«Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում. սա տանում է նոր պատերազմի». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ հետպատերազմական ժամանակահատվածում ՀՀ իշխանություններին հաջողվեց խաղաղության օրակարգով հանրությանը խաբել, մոլորեցնել, հետ կանգնեցնել պայքարից, ցույց տալ, որ միայն իրենք են գնում խաղաղության:

«Ավելին, ինչպես պատերազմից հետո, այնպես էլ՝ այսօր, իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է ռևանշիզմի և նոր պատերազմի տանելու մեջ, այնինչ ճիշտ հակառակն է: Ընդդիմությունը և ես՝ ինքս, ասում եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղության պահպանման, ուժերի հավասարակշռությունը դեպի մեզ փոխելու ամենակարևոր գործոնը մարտունակ բանակի և անվտանգության լիարժեք համակարգի կառուցումն է, ինչն այսօրվա Հայաստանում գոյություն չունի: Բայց իշխանությունն օգտագործելով այդ կեղծ թեզերը՝ մարդկանց խաբեց և որոշակի ժամանակ այդ իշխանությունը պահեց: Հիմա ստեղծվել էր մի վիճակ, երբ իշխանությունն իրեն ամուր էր զգում աթոռին և արդեն 2022թ. ապրիլ ամսից սկսեց հայտարարել, որ նոր սպառնալիքներ է տեսնում, ասում է՝ մեզ փորձում են ոչնչացնել, բայց դրա համար պատասխանատվություն չի կրում: Իշխանությունը հարյուր-հազարավոր մարդկանց խաբել է, որ խաղաղություն է բերելու, մարդիկ նրան հայհոյելով՝ գնացել, ընտրել են՝ այդ խաղաղության կեղծ տեխնոլոգիան ընդունելով, բայց այսօր նա ասում է՝ ժողովուրդ ջան, միակողմանի խաղաղություն չի լինում, ես իրականում չեմ կարող ձեզ խաղաղություն երաշխավորել, ավելին, ասում է՝ մեզ ոչնչացնողների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք մտածում էինք»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ երբ այս ամենին զուգորդում ես անվտանգության համակարգում, արտաքին քաղաքականությունում, տնտեսությունում, պետական կառավարման առկա վիճակը, ապա ակնհայտ է, որ իշխանությունը քաղաքացիների համար որևէ բան չի արել:

«Այս տեսանկյունից շատ տարօրինակ է տեսնել, որ այս իշխանությունը շարունակում է աներեսի նման մնալ իշխանության, ավելին՝ պատրաստ է գնալ մեզ համար նոր՝ ցավոտ զիջումների»,- նկատեց Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից առկա է ավելի շատ պատերազմի շանտաժ՝ սեփական ժողովրդի նկատմամբ, քան պատերազմի հավանականություն. «Չնայած՝ որոշակի հարցերի շուրջ կան տարաձայնություններ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատում, բայց գլխավոր սկզբունքային հարցերում, կարծես թե, կա ընդհանուր կոնսենսուս: Իրավիճակը, եթե համեմատենք 2020թ. կամ 2016թ. մարտական գործողություններից առաջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, ապա համեմատելի քիչ բան կա:

Իշխանությունը հետպատերազմյան ժամանակահատվածում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս այնքան զիջումներ է արել Ադրբեջանին, որ այս պայմաններում մի փոքր դժվար է ակնկալել, որ Ադրբեջանը կարճաժամկետ կտրվածքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. Քանի որ առջևում իր և Ադրբեջանի պայմանավորվածությունների համաձայն՝ լինելու են կարգավորումներ, որոնք Ադրբեջանի համար կարգավորում են, իսկ Հայաստանի համար՝ տարածքային զիջումներ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վախեցնում է, թե կարող է պատերազմ լինել, և դրա ներքո փորձում գնալ զիջումների, որպեսզի դրա ներքո մարդիկ մտածեն՝ պատերազմ էր լինելու, դրա համար ստիպված գնաց զիջումների:

Փաշինյանը ժողովրդին շանտաժի է ենթարկում, որ կարողանա դրա տակից դուրս գալ: Թե հանրության մեծ մասը սրան ինչպես կարձագանքի, դա արդեն այլ հարց է, բայց կարող եմ վստահաբար ասել, որ այն երկրները, որոնք անընդհատ գնում են զիջումների, դրանք մի փուլում, զիջումներից բացի, նաև ստանալու են պատերազմ: Այս իշխանության իրական օրակարգը մեր ժողովրդին տանում է նոր փորձությունների և նոր պատերազմի ճանապարհով»:

Հայաստանի իշխանությունները մի կողմից՝ հայտարարում են, որ հնարավոր է՝ նոր պատերազմ սկսվի, մյուս կողմից՝ Հայաստանը չունի Գլխավոր շտաբի պետ, ավելին՝ ուզում են այնպես անել, որ ԳՇ պետը լինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ այն դեպքում, երբ մեր պաշտպանության նախարարն ընդամենը պամության ուսուցիչ է և, մեղմ ասած՝ ռազմական գործի հետ կապ չունի: Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս հասկանալ այս պարադոքսը:

«Եթե վաղը նախագահը հրամանագիր ստորագրի, որով պայմանական Հովիկ Աղազարյանին նշանակեն  ԶՈՒ ԳՇ պետ, ես չեմ զարմանա, որովհետև այս մարդկանց չեն հետաքրքրում համակարգերը, պետությունը կամ պետական անվտանգությունը: Այս մարդիկ եկել են իրենց ներքին խնդիրները լուծելու, անձնական բարեկեցության հարցերը լուծելու, դրանց ճանապարհին իրենց համար կարևոր է, որ նույնիսկ ԶՈւ համակարգը, որը մաքուր զինվորական է, լինի կուսակցական ֆունկցիոներների ուղիղ վերահսկողության տակ: Թե վաղը պաշտպանության նախարար կամ ԳՇ պետ ում կնշանակեն, արդեն այդ համակարգերը ոչնչացված են»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս