Հարավային Կովկասում հնարավոր են կարճատև սադրանքներ․ Եվսեև

Ուկրաինայում Ռուսաստան-Արևմուտք պատերազմական իրավիճակին զուգահեռ՝  Հարավային Կովկասն իր ավանդական չկարգավորված հակամարտություններով ապրում է ոչ պակաս մարտահրավերային շրջափուլ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն, և, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։

Հունիսի 27-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակում տրված հարցազրույցում նա ասել է, որ մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։ «Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար»,- ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, Միրզոյանն ասել է՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու իր պատրաստակամությունը, բայց այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել։

Նա վերահաստատել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, որ Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ «Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»,- ասել է Միրզոյանը։ ‌

Վերջին մեկ ամսվա ընթացքում հատկապես Ադղրբեջանի իշխանությունները ոչ միայն կոշտացրել են իրենց հռետորաբանությունը՝ ուղղված Հայաստանին, այլև հաղորդում են սահմանին հայկական կողմի սադրանքների մասին։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։ Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երեկ երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են Քելբաջարի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 7-ին էլ հայկական կողմն էր հաղորդել, որ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել:

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, իհարկե, որևէ նորություն ու անակնկալ չկա նրանում, որ Ադրբեջանը միջազգային ցանկացած իրարանցումից կփորձի ռեգիոնում իր համար օգուտներ քաղել և լուծել դեռևս չլուծված վերջին հարցերը կամ օգտագործել ստեղծված լարված միջազգային իրադրությունը՝ ռազմական ճնշումներով բանակցություններն արագացնելու, որոշումներ պարտադրելու համար։ Սա, նրա որակմամբ, Ադրբեջանի դեպքում հայտնի գործելակերպ է։

«Եվ, այո, չեն բացառվում իրավիճակի լոկալ ոչ երկարատև լարումներ, ինչո՞ւ ոչ՝ երկարատև, քանի որ վստահաբար կարծում եմ, որ ռուսական դիվանագիտությունն այս դեպքում ակտիվ կգործի և չի ցանկանա իր սահմանների մոտ ևս մեկ կիսապատերազմական կամ պատերազմական ճակատ կամ օջախ։ Միևնույն ժամանակ փորձը նաև ցույց է տալիս, որ ռուսական դիվանագիտության հաշվարկները միշտ չէ, որ ճշգրիտ են գործում, Ռուսաստանն այս փուլում Հարավային Կովկասում բավականին հանգիստ քաղաքականություն է վարում, առավելապես չստեղծելով իր համար հավելյալ խնդիրներ ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի հետ։ Դեռ հայտնի էլ չէ, թե ռուսական հետագա քաղաքականությունն ինչպիսին կլինի, ռուսական քաղաքագիտական միտքն այս հարցով շատ հակասական տեսլականներ ունի։ Այնուամենայնիվ, Հարավային Կովկասում չլուծված խնդիրների ֆոնին հնարավոր են սադրանքներ, դա չի կարելի բացառել»,- ասաց Եվսեևը։

Ըստ նրա՝ լավ է, որ Հայաստանում հնչում են նման գնահատականներ, սակայն հարց է՝ կա՞ն արդյոք դրանից բխող համապատասխան հետևություններ ու քայլեր։

Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, խնդիր է, որ Հայաստանը, գտնվելով անվտանգային նման բարդ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, չի խորշել ինչ-որ առումով հայ-ռուսական հարաբերություններում վստահության մակարդակը նվազեցնելուց, ինչը կարող է ունենալ իր ուղիղ հետևանքները ՀՀ անվտանգության վրա, քանի որ, չնայած տարբեր կարծիքներին՝ անվտանգության երաշխավորը, եռակողմ համաձայնությունների միջնորդը Ռուսաստանն է։

«Ռուսաստանը, որի դեմ աշխատում է ողջ Արևմուտքը, ժամանակ առ ժամանակ՝ Թուրքիան, Ադրբեջանն ու այլ երկրներ։ Հայաստանում ևս միանշանակ քաղաքականություն չի եղել։ Սա, իհարկե, նվազեցնում է իրավիճակներին արձագանքելու ՌԴ կարողություններն ու ցանկությունները, ստիպելով կենտրոնանալ միմիայն ուկրաինական ճակատի վրա, որը միայն մեկ ճակատ չէ, բացվել են բազմաթիվ ճակատներ Ռուսաստանի դեմ, և ՌԴ-ն զբաղվում է դրանք փակելով, դրանց հակազդելով։ Ուստի Հարավային Կովկասում խաղաղությունը, իհարկե, փխրուն է, սադրանքներ հնարավոր են, դրանից պետք է փորձեն խուսափել, այդ թվում՝ Ռուսաստանը»,- ասաց վերլուծաբանը՝ կրկին եզրակացնելով, որ հնարավոր են կարճատև սադրանքներ՝ տեղում առկա չկարգավորված վերջին խնդիրների լուծման համար։

Նրա կարծիքով, աշխարհաքաղաքական զսպման մեխանիզմներն այսօր շատ ավելի պակաս են թվում, բայց նաև անկանխատեսելի, քանի որ աշխարհաքաղաքական մրցակցությունը շատ մեծ է ու լարված։

Տեսանյութեր

Լրահոս