Կփորձենք ազատվել սովետական ժառանգություն ստացած հին սարքավորումներից ու այդ ասոցիացիաներից. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը վստահ է՝ պոլիկլինիկաների միավորումը կբերի որակի բարձրացման, քանի որ ներդրվելու են այնպիսի ծառայություններ, որոնք առկա չեն այս կամ այն պոլիկլինիկայում: Ըստ նրա՝ դա հանգեցնելու է նաև ֆինանսական առողջացման:

«Ֆինանսական առողջացումն էլ հնարավորություն կտա ավելի բարձր աշխատավարձով բժիշկ մասնագետներ ներգրավելու, ծառայություններն ավելի երկարաժամկետ ու շարունակական հունի վրա դնելու համար: Նույն շենքում, նույն վայրում մնալու են, բնակիչն «իր մաշկի վրա» որևէ փոփոխություն չի զգալու. դրանք են՝ «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը, «Նորագավիթ պոլիկլինիկա»-ն, «Նուբարաշեն» պոլիկլինիկա»-ն, Նորք Մարաշի պոլիկլինիկան: Նշված պոլիկլինիկաներն իրենց աշխարհագրական դիրքը պահպանելու են, և նրանց մոտ փոփոխություն, ծառայության տեղափոխում չի քննարկվում: Ընդհակառակը, Նորք Մարաշ վարչական շրջանի պոլիկլինիկան, որը խոշորացումով միացավ «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, կսկսենք կապիտալ վերանորոգման աշխատանքները: Հեագայում ամբոջությամբ կվերազինենք»,- ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետը:

Նրա փոխանցմամբ՝ Լեո փողոցում գտնվող Թիվ 1 պոլիկլինիկայի և Արաբկիրի մանկական պոլիկլինիկաների դեպքում կա քննարկում՝ ծառայությունը տեղափոխել մեկ այլ վայր՝ հաշվի առնելով շենքային պայմանները, աշխարհագրորեն իրար մոտ գտնվելը:

«Քաղաքապետարանի բյուջեով նախատեսում ենք շուրջ 230 մլն դրամի սարքավորումներ և բժշկական պարագաների, պոլիկլինիկաներում մինչև տարեվերջ թվով 8 ռենտգենային սարքերի ձեռքբերում և տեղադրում, ինչի արդյունքում առաջնային օղակում չենք ունենա հին, սովետական միությունից ժառանգված սարքեր, այսինքն, լրիվ ժամանակակից ախտորոշման պայմաններ կստեղծենք: Ձեռք ենք բերելու նաև թվով 8 ուլտրաձայնային սարքավորում: Նաև հրահանգ ենք իջեցրել պոլիկլինիկաներին, որ մինչև տարեվերջ բոլոր չափիչ սարքավորումները՝ ջերմաչափ, ճնշման չափելու սարք, կշեռք, փոխարինվեն թվային նոր ժամանակակից սարքավորումներով, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի սեղմ ժամկետներում սպասարկել: Կփորձենք ազատվել սովետական ժառանգություն ստացած հին սարքավորումներից ու այդ ասոցիացիաներից: Ուզում ենք քաղաքացիների շրջանում շատ կտրուկ վերականգնենք հավատը դեպի Երևանի պոլիկլինիկաներ, որովհետև վերջին տարիներին մասնավոր կենտրոնների բացմանը զուգընթաց՝ քաղաքացիների հոսք կա դեպի մասնավոր կենտրոններ: Հիմա փորձում ենք մտնել մրցակցության մեջ»,- մանրամասնեց Գևորգ Սիմոնյանը:

Փոխքաղաքապետի հավաստմամբ, պոլիկլինիկաների միավորման արդյունքում  բոլորը պահպանելու են իրենց աշխատանքը: Միավորումից հետո ով լավ աշխատանք ցույց կտա՝ կշարունակի աշխատել, եթե ոչ՝ կվերանայեն աշխատանքային հարաբերությունները:

Նա վստահեցնում է՝ վերամիավորման արդյունքում դրույքները կավելանան, կես դրույքը կդառնա 1 դրույք, և ավելի բարձր աշխատավարձ կստանան:

Հիշեցնենք, որ ըստ Երևանի ավագանու որոշման՝ մայրաքաղաքի ենթակայության ներքո գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունները կվերակազմակերպվեն՝ միանալով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը, «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, և «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիանա «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ պոլիկլինիկաները սպասարկում են 10000-25000 բնակչությանը:

Տեսանյութեր

Լրահոս