Թուրքերը մտնում են «սպասման գործընթացի» մեջ, մինչև հայկական կողմը կգնա վերջնական զիջումների. թուրքագետ
Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունների համաձայն` երկու ուղղությամբ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ: Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը: Ձեռնտո՞ւ են արդյոք այս պայմանավորվածությունները Հայաստանի համար:
Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործում է ու ներկայանում, իբրև կառուցողական է, այնինչ չի ընդառաջում հայկական կողմի կոնկրետ առաջարկներին։ Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմն առաջարկել էր սահմանը բացել դիվանագիտական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների համար, ինչը, սակայն, Թուրքիան մերժել է: Սա չի՞ նշանակում, որ Թուրքիան իրականում շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ չէ դրանք կարգավորել առանց նախապայմանների։ 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այս առնչությամբ նշեց․
«Սրանով փորձ է արվում այդ անձեռնմխելի սահմանը, որը շուրջ 30 տարի կարծրացած փակ սահման էր, ինչ-որ կերպ աշխուժացնել կամ նախապատրաստել վերջնական բացմանը: Այն սահմանը, որը, թվում էր՝ անանցանելի է, հիմա, թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների համար, հնարավոր է՝ բացվի, և վիզուալ տեղի բնակիչներին կարող են սովորեցնել, որ այդ սահմանը սկսել է շնչել, սկսել է աշխատել: Սահմանի հետ կապված ռիսկերը, կարծում եմ, լավ հաշվարկված չեն: Թե ովքե՞ր են այդ երրորդ երկրի քաղաքացիները, ո՞ր երկրներից են, ի՞նչ քաղաքացիներ են, և արդյո՞ք նրանց էստեղով անցնել, գնալ-գալը ինչ ռիսկեր է բերելու Հայաստանի համար, և արդյո՞ք Հայաստանի անվտանգային կառույցները կարողանալու են այդ ռիսկերը չեզոքացնել:
Սա միջանցքային տրամաբանության շարունակություն է, և Հայաստանը ոչ միայն Մեղրիի ճանապարհով, այլ փաստորեն հայ-թուրքական սահմանով շարունակում է Թուրքիայի և Ադրբեջանի համար ընկալվել որպես միջանցք, որտեղով կարող են երրորդ երկրների քաղաքացիներն անցնել, իսկ Հայաստանի քաղաքացիները պետք է հպարտությամբ նայեն, թե ինչպես են երրորդ երկրների քաղաքացիները հատում իրենց սահմանը: Նրանք կարող են Սիրիայից փախստականներ լինել, արևելյան մյուս երկրներից ահաբեկչական խմբավորումներից լինել: Այսինքն՝ նոր անվտանգային բեռ է ավելանում Հայաստանի վրա, որպեսզի կարողանա այդ փխրուն սահմանն այնպես վերահսկել, որ տարատեսակ անձինք, տարատեսակ կառույցների ներկայացուցիչներ այդ սահմանը չհատեն: Այս ամենի արդյունքում ինչո՞վ է օգտվելու Հայաստանը, ո՞րն է Հայաստանի շահը, դժվարանում եմ ասել»:
Նրա խոսքով, սա Հայաստանին ուղղված դրական ժեստ չէ: Դրական կլիներ, եթե սահմանը բացվեր նաև Հայաստանի՝ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար: Բայց, փաստորեն, այդ զիջումն էլ արված չէ, և այստեղ պրոհայկական ինչ-որ բան փնտրելը շատ դժվար է և մեկ անգամ ևս վերահաստատում է թուրքական հմուտ դիվանագիտությունը, որ թուրքերը լիովին չեն դադարեցնում պրոցեսը, մտնում են «սպասման գործընթացի» մեջ, այդ ընթացքում ինչ-որ քայլեր են անում, որից իրենց շահերը չեն տուժում, և սպասում են, մինչև հայկական կողմը կգնա վերջնական զիջումների և կանի իրենց պահանջները: Բայց այդ ընթացքում հայկական ներքին լսարանի համար, ենթադրում եմ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով, հայտարարում են, որ պրոցեսն ընթանում է առանց նախապայմանների: Եթե առանց նախապայմանների է, ու եթե սահմանը բացվում է երրորդ երկրների, այդ թվում՝ կասկածելի քաղաքացիների համար, ապա կարելի էր շատ հանգիստ, որպես բարի կամքի դրսևորում՝ սահմանը բացել դիվանագետների և այդ նույն բանագնացների համար, որպեսզի ցույց տային, որ սա ինչ-որ դրական քայլ է։ Բայց դրա բացակայությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանին ստիպել իր նախապայմանները, և դրական հայտարարությունները չեն համապատասխանում Թուրքիայի իրական քայլերին ու նպատակներին:
«Նախապայմաններից կարևորն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններն են, որոնք դեռևս թուրքանպաստ լուծում չեն ստացել, այս պայմանավորվածությունը ես համարում եմ ոչ թե կոնկրետ արդյունք, այլ ինչ-որ արդյունք ցույց տալու իմիտացիա: Ուրախանալու հիմք չունենք: Պրոֆեսիոնալ դիվանագետների մոտ դառը ժպիտ է առաջացնում այն հայտարարությունը, որ Թուրքիան մեզ հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել առանց նախապայմանների: Ավելի ակնհայտ նախապայմաններ, քան դրված է հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում, երբևէ չեն եղել: Էրդողանի հայտարարությունները, որ մինչև չստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, Արցախը չճանաչվի Ադրբեջանի մաս, որևէ քայլ չենք անելու, նախապայմաններ չե՞ն»,- հարցնում է թուրքագետը:
Ինչ վերաբերում է պայմանավորվածությունների երկրորդ մասին, ըստ որի՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում պետք է մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը, ապա տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում դա մեզ համար շատ խնդրահարույց է, որովհետև արտահանելի ապրանքի տեսանկյունից Հայաստանը Թուրքիայի հետ որևէ կերպ մրցակից չէ: Եթե լինեինք փոխլրացնող տնտեսություններ, կարելի էր ենթադրել, որ ինչ-որ բան կարտահանեինք, ինչ-որ բան կներմուծեինք: Բայց այն, ինչը մեզ համար արտահանելի է, իսկ դա հիմնականում գյուղատնտեսական արտադրանքն է, հանքարդյունաբերությունը, տեքստիլը՝ որոշակի քանակությամբ, Թուրքիայի հետ մրցակցել չենք կարող:
«Ուղիղ օդային բեռնափոխադրումների պարագայում ենթադրել, որ Հայաստանից ինչ-որ բան դուրս կգա թուրքական շուկա, կամ թուրքական շուկայի միջոցով կվերաարտահանվի այլ շուկաներ, այնքան էլ խելամիտ չէ, բայց հակառակը՝ թուրքական ապրանքները շատ ավելի մեծ հոսքերով կհայտնվեն հայկական շուկայում: Եթե տարիներ ի վեր առանց պայմանավորվածության թուրքական ապրանքները վնասել են մեր տեղական արտադրությանը, ապա օդային բեռնափոխադրումների պարագայում գործ կունենանք անգամներով ավելի մեծ ծավալի հետ։ Հետևաբար՝ մեր տնտեսությունը ոչ միայն ուղղակի հարված է կրելու, այլև նույն գյուղմթերքը, ջերմոցային արտադրությունը կհայտնվեն գոյության խնդրի առաջ: Այնպես որ՝ պայմանավորվածությունների այդ մասով որևէ լուսավոր բան չեմ տեսնում»,- արձանագրեց տնտեսագետը:
Նրա խոսքով, նման գործընթացից առաջ պետք է հիմնավոր պատրաստվել, ունենալ բարձր հովանավորչական քաղաքականություն, սեփական տնտեսվարողներին կարողանալ արդյունավետ մեխանիզմներով պաշտպանել: Մենք դրա վերաբերյալ հանրային մակարդակում ոչինչ չենք տեսնում, սակայն կարող ենք վստահ լինել, որ նման պրոցես չկա, որովհետև մինչ այդ թուրքական ապրանքների 1 տարի տևող էմբարգոյի ընթացքում պետությունը չկարողացավ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ էմբարգոն հանելուց հետո նույն գործընթացը տեղի չունենա:
«Այն, ինչ տարիներ ի վեր կատարվել է հայկական շուկայում զարտուղի ճանապարհներով, հիմա, հատկապես օդային բեռնափոխադրումների պարագայում, անգամներով կավելանա: Որոշ ոլորտներին վերջնական հարված հասցնելն ընդամենն ամիսների խնդիր կդառնա»,- եզրափակեց Լիլիա Ամիրխանյանը:
Աննա Դեմիրճյան