«Մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը երևի շեղվել ու ընկել է մեքենայի վրա». Ելփինի գյուղապետ

Պաշտպանության նախարարությունը հուլիսի 7-ին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր։

168.amի հետ զրույցում Ելփին գյուղի ղեկավար Անդրանիկ Աղախանյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չկա։

«Գյուղում ամեն ինչ նորմալ է, խուճապ չկա։ Դեպքը որ պատահել է, գյուղից վերև է՝ Երևան եկող ճանապարհի կողքին հաց ուտելու օբյեկտ կա, դրա կողքին քաղաքացիական ավտոմեքենա է կանգնած եղել, փամփուշտն այդ մեքենայի վրա է ընկել։ Այսինքն՝ կոնկրետ այդ հատվածը դիտարկվող տեղ չէ, մեր գյուղը դիտարկվող չէ, ուղղակի փամփուշտը, պատահաբար, երևի շեղվել է ու ընկել մեքենայի վրա»,-  նշեց Անդրանիկ Աղախանյանը։

Ըստ Ելփինի գյուղապետի, բնակիչները կրակոցներից խուճապի չեն ենթարկվել, այս պահին էլ անցել են իրենց առօրյա աշխատանքին։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին թշնամին կրկին կրակ էր արձակել Վայոց Ձորի ուղղությամբ, թիրախը եղել էր Խաչիկ գյուղը։

Տեսանյութեր

Լրահոս