Երևանում տեղի ունեցավ «Դիստանցիոն» մոնտաժի արքա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան
27 տարիների կինոստեղծագործական դադարից հետո, համաշխարհային կինոյի կենդանի լեգենդ Արտավազդ Փելեշյանը նոր ֆիլմ է նկարահանել՝ բնության մասին, մարդկությանը հիշեցնելով, որ իրեն չի հաջողվելու հաղթանակած դուրս գալ՝ իր իսկ ստեղծած խառնաշփոթից, սակայն, թունելի վերջում կրկին արև կա, որ հույս է ներշնչում՝ կուտակված ամպերը մի օր նահանջելու են…
«Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում, չընդհատվող և հոտնկայս ծափողջույնների ներքո հունիսի 18-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ «Բնություն»-ը Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից հետո արված առաջին կինոաշխատանքն է:
Ֆիլմի ստեղծման մասին քչախոսությամբ հայտնի Արտավազդ Փելեշյանը դրվագներ է պատմում երևանյան հանդիսատեսին. «Ինձ առաջարկեցին անել ֆիլմ բնության աղետների մասին։ Նրանք տեսել էին իմ ֆիլմը՝ տիեզերքի մասին («Մեր դարը» 1983թ.), որտեղ տեխնիկական կատաստրոֆաներ էին և ուզում էին նմանատիպ մի ֆիլմ։ Համաձայնեցի, սկսեցինք աշխատել Փարիզում։ Մի քանի ամիս հետո տեղափոխվեցինք Գերմանիա, աշխատեցինք այնտեղ։ Եղավ անսպասելին՝ պետությունը էմբարգո դրեց ֆիլմ-ինստիտուտի վրա (ZKM Filminstitut-ի, որի պատվերով նկարահանվել է «Բնություն» ֆիլմը.- Ն․Մ․), և ֆիլմը փակվեց։ 15 տարի հետո, իմ բարեկամ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի տնօրեն Լևոն Դեր-Բեդրոսյանի աջակցությամբ ֆիլմի աշխատանքները վերսկսեցին և 2020 թվականին ավարտեցինք»։
«Բնություն ֆիլմը տեղծվել է ֆրանսիական «Fondation Cartier» ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական «ZKM Filminstitut»-ի պատվերով, ինչպես նաև՝ հայկական կողմի ներգրավվածությամբ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի աջակցության շնորհիվ։
1 ժամ 6 րոպե տևողությամբ «Բնություն» ֆիլմն Արտավազդ Փելեշյանը նկարահանել է 2020 թվականին։ Ռեժիսորը վերստին անդրադարձել է բնության թեմային՝ ֆիլմում օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը։ «Դիստանցիոն մոնտաժ»-ի արքան իրեն հատուկ այնպիսի վարպետությամբ է մոնտաժել համաշխարհային դասականների երաժշտությունը, որ կարծես դրանք գրված լինեն հատուկ «Բնություն» ֆիլմի համար։
Հայաստանյան պրեմիերային ներկա ֆրանսիական «Fondation Cartier» ժամանակակից արվեստի կենտրոնի փոխտնօրեն Գրացիա Քուարոնին իր ողջույնի խոսքում ասում է. «Արտավազդ Փելեշյանի հետ առաջին իսկ հանդիպումից հասկացանք, որ մեր համագործակցությունը երկարատև է լինելու, և, որ միասին ստեղծելու ենք արվեստի մի նոր նմուշ՝ ֆիլմի տեսքով, որն անպայմանորեն բնության մասին է լինելու։ Ֆիլմի վերջնական արդյունքը տեսնելու համար երկար տարիներ պահանջվեցին։ Մենք անցանք ստեղծագործական տարբեր փուլերի միջով՝ աշխատելով Երևանից Փարիզ և Գերմանիա։ Եվ այդ ընթացքում, հանկարծ, մի պահ Փելեշյանն ասաց, որ այլևս չի ցանկանում ֆիլմի վրա աշխատել։ Ասաց, որ անիմաստ է շարունակել, ինքն արդեն այդ ֆիլմը տեսել է՝ իր մտապատկերներում։ Թեև կորցրեցինք հույսը, որ մի գեղեցիկ օր մենք նույնպես Վարպետի ֆիլմը տեսնելու հնարավորություն կունենանք, միաժամանակ, Փելեշյանի այդ միտքը մեզ անեզրության չափ գեղեցիկ թվաց։ Ահա այսօր, վերջապես, հասել ենք այն պահին, երբ միասին վայելելու ենք ֆիլմը, ու ինձ համար մեծ պատիվ և երջանկություն է այստեղ՝ Երևանում, կիսել ձեզ հետ այս թանկագին պահը։ Այստեղ լինելն ինձ համար մեծ պատիվ է, իսկ Արտավազդ Փելեշյանի հետ մեր ըներությունը՝ անգին»։
Ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա գերմանական «ZKM Filminstitut»-ի տնօրեն Անդրեյ Ուժիկան դիմելով «Մոսկվա» կ/թ-ի Կարմիր դահլիճում հավաքվածներին՝ ասում է՝ իր համար երևանյան այս երեկոն առանձնահատուկ կարևոր է, որովհետև վերջապես ֆիլմը հասնում է իր բուն՝ հայաստանյան հանդիսատեսին. «Արտավազդ Փելեշյանի հետ այս համագործակցությունը, նախ և առաջ, ծնվել է մեր ընկերությունից, որ սկսվել էր դեռևս քառորդ դար առաջ։ Մի քիչ նախանձում եմ ձեզ, որովհետև ձեզ համար այսօր խիստ հատուկ երեկո է։ Ոչինչ չի համեմատվի այն պահի հետ, երբ մենք առաջին անգամ դիտելու ենք արվեստի բարձրարժեք գործ։ Հետևաբար՝ ցանկանում եմ ձեզ հաճելի և էմոցիաներով հարուստ դիտում»։
Մինչ հայաստանյան պրեմիերան, Արտավազ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ցուցադրվել է Փարիզում՝ «Fondation Cartier» ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցասրահներում, այնուհետև, մտնելով փարիզյան դասական կինոդահլիճներ, այնտեղ մնացել է բավական երկար ժամանակ։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Նյու Յորքում, Ամստերդամում, Հարավային Կորեայում, իսկ Երևանից հետո ֆիլմի կինոճամփորդությունը շարունակելու է դեպի Ավստրալիա, Իտալիա և մի շարք այլ երկրներ։
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ»… Ահա այսպես է ներկայացվել մոնտաժի արքա Արտավազդ Փելեշյանը Նյու Յորքի՝ «New York Film Festival»-ում «Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերայի օրը, որ տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերին, հանրահայտ «New York Film Festival»-ի շրջանակներում։ Ֆիլմի հաջորդ կանգառը եվրոպական պրեմիերան էր՝ Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ «IDFA» փառատոնում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանը՝ կինոյի ոլորտում ներդրած անգնահատելի ավանդի համար արժանացել է «Life achievement award» հատուկ մրցանակի։
«Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերան իրականացվել է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի և «ArLeAM» ընկերության շնորհիվ: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը:
Թեև աշխարհահռչակ մեր հայրենակիցը հայաստանյան պրեմիերայից հետո նկատեց՝ ֆիլմի ֆինալն այնքան էլ իր սրտով չէր, կցանկանար փոխել այն, որը, ցավոք, չստացվեց, այնուամենայնիվ, այս խոսքերն ինձ հիշեցրին Վարպետի մեկ այլ առիթով բարձրաձայնած անկեղծ խոստովանությունը. «Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են թերություններով ու սխալներով»։
Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը նվիրված է ռեժիսորի տիկնոջը՝ Աիդա Գալստյանին։
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ