«Մինչև 2023 թիվն ուսուցիչն ինչպե՞ս ապրի իր աղքատավարձով, կասե՞ք. 1-ին կարգի դասվարը ստանում է 91.000 դրամ». ուսուցիչը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների մասնագիտական չափանիշների և դրա հետ փոխկապված՝ տարակարգի շնորհման նոր կարգի նախագծերը։ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է սահմանել ուսուցչի չորս բնութագիր՝ դասավանդող ուսուցիչ, ավագ ուսուցիչ, վերապատրաստող ուսուցիչ, հետազոտող ուսուցիչ։ Ըստ այդմ, կշնորհվեն նաև տարակարգերը։
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին» նախագծում նշվում է, որ մինչ այժմ հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն եղել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները, իսկ նոր համակարգը հաշվի է առել ուսուցիչների կատարելագործման համակարգի բարեփոխման առկա անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանությունը կրթության պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ այս պահին ընթացքի մեջ գտնվող ավելի լայն բարեփոխումների հետ։ Այն միտված է հզորացնելու ուսուցիչներին և օգնելու նրանց՝ ստանձնել պատասխանատվություն սեփական ընթացիկ մասնագիտական զարգացման համար, և հնարավորություններ ընձեռել նրանց՝ բարեփոխումների իրականացման համար։
Նշվում է, որ հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգային փոփոխությունների ընթացքը։ Ոլորտում հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ բարձրակարգ ուսուցչական կազմ և ժամանակի պահանջներին համապատասխանող, աշակերտների սովորելու ցանկությանը խթանող բովանդակություն։ Եթե կրթական համակարգը չունենա բարձրակարգ մանկավարժական կազմ և որակյալ ուսումնական բովանդակություն, ապա հասարակությունն իր կրթական պահանջմունքները բավարարելու է դպրոցից դուրս, իսկ վերջինս դառնալու է ձևական և անարդյունավետ հաստատություն։
Ներկայում ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման գործող համակարգերը բավարար չեն՝ համակարգում ստեղծարար և նորարար ուսուցչական գործունեությունը խթանելու, երիտասարդներին ներգրավելու համար։
Պարզաբանվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումները հիմք են հանդիսանալու ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու համար։ Տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին»:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է նախագծին՝ մեկնաբանելով ուսուցչի մասնագիտական չափանիշների ու տարակարգի նոր կարգի տրամաբանությունը։
Նա ընդգծել է, որ ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է չորս ոլորտ՝ առարկայի իմացություն․ դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ:
Սովորողին ցուցաբերվող աջակցություն․ ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում: Յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվել են մասնագիտական գործունեության ձևեր, օրինակ, դասավանդման մեթոդամանկավարժական կարողությունների համար դրանք հետևյալն են. դասընթացների և դասերի պլանավորում, դասի վարում, ՏՀՏ-ի ինտեգրում, 21-րդ դարի հմտությունների խթանում և ռեսուրսների կառավարում։
Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։ Օրինակ՝ դասընթացների և դասերի պլանավորման համար.
ա․ ուսուցիչը կարողանում է մշակել իր դասավանդած ուսումնական առարկայի թեմատիկ պլանը՝ հստակ սահմանելով ուսումնական նյութի յուրացման, կարողությունների զարգացման և գնահատման համար անհրաժեշտ ժամաքանակը՝ հանրակրթության պետական չափորոշչի, առարկայի չափորոշչի, առարկայի ծրագրի պահանջներին, ուսումնական պլանով առարկային հատկացված ժամաքանակին և գնահատման մեթոդաբանությանը համապատասխան:
բ․ ուսուցիչը կարողանում է կազմել առանձին դասերի պլաններ՝ հստակ նշելով դասի նպատակը, վերջնարդյունքները, խնդիրները և մեթոդները, յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ենթադրող գործողությունները, որոնք կնպաստեն սովորողների արդյունավետ ուսումնառությանն ու զարգացմանը:
ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով, նման կարողունակություններ են սահմանվել մյուս բոլոր մասնագիտական գործունեության ձևերի համար։
Սահմանվել է, որ ըստ ոլորտների և մասնագիտական գործունեության ձևերի կարողունակությունների մակարդակի՝ ուսուցչի չորս բնութագիր ենք առանձնացնում. դասավանդող ուսուցիչ, որի պարագայում հիմնական ակնկալիքը «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում է. պետք է բավարարել այս ուղղությամբ նշված մասնագիտական գործունեության ձևերի առնվազն 70 տոկոսին։ Ավագ ուսուցիչ, որի պարագայում ակնկալիքը շարունակում է մնալ «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» դաշտում. առնվազն 80 տոկոսի չափով։ Վերապատրաստող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարելու պայման կա։
Հետազոտող ուսուցիչ, որի պարագայում «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարելու պայման կա»։
Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում էլ շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այս մոտեցումների վրա աշխատել են շուրջ մեկուկես տարի՝ Բրիտանական խորհրդի աջակցությամբ։ Մասնագիտական զարգացման հայեցակարգի մշակմանը ներգրավված է եղել նաև տեղական փորձագիտական թիմ՝ կազմված մասնագիտացված կառույցների, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներից, կրթության փորձագետներից։
«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» քաղաքացի Էդիթ Պողոսյանն առաջարկել է բաշխել նախագծում առկա մասնագիտական չափորոշիչները ըստ հետևյալ կլաստերների՝ մասնագիտական գիտելիք, մասնագիտական պրակտիկա և մասնագիտական ներգրավվածություն։ Նրա դիտարկմամբ՝ չափորոշիչների սահմանումներն ըստ ուսուցիչների տարակարգերի՝ կօգնեն խուսափել խճճված և բարդեցված ընկալումներից և նախագծի հանրային քննարկումներն ավելի առարկայական դարձնել։ Այլապես, նրա խոսքով, հասկանալի չէ, թե, օրինակ, սկսնակ/նորավարտ ուսուցիչն ինչպե՞ս պետք է պրակտիկորեն մասնակցի և աջակցի կրթական քաղաքականության մասնագիտական քննարկումներին։ Նրա առաջարկն ընդունվել է ի գիտություն:
Ի դեպ, օրերս ԿԳՄՍ փոխնախարարը, խոսքն ուղղելով դասվարներին՝ շեշտել է, որ նոր չափորոշիչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ՝ ներկայում գործող 22-ի փոխարեն։
«Միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ՝ ներկայում գործող 22-ի փոխարեն։
Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ժաննա Անդրեասյանը:
Ուսուցիչ Ռուզան Մարաբյանը քննարկման նույն հարթակում հարցրել է. «Դեռ 2022-2023 ուստարին չսկսած, խոսում ենք 2023-2024-ից։ Իսկ այս ուսումնական տարվանից դասվարների համար ոչ մի դրական փոփոխություն չկա՞», ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանել է. «Տավուշի մարզում արդեն իսկ այս ձևով է հաշվարկվում փորձարկվող դասարանների համար։ Սա նոր չափորոշչի, ոչ միավորային գնահատմանն անցնելու հետ էապես կապված փոփոխություն է, որն այդ տրամաբանությամբ էլ արվում է»:
Մեկ այլ ուսուցիչ՝ Կարմեն Վիրաբյանը, հարց է բարձրացրել. «Իսկ մինչև 2023 թիվն ուսուցիչն ինչպե՞ս ապրի իր աղքատավարձով, կասե՞ք։ Շարունակ աշխատող 1-ին կարգի դասվարն ստանում է 91 հազար դրամ աշխատավարձ, որից 11000-ը կարգի դիմաց է ստանում։ Ես կարծում եմ՝ անհապաղ պետք է առայժմ գոնե կրկնապատկվի ուսուցչի աղքատավարձը` առանց նախապայմանների և հենց այս սեպտեմբերից»:
ԿԳՄՍ փոխնախարարն արձագանքել է. «Մյուս տարվանից դասվարները կարող են մասնակցել կամավոր ատեստավորման և 200000 դրամ դրույքաչափի ու դրա վրա հաշվարկվող հավելավճարի մեխանիզմից օգտվել, տարակարգի հնարավորությունը նույնպես կա»: