Միշելը փորձում է փրկե՞լ բրյուսելյան հարթակը. ինչո՞ւ է ԵԽ նախագահը զանգահարել Ալիևին
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփումների տապալման և ռուս-ադրբեջանական կոնտակտների ինտենսիվացման ֆոնին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Մի շարք ԶԼՄ-ների համաձայն՝ զրույցի ընթացքում Շառլ Միշելն ընդգծել է Եվրամիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։
Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։
Նշելով Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ եռակողմ հանդիպումները և այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման ու սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացման շուրջ բանակցությունները կհանգեն իրական արդյունքների։ Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները հստակեցրել են, զանգի նախաձեռնողը եվրոպական կողմն է:
Փաշինյան-Միշել հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սակայն հաշվի առնելով ԵՄ տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները, նման հեռախոսազրույց սպասելի է, սակայն ուշագրավ է հատկապես, որ առաջինը կայացել է Միշել-Ալիև հեռախոսազրույց, որի նպատակն ամենայն հավանականությամբ բրյուսելյան գործընթացին նոր թափ հաղորդելն է ու կողմերի միջև շփումների խոչընդոտների վերացումը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել ՀՀ ԱԳ նախարարության` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման առաջարկը: Նրանք հանդիպման ընթացքում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերեին խաղաղության պայմանագրի և հետագա ընթացքի վերաբերյալ։ «Տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից առաջարկ է եղել Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որպեսզի տեղի ունենա այդ գերատեսչությունների ղեկավարների հանդիպում։ Արդեն առնվազն 1 դեպք ունենք, որ Ադրբեջանը բոյկոտել է և չի ներգրավվել աշխատանքներին»,- նշել էր Փաշինյանը։ Բացի գործընթացը տապալելու փորձերից, Ադրբեջանը խստացրել է հռետորաբանությունը և ամեն օր հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին իբրև թե հայկական կողմի կրակահերթերի մասին:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ եվրոպական կողմը պետք է փորձի պահպանել բանակցային գործընթացը, որը սկսվել է Բրյուսելում և որն ունի մի շարք հակառակորդներ: Դրանցից գլխավորը, ըստ նրա, Մոսկվան է, որը, ի հակադրություն Բրյուսելի, պետք է փորձի Երևանին ու Բաքվին քաշել դեպի Մոսկվա՝ բանակցությունների, քանի որ բարձրաստիճան վերջին բոլոր հանդիպումները կայացել են Բրյուսելում:
Նա նշեց, որ ընտրությունը՝ առաջինը զանգել այս կամ այն կողմին, նշանակում է, որ Բրյուսելը որոշ հարցեր ունի հստակեցնելու առաջին հերթին Բաքվի հետ, և ոչ՝ Երևանի:
«Ինչպես երևում է, և՛ բովանդակային, և՛ կազմակերպչական որոշ խնդիրներ կան, որոնց հետևանքով այն գործընթացը, որը կար մեկ ամիս առաջ, դանդաղել է: Այս վտանգները հասկանալով՝ անսպասելի չէ նաև այն, որ եվրոպական կողմը պետք է փորձի՝ ինչպես չկորցնել գործընթացը, այնպես էլ՝ առաջ մղել, ստանալ արդյունքներ, անշրջելի դարձնելով դրանում արևմտյան ներկայությունն ու մասնակցությունը: Ցավոք, դրանց կառավարման տեսանկյունից տարածաշրջանային հակամարտություններն այսօր դարձել են աշխարհաքաղաքական բացառիկ սուր մրցակցության թիրախ: Ընթանում է կոնկրետ, բաց պայքար միջնորդական ջանքերի համար: Մյուս հարթությունն այն է, որ և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի մասնակցությամբ գործընթացն ունի իր բարդությունները, կողմերը հակադրվում են միմյանց, մերժում ինչ-ինչ որոշումներ, հանդիպումներ, գործընթացը դանդաղում է, որից փորձում է օգտվել մյուս կողմը՝ փորձելով այդ հարցերում խորացնել նաև կողմերի միջև տարաձայնությունները՝ ընդգծելու համար մյուս միջնորդի ապակառուցողականությունը: Մենք գործ չունենք ստատիկ իրավիճակի հետ և դեռ չենք կարող ասել, թե որ մայրաքաղաքում կկարգավորվեն տարածաշրջանային հարցերը: Այդ ամենը կախված է աշխարհաքաղաքական լուծումներից, որոնք, ցավոք, շուտ չեն լինելու, և այդ ընթացքում այս պայքարում ո՞ր միջնորդը կհաղթի, կողմերը ո՞ւր կհասնեն այդ բանակցություններում՝ ևս չափազանց բարդ է ասելը, քանի որ անորոշության բաղադրիչն էական է, անընդհատ վերադիրքավորումներ են, այդ գործընթացը տեղի է ունենում անընդհատ:
Սա, իհարկե, սրում է բոլոր վտանգավոր սցենարների հավանականությունները․ գոնե արտաքին միջնորդները, որոնք դրան դեմ են, պետք է աշխատեն դրանք թույլ չտալու համար»,- ասաց վերլուծաբանը:
168.am-ի հետը զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, թե առաջին հայացքից էլ տեսանելի է, որ ինչ-որ բան խոչընդոտում է կողմերին ունենալ այն ինտենսիվ գործակցությունը, որը կար մարտ-ապրիլ-մայիս ամիսներին:
«Գլոբալ առումով դա ուկրաինական պատերազմի ստեղծած հետևանքներն են աշխարհի, նաև Հարավային Կովկասի վրա: Որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան իրենց հարցերը լուծել այնպես, ինչպես կանեին անցյալ տարի կամ այս պատերազմից առաջ, գործընթացը հայտնվել է գեոպոլիտիկ փոթորկի մեջ: Մոսկվայի ձեռքում խաղաթղթեր կան ծանրակշիռ՝ տարածաշրջանային ապաշրջափակման բանակցությունները, որոնցում կան արդյունքներ, պայմանավորվածություններ, ինչպես նաև խաղաղապահները: Փորձ արվեց գործընթացի մյուս հատվածները դուրս բերել Մոսկվայի ազդեցությունից, դեռ հստակ չի երևում՝ հաջողվե՞լ է արդյոք դա, թե՞ ոչ: Ավելին՝ այս ամենն ուսումնասիրող վերլուծաբանները նկատում են, որ կա լարում կողմերի միջև, ինչը վատ է, և բանակցային գործընթացում կա դանդաղկոտություն: Միշել-Ալիև զրույցն ընդհանուր առմամբ այս ամենի շուրջ է եղել։ Նախագահը, կարծում եմ, կապ կհաստատի նաև հայկական կողմի հետ, կփորձի նոր հանդիպման պայմանավորվածություններ կորզել, քանի որ նման դադարները դրական չեն բանակցային գործընթացի համար, և առավել ևս՝ Բրյուսելի համար, քանի որ հանդիպումները հեշտությամբ կարող են տեղափոխվել Մոսկվա»,- ասաց նա: