Բաժիններ՝

Ունենք 10,3 տոկոս գնաճ՝ ԿԲ-ն անպայման գնաճը բերելու է 4 տոկոս թիրախին Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, երբ  Հայաստանում դրամական մեծ ներհոսք կա՝ նկատվում է մասնավոր հատվածի աշխատավարձի բարձրացում։

«Մենք այս տարվա ընթացքում մասնավոր հատվածի աշխատավարձերի մոտավորապես 18 տոկոս աճ ունենք, սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտով, հատկապես՝ IT ընկերությունների կողմից աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են։ Միևնույն ժամանակ ունենք գործազրկության նվազման երևույթ»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները քննարկման  ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ինչ վերաբերում է գրանցված գնաճին և դրա հետ կապված մտահոգություններին, Մարտին Գալստյանն ասաց՝ Հայաստանում սկսել են աճել ապրանքների և ծառայությունների գներ, որոնք երբևէ չեն աճել։ Օրինակ, վերջին 10 տարիների ընթացքում վարսավիրական ծառայությունների գների աճ գրեթե չի եղել, սակայն այժմ նկատում են նմանօրինակ ծառայությունների գների աճ։

«Որպես կանոն, գնաճի ֆենոմենը հետևյալն էր լինում, մենք ունենում էինք որոշակի ապրանքներ, որոնք մեծ աճ էին ունենում, օրինակ՝ հացը, ձեթը, որոնք ունեին մեծ տեսակարար կշիռ, բնականաբար, գնաճի վրա էական ազդեցություն էին ունենում։ Հիմա մենք այս ֆենոմենը տեսնելուց զատ, որ հացը, ձեթը թանկանում են ու ազդեցություն են ունենում, տեսնում ենք մի ֆենոմեն, որ շատ ապրանքներ ամսական ունեն 1 տոկոսը գերազանցող աճ։ Մեր սպառողական զանգվածի մոտավորապես կեսն աճում է, որովհետև մեր գնահատմամբ՝ Հայաստանն այսօր գտնվում է  բումի մեջ, մեր արտադրողական հզորությունը չի բավարարում այն պահանջարկը, որը կա։

Ահա այստեղ ԿԲ-ն անելիքներ ունի, քանի որ, եթե միայն առաջարկով լիներ գնաճը, ապա մենք մեզ զուսպ կպահեինք, բայց քանի որ առաջանում է նաև պահանջարկի ֆենոմենը, և մենք զգում ենք, որ հնարավոր է գնաճային սպասումների ապախարսխման երևույթներ լինեն։ Այսօրվա մեր տոկոսադրույքը 9,25 տոկոս է, այսօր ունենք 10,3 տոկոս գնաճ»,- շեշտեց Մարտին Գալստյանը։

Նա նաև ընդգծեց, որ ավիափոխադրումների գները նույնպես շատ մեծ աճ ունեն։

ԿԲ նախագահը նաև պատգամավորներին հորդորեց, որպեսզի հանրության մեջ սերմանեն այն մտայնությունն ու մոտեցումը, որ ԿԲ-ն անպայման գնաճը բերելու է 4 տոկոս թիրախին՝ առանց ԿԲ միջամտության Հայաստանում գնաճն ինքն իրեն չի վերանալու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս