Տեսնում ենք հայ-թուրքական խոսակցություն մանր քայլերի շուրջ, լուրջ գործընթացի նախապատրաստական փուլի երկարաձգում․ վերլուծաբան
Վիեննայում հայ-թուրքական բանակցությունների չորրորդ ռաունդը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, առանց արդյունքների չի անցել։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
«Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների»,- ասված էր հաղորդագրությունում։
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն, գնահատելով տարածաշրջանում տիրող իրավիճակն ու հայ-թուրքական բանակցությունները, այդ թվում՝ վերջին հանդիպումը, արձանագրեց՝ հայ-թուրքական գործընթաց կա, քննարկումները կան, այդ թվում՝ կոնկրետ հարցերի շուրջ։ Սակայն, ըստ նրա, բոլորի համար պարզ է, որ գործընթացը և դրա հիմնական նպատակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, դրա հետևանք՝ սահմանի բացումը, երկարաձգվում է։
«Մենք տեսնում ենք խոսակցություն մանր քայլերի շուրջ, լուրջ գործընթացի, ինչ-որ տեղ, նախապատրաստական փուլի երկարաձգում, քանի որ տարածաշրջանային խնդիրները լուծված չեն, իսկ բոլոր խնդիրների լուծումը փոխպայմանավորված է։ Այս ընթացքում, փաստորեն, հայ-թուրքական գործընթացում երկու նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել՝ հաղորդակցության բացում և ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա։ Նկատվում է հայկական կողմի շահագրգռությունը՝ շուտ ավարտին հասցնել գործընթացը, իսկ Թուրքիան ձգձգում է, սպասում է Ադրբեջանի համաձայնությանը։ Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերը շուտ չեն կարգավորվելու, որոնց համար այսօր, բացի լոկալ խնդիրներից, կան աշխարհաքաղաքական լուրջ պատճառներ ու աշխարհաքաղաքական լարվածության ֆոն։ Աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի դիրքերն են ամրանալու, այդ կենտրոնն ի՞նչ շահեր է ունենալու ու ի՞նչ շահեր է առաջ մղելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղյան հարցում, սրանց պատասխանները ոչ ոք չունի։ Բայց պարզ է նաև, որ այս խորն անկայունության ու ռազմական լարվածության փուլում յուրաքանչյուր երկիր փորձում է իր հարցերը լուծել»,- նշեց Ցինցաձեն։
Նրա խոսքով, ցավոք, այսօր աշխարհում ավելի շատ են ոչ թե խաղաղության, այլ ռազմական օրակարգերը։
«Այս ամենի ֆոնին մեր տարածաշրջանում բոլոր երկրների վիճակը բարդ է, բոլորն ունեն խնդիր՝ վերադիրքավորվելու այնպես, որպեսզի այն երկրներին չկանգնեցնի անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Հայաստանի խնդիրը բավական բարդ է՝ ամեն դեպքում զբաղված ու թուլացող Ռուսաստանի ֆոնին, որը ռազմավարական դաշնակից է։ Ինչպե՞ս հարաբերվել Արևմուտքի ու տարածաշրջանային երկրների հետ, ինչպիսի՞ օրակարգեր առաջ մղել, որոնք կարող են հասնել իրենց նպատակին քիչ կորուստներով՝ սրանք ներկայումս բարդ հարցեր են, այդ բարդ հարցերի առջև կանգնած է Հայաստանը, ինչո՞ւ ոչ՝ նաև Վրաստանը։ Գլխավոր խնդիրը պետք է լինի քիչ կորուստներով նոր պատերազմներից խուսափելը։ Ուստի վերադառնալով հայ-թուրքական թեմային, բանակցությունները թեկուզ փոքր քայլերով ավելի դրական են, քան դրանց իսպառ բացակայությունը։ Պարզապես գնահատելու համար գործընթացը, դրա հնարավոր արդյունքները՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում ռեգիոնի ու բանակցող կողմերի հետ»,- նկատեց նա։