Բաժիններ՝

Պետությունը բան ու գործ չունի՝ այս խառը ժամանակ նստել, օդանավակայանի տաքսիների համար լիցենզավորման կարգ է մշակում. Պողոս Օղլուկյան

ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում հաստատվել է օդանավակայանից մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կատարելու լիցենզավորման կարգը։

Կարգի համաձայն` կազմակերպությունը կամ ԱՁ-ն լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացնեն ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի, սեփականության վկայականի պատճենը, ուղեսրահում տեղադրված սակաչափիչի ստուգաչափված լինելու մասին տեղեկանք, ծառայություն մատուցող ավտոմեքենաների լուսանկարները։

Սահմանվել է, որ օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող ավտոմեքենան պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով և «Աերոտաքսի» գրառմամբ ու տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է լիցենզիան վերաբերում միայն օդանավակայանի «մի 50 մեքենայի»:

«Եթե օրենք են հանում, պետք է բոլորին վերաբերի: Վերցնենք՝ կարմիր գծերը: 5-6 տարի կռիվ արեցին, բոլոր տեղերից կարմիր գծերը հանեցին, մենակ կենտրոնը թողեցին: Երևան քաղաքը մենակ կենտրո՞նն է, Կարապի լի՞ճն է Երևան քաղաքը: Մասիվը, Չարբախն էլ է Երևան քաղաք: Իմ վառելիքի, նյարդերի հաշվին ասֆալտը գծել ու փող են հավաքում: 2018 թվականին ասացին, որ ոչ ոք լիցենզիայի համար գումար չվճարի, բայց աշխարհում նման բան չկա: 6-7 տարի առաջ, դեռևս Կարեն Կարապետյանի ժամանակ հանդիպումներից մեկի ժամանակ առաջարկեցի տաքսիների լիցենզավորման գումարը 12.000 դրամի փոխարեն՝ սարքել 6000, ու մինիմումը կհավաքեն 200 միլիոն դրամ:

Նայեք, «Յանդեքսը» կապիկություններով ամիսը 200-250 միլիոն դրամ եկամուտ է ստանում, գնացեք, նայեք՝ ինչքա՞ն հարկ է վճարում պետությանը: Մի քանի տարի առաջ հարց եմ տվել «Յանդեքսի» աշխատողներին՝ լիցենզիա ունե՞ն, պատասխանել են՝ ոչ: Հարցրել եմ՝ հարկ վճարո՞ւմ եք, ասել են՝ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Պողոս Օղլուկյանը:

Նա հիշեցրեց՝ ժամանակին լիցենզիա չունենալու համար 50.000 դրամ տուգանք էին վճարում, ինչի դեմ ինքը ևս արտահայտվել է:

«Տաքսու վարորդն այդ ի՞նչ էր աշխատում, որ 50.000 դրամ վերցնեին: Իսկ հիմա, պետությունը բան ու գործ չունի՝ այս խառը ժամանակ նստել, օդանավակայանի տաքսիների համար լիցենզավորման կարգ է մշակում: Սակայն, եթե օրենք են հանում, պետք է հանեն երկրի համար»,- նշեց նա:

Հավելենք, որ լիցենզավորման նոր կարգի մասին ընդունված որոշումն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի օգոստոսի 9-ից:

Հիշեցնենք, օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար նոր տիպի լիցենզիայի պահանջ սահմանող օրինագիծն ընդունվել էր 2022թ․ հունվարին։ Դրանով լիցենզավորման պետական տուրքը սահմանվել էր տարեկան 200 000 դրամ։

Ընդ որում` այդ գումարը վճարելու են ինչպես 1 մեքենա շահագործողները, այնպես էլ 1-ից ավելի մեքենա ունեցող լիցենզավորված կազմակերպություններն ու ԱՁ-ները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս