«Հայկական կողմն արդեն նշաձող է իջեցրել». Վիտալի Մանգասարյան

Ավելի քան երեք ամիս ԳՇ պետ չունենալու հանգամանքն իշխանության կողմից բացատրվում է նրանով, թե մեկ է՝ մի քանի ամիս հետո Գլխավոր շտաբի պետի պաշտոնը դարձնելու ենք Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այսինքն՝ կարելի է այս ամիսների ընթացքում բավարարվել ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարով, որը, ըստ նախարար Պապիկյանի, ունի ԳՇ պետի բոլոր լիազորությունները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ըստ զինվորական կանոնադրության՝ ցանկացած պետի տեղակալ, պետի պարտականություններն իրականացնելուն զուգահեռ, պետք է իրականացնի նաև իր պարտականությունները, ինչը չափազանց ծանր խնդիր է, իսկ Հայաստանի շուրջ ստեղծված իրողություններում՝ առավել քան վտանգավոր։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական անդամներից մեկն օրեր առաջ հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ շատ հրամանատարներ թողեցին և փախան, բայց եթե Փաշինյանի թիմից լինեին, չէին փախչի։ Կարծում եմ՝ այս հայտարարությունը լավագույնս բնորոշում և բացում է բոլոր այն նպատակները, թե ինչի համար են տեղի ունենում նշված փոփոխությունները: Հիշենք, որ մեկ տարուց ավելի է՝ խոսվում է բանակի բարեփոխումների մասին, որի հայեցակարգն այդպես էլ լայն հասարակությանը հասանելի չեղավ։ Իսկ ամիսներ առաջ Սուրեն Պապիկյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հայեցակարգն արդեն իսկ 2021 թվականի դեկտեմբերին պատրաստ է եղել, սակայն, երբ ինքը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը և մանրամասն ծանոթացել է այդ հայեցակարգին, ինչ-որ թերություններ է նկատել, ինչի պատճառով այն հետ է ուղարկել լրամշակման»,- ասաց Մանգասարյանը:

Փորձագետի համոզմամբ՝ այս փուլում առաջնային պետք է վերականգնել բանակի հանդեպ հասարակության վստահությունը, ինչն ուղիղ համեմատական է մարտունակությանը: Երկրորդ՝ զինծառայողը պետք է հստակ իմանա, թե ո՞րն է իր առջև դրված խնդիրը, որովհետև երբ թշնամին ինչ-որ ուղղությամբ սադրանքի է դիմում և «մարսում» է, ապա այդ պարագայում մարտունակության աստիճանի դինամիկ բարձրացման մասին խոսելն անիմաստ է:

«Դիրքում կանգնած զինվորն իրեն վստահ է զգում այն դեպքում, երբ գիտի, որ թշնամու ցանկացած ոտնձգության դեպքում հնարավորինս ուժեղ պատասխան է տրվելու: Խաղաղության դարաշրջան բացելու քարոզը ոչ միայն բթացնում է հասարակությանը, այլև անմիջական ազդեցություն է ունենում զինծառայողի վրա: Զինվորից մինչև գեներալ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե, ի վերջո, որն է իրենց առջև դրված խնդիրը, և սահմանի հակառակ կողմում կանգնածն իր թշնամի՞ն է, թե՞ ոչ։ Իսկ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ պատերազմին, դա առավել քան ակնհայտ է։

Վերջին մեկ տարվա ընթացքում սահմանային տարբեր հատվածներում մոտ երկու տասնյակ նոր զորամասերի բացումը, ամիսը մի քանի անգամ իրականացվող զորավարժությունները և շատ դեպքերում գրեթե բաց տեքստով բարձր մակարդակներում ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները խոսում են այն մասին, որ ադրբեջանական կողմն ամենևին էլ խաղաղության պատրաստվելու մտադրություն չունի և մերօրյա աշխարհաքաղաքական խառը ժամանակներում ուղղակի սպասում է հարմար պահի։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա՝ խաղաղության երաշխիքներ կարող է տալ միայն հայկական բանակը, և որքան ուժեղ լինի այն, այդքան այդ երաշխիքներն ավելի մեծ կլինեն: Հատկապես հիմա, երբ աշխարհում տեղի են ունենում վերադասավորումներ, նոր աշխարհակարգի ձևավորում, և այս դեպքում թշնամուց ակնկալել խաղաղության երաշխիքներ, ուղղակի կործանարար մոտեցում է։ Ադրբեջանն առնվազն իր դիվանագիտական դիրքերն ուժեղացնելու նպատակով փորձելու է թելադրողի դերում լինել նաև առաջնագծում, ինչի համար հատկապես Սոթք-Խոզնավար հատվածում բարենպաստ հնարավորություններ ունի։

Ադրբեջանը գնալով մեծացնելու է իր պահանջների միջակայքը: Եվ եթե նախկինում հայկական կողմը պահանջում էր, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս բերի ավելի քան 41 քառակուսի կիլոմետր օկուպացրած տարածքներից, որից հետո նոր դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցես կսկսի նրանց հետ, ապա հիմա այդ հարցում ևս հայկական կողմը, ինչպես տեսնում ենք, նշաձող է իջեցրել։

Ալիևն ամեն անգամ պահանջում է, որ հայկական կողմը նոր զիջումների գնա, իսկ դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հասարակությանը համախմբվել մշուշոտ խաղաղության օրակարգի շուրջ, որի երաշխիքները, իր իսկ խոսքով, բացակայում են: Միամիտ պետք է լինել հավատալու համար, թե այդ ամենը հնարավոր է կյանքի կոչել։ Հավատալ մի բանի, որին, ըստ էության, Նիկոլ Փաշինյանն է դժվարությամբ հավատում»,- եզրափակել է Վիտալի Մանգասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս