Բաժիններ՝

Ճոպանուղիները, կարուսելները փորձաքննություն են անցել. ի՞նչ է պարզվել

Վերջին տարիներին հաճախ են արձանագրվում արտադրական վտանգավոր օբյեկտները տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով շահագործելու հետ կապված քաղաքացիների կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու դեպքեր: Այս մասին հուլիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ, օրինակ, Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի հարևանությամբ 2019թ. սեպտեմբերին և «Երազ» այգում 2022թ. ապրիլին արձանագրվել են տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներով միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիների շահագործման դեպքեր, որոնց հետևանքով 2 քաղաքացի ստացել է ծանր վնասվածք, իսկ մեկ քաղաքացի մահացել է: Նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Նման դեպքեր արձանագրվել են նաև դրանից առաջ:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանից փորձեցինք ճշտել, թե Տեսչական մարմինը շրջե՞լ է հանրապետության մանկական ժամանցային վայրերում և ուսումնասիրել գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակն ու շահագործման թույլտվությունները, ի՞նչ թերություններ են հայտնաբերվել, վերջինը հայտնեց, որ շրջայցի ընթացքում Երևանում խախտումներ չեն արձանագրվել, սակայն մարզերում կան խաղային ատրակցիոններ, որոնք չեն շահագործվում կամ կապարակնքված են:

«Խաղային ատրակցիոնների դիտարկում-ուսումնասիրությունն իրականացվել է մայիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում՝ ամբողջ Հանրապետության տարածքում: Տվյալներն ամփոփվել են մեկ ամսվա ընթացքում, ըստ այդմ, Հանրապետության 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում, տեխնիկական անվտանգության փորձաքննություն է ստացել տեխնիկական վտանգավոր օբյեկտ հանդիսացող թվով 138 կարուսել, որից շահագործման դրական եզրակացություն է ստացել 113-ը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 7 խաղային ատրակցիոն կոնսերվացված է, 18-ն առհասարակ չի շահագործվում:

Միայն Երևանում դրական եզրակացություն ստացել է 68 խաղային ատրակցիոն: Օրինակ՝ Կոտայքում ատրակցիոն կա, որ կապարակնքված է շուրջ 3 տարի, կիսաքանդ վիճակում է և շահագործման համար ոչ պիտանի»,- մեզ հետ զրույցում ասաց Ելենա Զոհրաբյանը:

Նա նշեց՝ արտադրական վտանգավոր օբյեկտները փորձաքննության են ենթարկվում տարվա մեջ առնվազն մեկ անգամ, սակայն «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով կան արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող առանձին օբյեկտներ, որոնց վտանգավորության աստիճանից ելնելով ու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հնարավոր է, որ տվյալ օբյեկտը տարվա մեջ կարող է մի քանի անգամ փորձաքննություն անցնի:

Ե․ Զոհրաբյանի խոսքով, եթե Տեսչական մարմինը խնդիր է հայտնաբերում, ապա տնտեսվարողին տալիս է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելման կարգադրագիր ու խնդիրը շտկելու հստակ ժամանակացույց: Եթե պահանջները կատարվում են, խախտումը՝ վերացվում, արգելքը հանվում է:

Հարցին՝ եթե փորձաքննություն չի իրականացվել, ապա տնտեսվարողին որքա՞ն տուգանք է հասնում, ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը տեղեկացրեց, որ տուգանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 միլիոն ՀՀ դրամի չափով: Իսկ եթե անցկացնում է փորձաքննություն, սակայն չի գրանցում Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, ապա կրկին 1 միլիոն դրամի տուգանք է նշանակվում: Ավելին, եթե Տեսչական մարմինը պարզի, որ փորձաքննություն չի կատարվել, ուղղակի տվյալներ են մուտքագրվել ռեեստր, նորից տուգանվում է 1 միլիոն դրամով:

Ինչ վերաբերում է միաճոպան կախովի մարդատար ճոպանուղիներին, ապա դրանց ստուգումը, Ելենա Զոհրաբյանի փոխանցմամբ, ընթացքի մեջ է:

Անդրադառնալով հարցին՝ եթե քաղաքացին որևէ թերություն նկատի, կարո՞ղ է դիմել Տեսչական մարմին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը դրական արձագանքեց՝ ընդգծելով, որ քաղաքացու դիմումից հետո կարող են արտահերթ գնալ, ստուգել փաստաթղթերը:

«Երբ նայում ենք վիճակագրությունը, խնդիրը հիմնականում անվտանգության կանոնները չպահպանելն է եղել: 2019թ. Գյումրիում դեպք եղավ, երբ երեխան ընկել էր կարուսելից, հետաքննությունը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել անվտանգության կանոնները չպահելու հետևանքով․ երեխան շղթան արձակել էր, այսինքն՝ տեխնիկական անվտանգության խնդիր չէր: Հարցին, թե անվտանգության պահպանման ցուցանակների տեղադրումը պարտադի՞ր պահանջ է, նա նշեց, որ անվտանգության պահպանման նշված պահանջներն արդեն պետք է ապահովի շահագործողը և յուրաքանչյուր նստեցումից առաջ իրականացնի բացատրական, իրազեկման աշխատանքներ, այս իմաստով դա տեխնիկական անվտանգության վերահսկողության մեջ չի մտնում։ Պետք է լինեն նաև պարտադիր ցուցանակներ, որտեղ նշված կլինի անվտանգության պահանջները»,- եզրափակեց Ելենա Զոհրաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս