Այդքան իմունիտետի հետ խաղ անել չի կարելի. կորոնավիրուսի վիճակը Հայաստանում

Եվրոպայում COVID-19 դեպքերի հանկարծակի աճ կա՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ Եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։

Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։

Ըստ գնահատականների` պատճառը սահմանափակումների թուլացումն է և ամառային արձակուրդներին ճամփորդությունների աճը։

«Դեղերի եվրոպական գործակալությունը» նախօրեին հայտարարել է, որ տարեցների շրջանում վարակի փոխանցման աճը սկսում է վերածվել ծանր հիվանդացության` կոչ անելով 60-79 տարեկաններին ստանալ խթանիչ դեղաչափը, իսկ 80 տարեկանից մեծերին` երկրորդ խթանիչը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հուլիսի 4-10-ի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք:

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ինչպես գրիպը չի վերացել, այնպես էլ կորոնավիրուսը չի վերանալու:

«Ընթացքում միշտ լինելու է մարդկանց պոպուլյացիայի մեջ: Ի վերջո, ինչ-որ մի ժամանակ, եթե կողքից չակտիվացնեն, անցնելու է, գնա դասվի բոլոր այն կորոնավիրուսների շարքին, որոնց մենք չենք նկատում: Կամ սուր շնչառական ինֆեկցիաների նման կլինի, երբ մարդիկ տարվա մեջ հիվանդանում են, բայց չգիտեն՝ գրի՞պ է, կորոնավիրո՞ւս, թե՞ այլ բան»,- մեզ հետ զրույցում նշեց համաճարակաբանը՝ ընդգծելով, որ ինչքան վիրուսը մուտացիայի ենթարկվի, այնքան կթուլանա կենսունակությունը:

«Հիմա, քանի որ իր վրա ազդեցություն են գործում՝ պատվաստանյութերով կամ այլ ազդեցություն կարող է լինել, կարող է ձեռք բերել ինչ-որ այլ հատկանիշներ, որոնք բնական ճանապարհով դժվար ձեռք բերեր, ասենք՝ դառնա ավելի հեշտ փոխանցվող: Ամեն դեպքում, որպես կանոն, պետք է գնա դեպի թեթևացում»,- հավելեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Հետաքրքրվեցինք, արդյո՞ք ուսումնասիրություններ կատարվում են մեզ մոտ, թե կորոնավիրուսը առողջական ի՞նչ խնդիրներ է առաջացրել մարդու մոտ՝ լինի վահանաձև գեղձի, սիրտ-անոթային, թե այլ բնույթի: Համաճարակաբանը հարցին պատասխանեց. «Դա բարդ գործընթաց է, պահանջվում է որոշակի ենթակառուցվածք, ֆինանսավորում: Դա կարող են անել, օրինակ, մեծ կլինիկաները, համալսարանը, իսկ անհատ հետազոտողների դեպքում դժվար է, վստահելի արդյունք չես կարող ստանալ: Հետևաբար՝ դա պետք է լինի պետական պատվեր: Մի քանի ամիս առաջ ռուսները հետազոտում էին, թե բնակչության քանի՞ տոկոսն ունի հիվանդացած լինելու և պատվաստումային հակամարմիններ: Մինչև հիմա այդ հետազոտության արդյունքները չկան: Եթե պարզվեր, որ մոտ 80-90 տոկոսը հիվանդացել, ապաքինվել է և հակամարմին ունի, էլ արդեն չեն կարողանալու պատվաստումը քարոզել»:

Դիտարկմանը, որ Եվրոպայում 60-79 տարեկաններին հորդորում են ստանալ խթանիչ դեղաչափը, Էդուարդ Հովհաննիսյանը նկատեց. «Հիմա Իսրայելը կամ այլ երկրներում 5-6 անգամ պատվաստվել են, իրենց մոտ ալիք չի բարձրանո՞ւմ: Այնտեղ ավելի հեշտ է բարձանում: Ինչքան շատ ես պատվաստվում, այնքան շատ է իմունիտետը թուլանում: Այդքան իմունիտետի հետ խաղ անել չի կարելի. մեկ անգամ արեցիք՝ հասկացանք»:

Տեսանյութեր

Լրահոս