Պետք չէ վարչապետն ինքն իրեն այդքան էժան ծախի, որ վերցնի հեռախոսը և զանգի Էրդողանին․ Հարութ Սասունյան
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում փորձագիտական տարբեր շրջանակներ շրջադարձային են համարում Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցը՝ այն դիտարկելով հայ-թուրքական դիալոգի նոր խթան։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ կառավարության տարածած հաղոդրագրության՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Երկու երկրների ղեկավարները նաև ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն։
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, սակայն, վստահեցնում է՝ Փաշինյանի հեռախոսազրույցը հերթական սխալն է։
«Ընդհանրապես, պետության ղեկավարները միմյանց շնորհավորում են երկրի անկախության օրվա առթիվ և ոչ թե մուսուլմանական մի տոնի, և եթե լիներ Թուրքիայի Անկախության օրը, Թուրքիան էլ շնորհավորեր ՀՀ անկախության օրը, հասկանալի կլիներ հեռախոսազանգն իբրև պրոտոկոլ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հարութ Սասունյանը, ապա ուշադրություն հրավիրեց նաև հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունները դեռ չեն հասել որևէ հանգրվանի, որպեսզի տեղի ունենան հեռախոսազրույցներ, հետևաբար՝ «պետք չէ, որ վարչապետն ինքն իրեն այդքան էժան ծախի, որ վերցնի հեռախոսը և զանգի Էրդողանին»։
Ըստ սփյուռքահայ գործչի՝ Փաշինյանը, ինչպես այս դեպքում, միանձնյա որոշումներ է կայացնում, և դրանք հաճախ խիստ հակասում են միմյանց․ որպես ասվածի ապացույց՝ նա հիշեցրեց մինչ պատերազմը Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և պատերազմից հետո արդեն Արցախին վերաբերող նրա որոշումները։
«Այս մարդն ամբողջ կյանքը հակաարցախյան է եղել, բայց երբ պաշտոնի եկավ, և տեսավ՝ իրեն ձեռնտու է Ղարաբաղի կողքին կանգնել և իրեն ներկայացնել իբրև հայրենասեր, գնաց Արցախ և ասեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Նա հայտարարել էր նաև, որ հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախը պետք է ներկայացուցիչ ունենա, հետո արդեն, երբ պատերազմը պարտվեց, ստորագրեց փաստաթուղթ՝ հանձնելով Արցախի հողերը՝ այն հողերը, որոնք Հայաստանին և Փաշինյանին չէին պատկանում, այլ Արցախի կառավարությանը, Արցախի ժողովրդին։ Դա Սահմանադրության լուրջ խախտում է, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։ Մարդիկ ասում են՝ պատերազմը կորցրեցինք, հողերը կորցրեցինք, բայց հողերի մի մասը պատերազմով չկորցրեցինք, այլ Փաշինյանը նվիրեց Ալիևին։
Ասում են՝ ստորագրել են զինադադար․ աշխարհի պատմության մեջ չի եղել Փաշինյանի զինադադարի նման զինադադարի մի օրինակ։ Զինադադար նշանակում է, որ երկու կողմերը որտեղ հասել են պատերազմի ընթացքում, այդտեղ կանգնում են, բայց այդպես չեղավ․ կանգնելուց հետո հսկայական հողատարածք Փաշինյանը նվեր տվեց Ալիևին։ Դա ի՞նչ տեսակ զինադադար է»,- զարմանքով արձանագրեց Հարութ Սասունյանը։
Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է հայ-թուրքական այս բանակցությունների այլընտրանքը, ամերիկահայ հանրային գործիչն ի պատասխան՝ պարզաբանեց․ «Ես դեմ չեմ բանակցելուն, բայց այստեղ մի շատ կարևոր պայման կա՝ բանակցողը պետք է իմանա, թե ինքն ինչ է անում, պետք է լինի փորձառու դիվանագետ։
Ռուբեն Ռուբինյանն այս հարցի վերաբերյալ որևէ գաղափար չունի և քանի որ Փաշինյանի կուսակցության անդամ է՝ նշանակվել է որպես ՀՀ ներկայացուցիչ։ Այդ մարդը չգիտի դիվանագիտության նրբությունները՝ մինչդեռ նրա դիմաց նստել է մի շատ փորձառու թուրք դիվանագետ, որն ավելի երկար տարիների փորձառություն ունի, քան Ռուբեն Ռուբինյանի ապրած կյանքն է։ Երբ այս երկու մարդիկ խոսում են, ես դա նմանեցնում եմ մի գայլի և գառան զրույցի, և պարզ է, թե ինչ է լինելու վերջում։
Անընդհատ շեշտում են, թե բանակցում են առանց նախապայմանների, բայց եթե ցանկանում են առանց նախապայմանների սահմանը բացել, խնդրեմ՝ Էրդողանը կարող է մի հրահանգ ստորագրել, և մի ժամից այն կբացվի․ սահմանը փակողը Թուրքիան է եղել, և ոչ թե՝ Հայաստանը։ Ես վախենում եմ, որ մեր ժողովրդին չեն բացահայտում, թե իրականում ինչ է խոսվում, թե ինչ պայմանների շուրջ պետք է համաձայնվեն, որովհետև ուրիշ խոսելիք չկա, սահման բացելը մի ժամվա գործ է․ սահմանի մասին չէ այդ նյութը»։
Ի դեպ, Հարութ Սասունյանը կարծում է, որ Վիեննայում որպես ձեռքբերում ներկայացված վերջին պայմանավորվածությունները, այն է՝ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու, երրորդ երկրների քաղաքացիներին ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալը, իրականում սնամեջ են և Թուրքիայի կողմից միջազգային հանրության մոտ քաղաքակիրթ պետության տպավորություն թողնելու հերթական փորձ.
«Նախքան Վիեննայի հանդիպումը, երբ Ռուբեն Ռուբինյանը խոսեց, դա էլ մի խայտառակություն էր, որովհետև նա բացահայտեց շատ հուսահատ մի դրվագ՝ նկատելով, որ Հայաստանը պատրաստ է համաձայնությունների, բայց Թուրքիան դժկամ է։ Շատ ոչ դիվանագիտական խոսք ասաց, ինչը զարմանալի չէ, քանի որ մարդը դիվանագետ չէ։ Այդ խոսքից մի քանի հետո գնացին Վիեննա և շատ հպարտորեն հայտարարեցին աշխարհի առաջ, որ մենք համաձայնվեցինք, որ երրորդ երկրների քաղաքացիները կարողանան սահմանը հատել, բեռնափոխադրումներ անել․ սա լրիվ մի անիմաստ հայտարարություն էր, որովհետև երկու երկրները բանակցում են, որ սահմանը բացեն, և քաղաքացիները կարողանան անցել սահմանը։ Դա ի՞նչ տեսակի համաձայնություն է, որ երկու երկրների քաղաքացիները չեն կարող սահմանը հատել, բայց երրորդ երկրների քաղաքացիները կարող են։ Դա ոչ մի արժեք չունի, և միակ պատճառը, որ նման բան մտածեցին, թուրքական խորամանկ քայլն է, թե նայեք՝ մենք արդեն առաջադիմություն ունենք»:
Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները Թուրքիան միակողմանիորեն փակել է 1993 թվականին: Оդային սահմանը վերաբացվեց 1995 թվականին։
Անցած շաբաթ Վիեննայում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների՝ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումից հետո, Երևանն ու Անկարան հայտարարեցին, թե պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար, մեկնարկել ուղիղ օդային բեռնափոխադրումները և սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Հիշեցնենք՝ Վիեննայում Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումից մեկ օր առաջ այդ բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր․ «Հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից»։