ՄԽ համանախագահության շրջանակներում ձեռք բերված ժառանգության կորուստը հանգեցնելու է հայկական կողմի բանակցային դիրքերի ավելի թուլացմանը. Դերենիկ Խաչատրյան
Մինչև վերջերս հայ-ռուսական պաշտոնական շփումներում, համենայնդեպս, ըստ տարածվող հաղորդագրությունների, քննարկվում էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ակտիվացման թեման: Տարածաշրջանն իր ազդեցության գոտուց դուրս չթողնելու համար Ռուսաստանը տարբեր ձևաչափերով և հարցերի տարբեր շրջանակներով, այնուամենայնիվ, պարբերաբար հիշեցնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:
Սակայն այս տարվա ապրիլին Հայաստանի արտգործնախարարի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունն ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ:
«Ես չգիտեմ՝ հետագա ինչ ճակատագիր է ունենալու այդ միջնորդական խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ՝ ձգտելով չեղարկել ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան խնդրի և, ընդհանուր առմամբ՝ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է»,- նշել է Լավրովը՝ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան:
Հունիսի վերջին տարածաշրջանային այցի շրջանակներում Սերգեյ Լավրովն այցելեց Երևան և Բաքու: Ռուսաստանի արտգործնախարարը Բաքվում պնդել էր, որ բանակցային այդ ձևաչափն այլևս գոյություն չունի: «Այն առաջարկները, որոնք եղել են և որոնք երկար տարիներ քննարկվել են՝ առանց տեսանելի արդյունքների, կորցրել են իրենց այժմեականությունը։ Տեղի ունեցած իրադարձությունները հետևում են թողել այդ փաստաթղթերը, դա ուղղակի օբյեկտիվ իրականություն է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Թեմայի շուրջ 168.am-ը զրույցել է «Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի հետ:
– Պարոն Խաչատրյան, վերջին շրջանում կտրուկ փոխվել է Ռուսաստանի հռետորաբանությունը: Ի՞նչն է պատճառը:
– Լավրովի հայտարարությունը նորություն չէր: Ըստ էության և Լավրովը, և Մարիա Զախարովան անդրադարձել էին այդ թեմային և նշել ՄԽ անգործունյա վիճակի մասին, թեև Հայաստանի ներկայիս իշխանությունները դա ամեն կերպ փորձում էին ժխտել: Սակայն դրա մասին է փաստում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բուն գործունեությունը: Վերջին անգամ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել նախորդ տարվա դեկտեմբերին: Լավրովի վերջին հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների և ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում շատ բաներ այլևս կախված չեն Հայաստանի գործելակերպից, և Լավրովի ուղերձները հիմնականում ուղղված էին ոչ թե Հայաստանին, այլ հավաքական Արևմուտքին: Սակայն դրանում մեծ դեր ունի ոչ միայն աշխարհաքաղաքական օրակարգը, այլև հայկական կողմի վարած քաղաքականությունը:
– ՄԽ համանախագահությունն ամրագրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ապահովի Մադրիդյան 3 հիմնարար սկզբունքների իրացումը, որոնցից մեկն էլ ինքնորոշման իրավունքն է: Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է ազատվել այս ձևաչափից, որպեսզի ազատվի նաև ինքնորոշման սկզբունքից: Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ փաստացի կրկնում է Ալիևի դիրքորոշումը:
– Մադրիդյան սկզբունքներն ու ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ձևավորված ժառանգությունը մնացել են պատերազմից առաջ: Դրա համար եղել է 2 կոմպոնենտ՝ աշխարհաքաղաքական և հայկական կողմի վարած քաղաքականության: Մի կողմից՝ աշխարհաքաղաքական իրավիճակն է դասավորվել այնպես, որ գործող կառուցակարգերի հետագա գործունեությունը դարձել է բավականին խոցելի, և շատ դժվար էր դրանք պահպանել, մյուս կողմից էլ՝ դրան նպաստել են հայկական կողմի գործողություններն ու քայլերը:
Պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բավականին բալանսավորված տեսակետներ կային հակամարտության հետագա ընթացքի, կարգավորման բովանդակության վերաբերյալ, պահպանվել էին այն հիմնական ուղեգծերը, որոնք նախանշվել էին տասնամյակների գործունեության արդյունքում: Սակայն հետագայում, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հասցեին քննադատությունները, թե Մադրիդյան սկզբունքների խեղաթյուրումը և դրանց վերաբերյալ հակասական հայտարարությունները, ինչպես նաև միջազգային լարվածության խորացումը հանգեցրեց նրան, որ բանակցային ժառանգությունը կորցրեց իր ակտուալությունը:
– Լավրովը Բաքվում նաև պնդել է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր գործընթացներ են սկսվել՝ հակամարտության հետևանքները վերացնելու ուղղությամբ, և հատուկ շեշտել է, որ այդ գործընթացների հիմքում եռակողմ հայտարարություններն են՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև։ Կարելի՞ է ասել, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահության պասիվացումից շահում է հենց Ռուսաստանը՝ դառնալով Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման միակ միջնորդը:
– Միանշանակ չի կարելի ասել, թե գեոպոլիտիկ ուժերից այս իրավիճակում ով է շահած դուրս գալիս: Դա ավելի բազմակոմպոնենտ մրցակցություն ու իրավիճակ է: Միանշանակ է, որ շահած դուրս չի գալիս Հայաստանը, և միանշանակ է, որ շահած է դուրս գալիս Ադրբեջանը: Այն միտումը, որ նկատվեց պատերազմից հետո, երբ որոշակի ակտիվացավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, և հույս կար, որ նախկին կառուցակարգերն ու ձևաչափերը հնարավոր կլինի վերականգնել, աստիճանաբար գնաց դեպի անկում: Եթե պատերազմից հետո առաջին հայտարարություններում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշում էին Մադրիդյան սկզբունքների հիման վրա չլուծված հարցերի հետագա կարգավորման մասին, ապա 2021-ի ողջ ընթացքում այդ բառապաշարը դուրս մնաց համանախագահների հայտարարություններից: Մադրիդյան սկզբունքների մասին համանախագահները վերջին անգամ հիշատակել են նախորդ տարվա ապրիլին, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո ընդհանրապես դրանք դուրս մնացին: Սկսեցին անդրադառնալ հումանիտար և ոչ առաջնային նշանակություն ունեցող հարցերին: Մինչ պատերազմը նկատվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիրքերի թուլացմանը միտված գործընթացն ավելի արագացավ պատերազմից հետո:
– Ապրիլին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման համատեղ հայտարարության դրույթներում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերի, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու մասին: Այս մասին օրեր առաջ կայացած առցանց ասուլիսում հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ փաստելով, որ դա արձանագրված է թղթի վրա, իսկ Սերգեյ Լավրովի հայտարարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի մասին գնահատեց՝ որպես տարօրինակ հայտարարություն: Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ այդ փաստի արձանագրումը բավարար չէ՞:
– Մենք կարող ենք մեջբերել շատ ավելի վաղ արված հայտարարությունների օրինակներ, որոնք նույնպես կասկածի տակ չեն դնում ՄԽ գործունեությունը: ՄԽ մանդատը ոչ մի միջազգային կառույց, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, չի չեղարկել: Դա է առաջնային փաստարկը, և պարտադիր չէ հղում անել ՌԴ նախագահի հետ համատեղ հայտարարության վրա: Սակայն հարցն այն է, թե ինչ ունենք այսօր: Ժամանակին փորձագետները պնդում էին, որ ՄԽ ձևաչափը պահպանելու համար պետք է հնարավորինս խուսափել այլ ֆորմատներով Ղարաբաղին և հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող խնդիրների քննարկումից: Սակայն դա անտեսվում էր: 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ականատես եղանք, որ առնվազն երկու անգամ հանդիպում եղավ Ռուսաստանի միջնորդությամբ: Դա իր հերթին՝ նպաստեց, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում անցկացվող բանակցային գործընթացը մղվի երկրորդ պլան: Իսկ այժմ, չնայած բոլոր իրավական ու փաստաթղթային հիմքերին, համանախագահ երկրների ներկայացուցիչներն արդեն հղում են անում ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում՝ մադրիդյան սկզբունքներին, այլ հղում են կատարում ՌԴ միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումներին: Դա գալիս է ոչ թե փաստաթղթային թույլ հիմքերից, այլ մեր վարքագծից, որի արդյունքում մենք ՄԽ ժառանգությունը թողել ենք անցյալում:
– Օրերս ՄԽ ամերիկացի համանախագահը ռուս համանախագահ Իգոր Խովաևին հրավիրել էր Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու, սակայն վերջինս մերժել էր հրավերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կհաշտվե՞ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում լիիրավ միջնորդությունը Ռուսաստանին զիջելու փաստի հետ:
– Դա կախված է մի շարք հանգամանքներից: Սա արդեն բազմակոմպոնենտ աշխարհաքաղաքական գործընթաց է: Ես այն կդիտարկեի ոչ այնքան՝ ԼՂ հակամարտության կոնտեքստում, որքան՝ Ռուսաստան-Արևմուտք մրցակցության կոնտեքստում: Նման հայտարարություններն ընդգծում են հակասությունները, ցույց տալով, որ մեղավոր է հակառակ կողմը, բայց դրանից հակամարտության կարգավորման գործընթացը չի շահում: Համանախագահներից յուրաքանչյուրը փորձում է տվյալ իրավիճակում պաշտպանել սեփական երկրի շահերը և հայ հասարակության մոտ պարզեցնել սեփական դեմքը:
– Ի վերջո, ի՞նչ կկորցնի Հայաստանը, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն այլևս չգործի:
– ՀՀ գործող կառավարության ծրագրում գրված է, որ ԼՂ հակամարտության վերջնանպատակից ելնելով՝ Հայաստանը շարունակելու է բանակցային գործընթացը Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն միաժամանակ Մադրիդյան սկզբունքներն ու ՄԽ շրջանակներում ձեռքբերումները թերագնահատվում ու արժեզրկվում են, ներկայացվում են ադրբեջանանպաստ երանգներով: Եթե Մինսկի խումբն այնուամենայնիվ սկսի գործել, պետք է հասկանալ, արդյո՞ք Հայաստանը կշարունակի հիմք ընդունել Մադրիդյան սկզբունքներն ու ՄԽ ընդունած մյուս փաստաթղթերը: Մեկ բան ակնհայտ է՝ ՄԽ համանախագահության շրջանակներում ձեռք բերված ժառանգության կորուստը հանգեցնելու է հայկական կողմի բանակցային դիրքերի ավելի թուլացմանը:
Աննա Դեմիրճյան