
ԱՄՆ-ի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների գործընկերությունում զգալի առաջընթաց կա

Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարների ներկայությունը Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին գագաթնաժողովում արտացոլում է անվտանգության բնագավառում «զգալի առաջընթացն» ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների գործընկերությունում:
Հուլիսի 12-ին Reuters գործակալությանը տված հարցազույցում այս կարծիքն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բինկենի ավագ քաղաքական խորհրդական Դերեք Շոլլեն:
Նրա խոսքով՝ այդ գործընկերության ընդլայնումը նպատակաուղղված է Չինաստանի հակազդմանը:
«Ես կարծում եմ, որ ամենանշանակալից առաջընթացներից մեկը, որը մենք տեսել ենք վերջին տասնամյակում, հարաբերությունների զարգացումն է մեր անդրատլանտյան գործընկերների եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրանում մեր գործընկերների միջեւ»,- ասել է դիվանագետը:
Նրա տեսակետով՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ղեկավարների մասնակցությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի վերջերս ընդունված ռազմավարական հայեցակարգը, որտեղ Չինաստանն առաջին անգամ հիշատակվում է որպես անհանգստության աղբյուր, «այն բանի սկիզբն են, ինչը կարող է դառնալ շատ սերտ համագործակցություն»:
«Մենք շատ բան կարող ենք անել միասին, լինեն դրանք զորավարժություններ թե փոխգործակցություն այնպիսի հարցերում, ինչպիսին գլոբալ առողջապահությունն է»,- կարծում է Շոլլեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: