուստներ են կրում դոլարի ու եվրոյի արժեզրկման պատճառով։ Ժամանակին չմտածելով, որ դրամը կարող է այսքան ամրապնդվել, պայմանագրերը դրսի գործընկերների հետ կնքել են դոլարով ու եվրոյով, ու երբ դոլարն ու եվրոն էժանացել են՝ դրամով արտահայտված ֆինանսական մուտքերն էապես կրճատվել են։ Ճնշումը ծախսերի վրա մեծացել է։

Սրանից արտահանման վրա աշխատող ընկերությունները կորուստներ են կրում։ Երբեմն այդ կորուստներն անհամատեղելի են դարձել ակնկալվող շահույթի հետ։ Արդյունքում՝ ընկերությունների մի մասն արդեն սկսել է վնասով աշխատել։ Վնասները նվազեցնելու համար կրճատում են աշխատակիցներին, ինչը մեծացրել է գործազրկության ակտիվացման ռիսկը։

Որոշ տեղերում, ինչպես օրերս հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, դադարեցրել են զարգացման ծրագրերը։ Փոխնախարարի կարծիքով, սա վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել վաղաժամ ռեցեսիայի, եթե ժամանակին քայլեր չարվեն դրամի ամրապնդման ու տարադրամի թուլացման հետևանքները տնտեսության արտահանելի հատվածի վրա մեղմելու համար։

Այլ հարց, թե ո՞վ պիտի անի այդ քայլերը, եթե ոչ՝ իշխանությունները։ Արդեն տևական ժամանակ է, դրամն ամրապնդվել է՝ վնասելով տնտեսության արտահանելի հատվածին, բայց մինչև հիմա իշխանությունները ոչինչ չեն արել այդ վնասները մեղմելու և տնտեսությանն օժանդակելու համար։

Կարդացեք նաև

Դանակը հասել է ոսկորին, նոր հիշել են, որ խնդիրը հրատապ լուծում է պահանջում։

Այնինչ՝ արդեն մի քանի ամիս է, արտահանողներն ահազանգում են դրամի ամրապնդման տնտեսական հետևանքների մասին։ Այդ ընթացքում կառավարությունը լռել է՝ հավանաբար հույսը դնելով այն բանի վրա, որ դրամի ամրապնդումն այսքան երկար չի շարունակվի և շուտով կդադարի։

Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չէ։ Դրամն էապես ամրապնդվել է և այսօր էլ շարունակում է 15-20 տոկոսով արժևորված մնալ դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Դրա հետևանքով այդ արժույթներով ֆինանսական միջոցներ գեներացնող մեծ թվով տնտեսվարողներ լուրջ կորուստներ են կրում։

Հարցի լուծումն էկոնոմիկայի նախարարությունում տեսնում են տնտեսության արտահանելի հատվածում սուբսիդավորման մեխանիզմներ կիրառելու մեջ։

«Եթե դոլարի փոխարժեքը նվազել է մոտ 100 դրամով, ապա կնքված պայմանագրերի արժեքը պետք է սուբսիդավորվի մեկ դոլարի դիմաց առնվազն 50 դրամ բանաձևով։ Այնպես որ, կամ սուբսիդավորում ենք, կամ իջեցնում ենք դրամի փոխարժեքը»,- վերջերս Ազգային ժողովում գնաճի վերաբերյալ կայացած քննարկումներից մեկի ժամանակ նախարարության անունից այսպիսի առաջարկություն հնչեցրեց էկոնոմիկայի փոխնախարարը։

Թվում է, թե այդ առաջարկությունը վաղուց պետք է հնչեցված լիներ, և ոչ թե Ազգային ժողովում, այլ կառավարությունում։ Ի վերջո, նման հարցերը լուծվում են կառավարությունում։ Ազգային ժողովը, իշխանական թևի միջոցով, լավագույն դեպքում վավերացնում է այն բոլոր որոշումներն ու առաջարկությունները, որոնք ներկայացվում են կառավարությունից։ Ու մինչ կառավարությունը հապաղում է՝ տնտեսությունը վնասներ է կրում դրամի ամրապնդման հետևանքով։

Մինչև վերջերս Կենտրոնական բանկին էին մեղադրում, որ չի արժեզրկում դրամը։ Վերջին շրջանում կարծես խելքի են եկել, որ դրամի էժանացումը հարցի խելամիտ լուծում չէ, որովհետև դրա հետևանքով այլ խնդիրներ են առաջանում։ Հիմա փորձում են համատեղ միջինացված ինչ-որ լուծում գտնել։ Այնպես, որ, ինչպես տնտեսության, այնպես էլ գնաճի հետ կապված կորուստները համեմատաբար քիչ լինեն ու հավասարակշռված։

Օրերս տնտեսության առավել շատ տուժած ճյուղերից մեկի՝ ՏՏ ոլորտի մասնակիցների պահանջով համատեղ քննարկում էր կազմակերպվել կառավարության ֆինանսատնտեսական բլոկի ու Կենտրոնական բանկի մասնագետների մասնակցությամբ։ Նպատակն առաջացած խնդիրներին լուծումներ տալն էր։

Փոխարենը կառավարությունը հանդես գար նման առաջարկությամբ, ՏՏ ոլորտի մասնակիցներն են ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ոլորտի արտահանմամբ զբաղվող ընկերություններին։

Որոշվել է ներկայացված նախագիծը քննարկել պետական կառավարման մարմիններում և, ըստ այդմ, հաստատել պետական աջակցության հնարավորությունները։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ աջակցության մասին է խոսքը։ Բայց դա կարող է լինել տարբեր ձևերով ու եղանակներով։

Նման ձևերից մեկը, ինչն առաջարկել է էկոնոմիկայի նախարարությունը, արտահանման պայմանագրերի սուբսիդավորումն է՝ տարադրամի փոխարժեքի տեսքով։ Մեկ այլ տարբերակով՝ այդ աջակցությունը կարող է արտահայտվել որոշակի ժամկետով հարկային արտոնությունների տրամադրման ձևով։ Խոսքը, մասնավորապես, եկամտային հարկի գծով արտոնության տրամադրման մասին է, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտի ընկերությունների վնասները գոյանում են հիմնականում այս հատվածում։ Օժանդակության տարբերակներ էլի կարող են լինել։ Բայց դա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով չի կարող սահմանափակվել, որովհետև այս իրավիճակից տուժողների շրջանակ շատ ավելի լայն է։ Այն ներառում է ոչ միայն ծառայությունների, այլև ապրանքների արտահանումը։

Դրամի ամրապնդումից տուժած ոլորտներ կան նաև ներսում, որոնք կապված չեն արտահանման հետ։ Ասենք՝ շինարարությունը։ Այն, ինչ տեղի է ունենում, կարող է հանգեցնել շինարարական հերթական փուչիկի պայթյունին՝ իր հետևից թողնելով բազմաթիվ խաբված քաղաքացիների, ովքեր սպասում են իրենց բնակարաններին։ Կառուցապատողները քաղաքացիների և այլ պատվիրատուների հետ պայմանագրերը շատ դեպքերում կնքել են դոլարին համարժեք դրամով, և հիմա, երբ դրամն ամրապնդվել է, հայտնվել են ֆինանսական բարդ իրավիճակում։ Մի կողմից՝ էժանացել է դոլարը, մյուս կողմից՝ թանկացել են շինանյութերը՝ թանկացնելով նաև շինարարության նախնական արժեքը։

Եթե այս վիճակը երկար շարունակվի, կարող է բերել շատ վատ հետևանքների բազմաթիվ կառուցապատողների համար։ Շատերը կարող են սնանկանալ և ի վիճակի չլինեն կատարել ստանձնած պարտավորությունները պատվիրատուների առաջ։

Թե սա ինչի՞ կհանգեցնի, տարբեր ժամանակներում տեսել ենք։ Սակայն պարզ չէ, թե ինչ են մտածում իշխանությունները՝ այդպիսի իրավիճակներից խուսափելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս