«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ երազանքն է, որ լույսը բացվի, իմանա՝ ղարաբաղցիները Ղարաբաղից փախել են․․․»․ Էդգար Ղազարյան

«Ադրբեջանի նախագահն ասում է, որ այս պատերազմը լուծել է Ղարաբաղի խնդիրը։ Իրականում այդպես չէ, իրականում ինքն է այդպես ասում, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի մասին է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին»,- անդրադառնալով Արցախի խնդրին՝ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Որպես օրինակ՝ նա բերեց 1994 թվականին  հրադադարի մասին ստորագրված փաստաթուղթը՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև, ինչը Լեռնային Ղարաբաղի խնդիր չէր լուծել․

«Հրադադարից հետո անցան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին։ Հիմա ի՞նչ տարբերություն 1994 թվի կամ 2020 թվի մեջ։ Այն ժամանակ պարտվող կողմն Ադրբեջանն էր, հիմա ավելի խոցելի վիճակում մենք ենք հայտնվել, բայց Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի՛ լուծվել։

Հիմա՝ հետպատերազմյան շրջանում, Ադրբեջանը փորձում է խաղաղ, առանց պատերազմի, որտեղ կարիք ունի՝ պատերազմով, որովհետև ինքը պատերազմի սահմանափակում չունի, քանի Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, այս խնդիրները տանել լուծման, այսինքն՝ Ղարաբաղի խնդիրը լուծել։ Իսկ դա նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այդ կարգավիճակի մասին մենք այլևս չենք խոսում, ինքը հաստատեց, որ Բրյուսելում վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին այլևս չբարձրաձայնեն, և Բրյուսելում պայմանավորվեցին ստեղծել սահմանազատման հանձնաժողով։ Նպատակը հետևյալն է՝ սահմանի այն հատվածը, որը վերաբերում էր Գորիսի Տեղ գյուղին, այդ հատվածից սահմանը հստակեցնեին, ադրբեջանցիներն այնտեղ սահմանային ուղեկալ դնեին ու փակեին ճանապարհը։ Բայց ռուսները դրան դեմ եղան, որովհետև այնտեղ ռուսական խաղաղապահ ուժեր են տեղակայված և թույլ չտվեցին, որպեսզի Մոսկվայում կայանա հանձնաժողովների համատեղ նիստ։

Չնայած բրյուսելյան պայմանավորվածության հաջորդ օրը և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ալիևը ստեղծեցին այդ հանձնաժողովները, 24-ին Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը Երասխում հանդիպեցին, որոշեցին, որ եկող շաբաթ պետք է Մոսկվայում հանդիպեն, բայց Մոսկվան չհյուրընկալեց հանձնաժողովներին, միայն ասաց՝ Մհեր և Շահին, երկուսով կգաք, կնստեք իմ Օվերչուկի կողքը՝  միայն տրանսպորտային ապաշրջափակման հարցերով, այսինքն՝ այդ եղանակով Արցախն Ադրբեջանին հանձնելու մեխանիզմը չլուծվեց․․․»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։

Էդգար Ղազարյանն ասաց նաև, որ Ադրբեջանն այլ ծրագիր է մշակել՝ կառուցում է նոր ճանապարհ, որն անցնում է ոչ թե Լաչինի միջանցքով, ոչ թե Տեղ գյուղով, Բերձոր քաղաքով դեպի Ստեփանակերտ, այլ Կոռնիձորի ուղղությամբ, ադրբեջանական վերահսկվող տարածքներով, որը դուրս է Լաչինի միջանցքի 5 կիլոմետրանոց գոտուց․

«Ադրբեջանն է կառուցում այդ ճանապարհը, ասում է՝ եկեք տեղափոխվենք այս ճանապարհ, որպեսզի ինքը Տեղ գյուղից փակի դեպի Արցախ գնացող ճանապարհը, Լաչին քաղաքը, որը 90-ական թվականներից՝ ազատագրումից հետո եղել է հույսի ճանապարհ, կյանքի ճանապարհ, փրկության և հաղթանակի ճանապարհ, փակեն այդ ճանապարհը, մեզ տանեն, այսպես կոչված՝ այլընտրանքային ճանապարհով՝ ժամանակավոր, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով, և ցանկացած պահի Ադրբեջանը փակելու է նաև այդ ճանապարհը, և մենք կորցնենք կապն Արցախի հետ․․․»։

Էդգար Ղազարյանը շեշտեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետի պարբերություններց մեկը, որտեղ հստակ նշված է ՝ «Կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար»։

Ղազարյանն ասաց, որ նոր ճանապարհի հիմքում դնում են հենց այս դրույթը, բայց այնտեղ կա մի կարևոր հանգամանք․

«Նախ ասում է՝ կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ եթե կողմերից մեկը Հայաստանն է, և ինքը համաձայնություն չի տալիս նոր ճանապարհի նախագծին, այդ նախագիծը չի կայանում, և շարունակում է գործել այն ճանապարհը, այն միջանցքը, որն ի սկզբանե հաստատվել է։ Իսկ եթե հիմա այդ ճանապարհը կառուցում են և մտածում են այնտեղ տեղափոխվելու մասին, նշանակում է՝ և՛ Նիկոլ Փաշինյանը և՛ Նիկոլ Հարությունյանը (ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը.- Է․Ղ․) տվել են իրենց համաձայնությունը՝ դուրս գալ Լաչինի միջանցքից։

Ո՞րն է ամենավտանգավոր կետը։ Նոյեմբերի 9-ի 6-րդ կետի մյուս պարբերությունն ասում է՝

«Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների՝ տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը 2 ուղղություններով։ Այսինքն՝ իր պարտավորությունները վերաբերում են միայն Լաչինի միջանցքին, այլ ոչ թե Լաչինի միջանցքից դուրս այլ ճանապարհներին։ Հետևաբար՝ այդ ճանապարհների վրա ինքը որևէ երաշխիքներ չի կարող տալ, բացի նրանից, որ չի կարող տալ, ինքն իրավունքներ է ունենալու դրա նկատմամբ․․․

Այդ ճանապարհն ադրբեջանցիները կառուցում են ոչ թե շրջանցող ճանապարհ Լաչինի համար, այլ իրենք իրենց համար ճանապարհ, որպեսզի հետո այդ ճանապարհով՝ Սյունիքի տարածքով, գնան Նախիջևան։ Հիմա երեք փոխվարչապետներ այդ հարցն են քննարկում, թե ինչ երթուղիներով պետք է անցնեն ավտոմոբիլային ճանապարհները, որոնք Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է կապեն Նախիջևանի հետ․․․

Երկաթուղու տեղն անփոփոխելի է, դա Մեղրին է, այնտեղով է անցնելու երկաթուղին, իսկ ավտոմոբիլային ճանապարհների աշխարհագրորեն ռեալ 2 հնարավորություն կա։ Մեկը՝ Քարվաճառով, Ջերմուկով, Խնձորուտ,  Նախիջևան, երկրորդը հենց այս ճանապարհն է՝ Ղարաբաղի հարավային հատվածով, Կոռնիձորով, Սիսիանի տարածքով գնա դեպի Նախիջևան։

Ծրագրի փրկության միայն մի ձև գոյություն ունի, որ Հայաստանը հրաժարվի այդ երկրորդ ճանապարհի գաղափարն ընդհանրապես քննարկելուց և շարունակի պահպանել գոյություն ունեցող ճանապարհը, որովհետև դա Հայաստանն Արցախի հետ կապող միակ թելն է․․․»։

Էդգար Ղազարյանի կարծիքով՝ իր բարձրաձայնած վտանգները կարող են իրականանալ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին․

«Եթե իրենք հուլիսի 1-ին այնտեղ դնեն ադրբեջանական դրոշ, մի հատ պիկապ, ուղղակի ցույց տան, որ իրենք արդեն Բերձոր քաղաքում են, ինչը պատճառ կհանդիսանա Բերձոր քաղաքը հայաթափելու համար։ Եթե սեպտեմբերին այդ ճանապարհն ասֆալտ անեն, այնքան, որ երթևեկելի լինի, Բերձորի ճանապարհը միանգամից փակվելու է, ռուսները վերադասավորվելու են նոր ճանապարհին, այնտեղ կմնա լրիվ անպաշտպան․ այսինքն՝ Լաչինի միջանցք հասկացությունն արանքից դուրս է գալիս․․․

Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ երազանքն է, որ լույսը բացվի, իմանա՝ ղարաբաղցիները Ղարաբաղից փախել են․․․»

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս