ԱՄՆ-ում հայ լոբբիստների շնորհիվ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ազգային անվտանգության հատկացումների ակտում 4 հայամետ լրացումներ է ընդունել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու օրերի ընթացքում ընդունել է 2023 ֆիսկալ տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտում չորս հայամետ լրացումներ` ի շնորհիվ ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ աշխատանքի։
1) Համար 121 լրացումը, որն ընդունվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հուլիսի 13-ին, առաջադրվել էր դեմոկրատ կոնգրեսմեններ Թոնի Քարդենասի և Բրեդ Շերմանի կողմից։
Լրացումով ԱՄՆ Պետդեպարտամենտից և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է ներկայացնել զեկույց, որտեղ մանրամասն կներկայացվի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից օգտագործված թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան արտադրության մասերի օգտագործումը, Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների կիրառումը Արցախի դեմ, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարազգի ահաբեկիչների հավաքագրումը 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ։
2) Համար 611 լրացումը, որն ընդունվեց հուլիսի 14-ին, առաջադրվել էր ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի կողմից։ Այս լրացումով Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին։
3) Համար 337 լրացումը՝ ներկայացված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերի կողմից, ընդունվել է հուլիսի 14-ին։ Այս լրացումով նախատեսվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համագործակցելով պետք է
ա) փաստաթղթավորի Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի շրջանցման բոլոր պահանջների դիտարկման մանրամասները,
բ) զեկուցի այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող ռազմական օգնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը,
գ) գնահատի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառումը կամ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը 2020թ. նոյեմբերի 11-ից մինչև սույն ակտի ուժի մեջ մտնելը։
4) Համար 399 լրացումը՝ ներկայացված դեմոկրատ կոնգրեսմեններ Ֆրենկ Փալոնի, Քրիս Փափասի և հանրապետական Գաս Բիլիրակիսի կողմից, ևս ընդունվել է հուլիսի 14-ին։ Լրացմամբ նախատեսվում է սահմանափակել Թուրքիային F-16-երի կամ F-16-երի մոդերնիզացման սարքերի վաճառքն ու տրամադրումը։
Armenian Center for American Studies