Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Հայաստանի կառավարությունը պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողությունը վերապահեց էկոպարեկային ծառայությանը։ Համապատասխան նախագիծը հաստատվել է կառավարության հուլիսի 16-ի նիստում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։

Ներկայում այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող կազմակերպությունները։

Նախագծով էկոպարեկային ծառայությունը հրդեհավտանգ ժամանակաշրջանում պետական անտառների առավել վտանգավոր հատվածներում պետք է մշտական հսկողություն և հերթապահություն սահմանի։

Ծառայությունը հնարավորություն կունենա սահմանափակելու մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը պետական անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների առանձին հատվածներ։

Էկոպարեկները պետք է նաև անտառներում աշխատող անձանց, կազմակերպությունների աշխատակիցների, զբոսաշրջիկների, բնակիչների և դպրոցականների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնեն՝ կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհները մարելու վերաբերյալ։

Առավել հրդեհավտանգ անտառային ճանապարհների երկայնքով կտեղադրվեն հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ նախազգուշացնող ցուցանակներ։

Էկոպարեկային ծառայությունը կհսկի նաև, թե պետական անտառներում անտառային տնտեսության վարման հետ չկապված գործունեություն իրականացնող անձինք և կազմակերպություններն ինչպես են պահպանում հակահրդեհային կանոնները։

Հրդեհի բռնկման դեպքում ծառայությունը պարտավոր կլինի անհապաղ տեղեկացնել Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնակցել հրդեհի մարման աշխատանքներին։

Յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը էկոպարեկային ծառայությունը պետք է մշակի և Փրկարար ծառայության համաձայնեցմանը ներկայացնի հրդեհների արձագանքման պլանը։

Պլանում պետք է նախատեսվեն հրդեհների մարմանը բնակչության ներգրավման, տեխնիկայի և տրանսպորտային միջոցների տրամադրման, պահեստային վառելիքի առանձնացման, ինչպես նաև ներգրավված անձանց սննդով, խմելու ջրով և անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությամբ ապահովելու պայմանները։

Միաժամանակ, անտառատնտեսությունները և բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ները պարտավոր կլինեն կառուցել հակահրդեհային մեկուսիչ գոտիներ, ճանապարհներ, հանքայնացված պաշտպանական շերտեր և ջրավազաններ։

Նրանք պետք է անտառները մաքրեն թափված փայտանյութից ու դյուրավառ նյութերից, ինչպես նաև ստեղծեն կրակ վառելու և աղբ հավաքելու համար կահավորված հանգստի վայրեր։

Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031