ԱՄՆ գլխավոր հետախույզ Բըրնսը «բացահայտել է»՝ ինչու էր Երևանում և ինչով է զբաղվում ԱՄՆ-ը Հարավային Կովկասում
ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրսնի այցը Հայաստանի Հանրապետություն և, ամենայն հավանականությամբ, հարավկովկասյան երկրներ շարունակում է մնալ փորձագիտական հանրության վերջին շաբաթների ուսումնասիրությունների շրջանակում։
ԱՄՆ գլխավոր հետախույզի այցը ՀՀ վերլուծաբանները պայմանավորում են դրան զուգահեռ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Մերձավոր Արևելք կատարած այցի, ինչպես նաև դրանից հետո օրերս՝ հուլիսի 19-ին Թեհրանում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իբրահիմ Ռայիսիի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի բանակցությունների հետ։
Բըրնսի տարածաշրջանային այցի իրական օրակարգն այդպես էլ մնաց փակ դռների ետևում։ Սակայն օրերս հայտնի դարձավ, որ տարածաշրջանից հետո Բըրնսը Միացյալ Նահանգներում մասնակցել է անվտանգության հարցերով Ասպենի համաժողովին։ Անվտանգային այդ համաժողովի Բըրնսի ելույթներից հատվածներ են տեղադրել մի շարք ԶԼՄ-ներ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում առանձնացրել էր Բըրնսի մի քանի ուշագրավ միտք, որոնք լույս կարող են սփռել մեր տարածաշրջան այցելելու նրա նպատակների մասին:
«Իրանի միջուկային քաղաքականությունը ներկա փուլում մեզ լրջորեն անհանգստացնում է: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից, և Իրանը հրաժարվեց իր պարտավորություններից, Թեհրանը մեծացրել է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ հարստացված ուրան արտադրելու իր կարողությունը: Այժմ նրանք կարող են դա անել ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում: «Նրանց անօդաչու սարքերը և հրթիռային ծրագիրը լուրջ սպառնալիք են մեզ համար Մերձավոր Արևելքում, նրանք ունեն հրթիռների ամենամեծ զինանոցը տարածաշրջանում:
Բայդենի Մերձավորարևելյան այցից հետո նա հուսով է, որ Իսրայելը և Սաուդյան Արաբիան ավելի սերտ կաշխատեն իրանական սպառնալիքի վրա, և հույս ունի Իսրայելի և արաբական միապետությունների միջև հետագա նորմալացման համար: «Մենք կարծում ենք, որ արաբների գայթակղությունը՝ պաշտպանելու ԱՄՆ-ի հետ իրենց գործընկերությունը Ռուսաստանի հետ մերձեցման միջոցով, մարել է Ուկրաինայում ռուսական գործողությունների, ինչպես նաև ռուսական զենք գնելու մտադրությունների ֆոնին։ Մեր առաջնահերթությունները փոխվել են, բայց մենք չենք լքում տարածաշրջանը և չենք ազատում Ռուսաստանի և Չինաստանի համար խորշեր»,- գրել էր Սուրեն Սարգսյանը։
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը խոստովանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանում արված լուսանկարներն իրեն հիշեցրել են իր սպիտակ մազերի մասին: «Ես նոստալգիայի մեջ չեմ ընկնում, երբ նայում եմ նախագահ Պուտինի ու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նկարներին։ Քանի որ իմ սպիտակ մազերի մեծ մասը տարիների ընթացքում հայտնվել է ռուսների ու իրանցիների հետ բանակցություններից»,- ասել է Բըրնսը: Բըրնսը նաև կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունը նպատակ ունի վերականգնելու ազդեցության ոլորտները հարևան երկրներում և վերակազմավորելու «Ռուսաստանը որպես հզոր ուժ», բայց չի կարծում, որ դա «կարելի է անել առանց Ուկրաինայի վերահսկողության»:
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ, իհարկե, Ասպենի գագաթնաժողովում Բըրնսի ելույթի շեշտադրումները բացահայտում են նրա գործունեության թիրախները ու հնարավոր ոլորտները։
Ինչ վերաբերում է ելույթի շեշտադրումներին, ապա, ըստ վերլուծաբանի՝ դրանք վերաբերում էին Ռուսաստանին, Իրանին, պատերազմին Ուկրաինայում և Մերձավոր Արևելքին, որտեղ Ռուսաստանն ու Իրանը համագործակցության նոր արմատներ են փորձում գցել։
Այս համագործակցությունը, վերլուծաբանի կարծիքով, չի կարող չանհանգստացնել Միացյալ Նահանգներին, քանի որ, բացի Սիրիայում համագործակցությունը, փորձ կանի ընդլայնելու Աստանայի ձևաչափը, որի արդյունքները խիստ կասկածելի են, սակայն այդ ամենն ունի հստակ հակաամերիկյան բնույթ։ Նա հիշեցրեց, որ այդ համագործակցությունը կարող է տարածվել նաև ուկրաինական ուղղությամբ, թեև այդ կասկածներն իրանական կողմը որոշ հայտարարություններով չեզոքացրեց։
«Փաստերով խոսելու կարիք չկա, սակայն մի քանի օր առաջ Թեհրանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հատկապես Իրանն ու Ռուսաստանը ցույց տվեցին իրենց շփման այդ կենտրոնական նպատակը՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ։ Սա ենթադրում է, որ Հարավային Կովկասում ազդեցության համար պայքարի նոր փուլ է լինելու այս թևի ու Արևմուտքի միջև։ Բըրնսի այցը տարածաշրջան ու Հայաստան՝ ՌԴ-ի գործընկեր, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ երկիր, ցույց է տալիս, որ ազդեցության նոր գոտիներ գծագրելու գործընթաց է գնալու և դեռ հայտնի չէ, թե ինչ նոր սահմաններ են լինելու, քանի որ դեռ ամեն ինչ նոր է սկսվում։ Իրանը Հարավային Կովկասում նոր հայտեր է ներկայացնում, Զանգեզուրի ճանապարհի վերաբերյալ դիրքորոշումներ է հայտնում, զուգահեռ՝ կա Մերձավոր Արևելքում թուրք-իրանական ուժերի միջև սրացումներ, սրանք գործընթացների նոր փուլեր են։ Ուստի Բըրնսի այցը, ինչո՞ւ նաև չհիշել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի այցը Հարավային Կովկաս, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ռեգիոնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցության խորացման դեմ պայքարելու համար»,- ասաց վերլուծաբանը։
Նա դժվարացավ ասել՝ արդյո՞ք Բըրնսը Երևանում կամ Հարավային Կովկասում էր ռուսական կողմի հետ կոմունիկացիաների նպատակով։
«Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Բըրսնի այցը լիովին տրամաբանական ու տեղին է։ Եվ համաձայն եմ, որ Ասպենի ժողովում արած նրա շեշտադրումներն իսկապես կողմնորոշիչ են, ցույց են տալիս նրա գործունեության ուղղությունները և, ի վերջո, նա Ռուսաստանի, Իրանի հարցերով մասնագետ է, որը կատարում է ոչ միայն հետախույզի գործառույթներ։
Այդ այցը նպատակ ուներ նաև կանխել ռուս-իրանական մերձավորարևելյան «ընդլայնումը» դեպի Հարավային Կովկաս, կառավարել ԱՄՆ-ի համար այդ կողմից եկող սպառնալիքները»,- նկատեց նա։