«Էներգետիկայի ու տրանսպորտի նախարարությունները լուծարելով՝ ՀՀ պսևդո-իշխանությունները ցույց տվեցին, որ տվյալ ոլորտներում չունեն առաջնահերթություններ». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածաշրջանում էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի առկայության պարագայում Հայաստանում համապատասխան ոլորտային նախարարությունների բացակայությունն առնվազն անթույլատրելի է:

2018 թ. կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես այսօր տեսնում ենք, նպաստեցին Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խարխլմանը՝ պատասխանատվության փոշիացմամբ ու ինստիտուցիոնալ տրամաբանության մերժմամբ:

Արդյունքում ստացանք մի կողմից՝ գործառույթների հսկայական սպեկտր ունեցող գերմոֆրոդիտ-նախարարություններ, մյուս կողմից՝ թզուկ-նախարարություններ, որոնց գործառույթները շատ հանգիստ կարելի էր բաշխել որոշ գերատեսչությունների միջև (խոսքը նույն ԲՏ նախարարության մասին է, որն ի սկզբանե ստեղծվել էր Ադրբեջանի նույնատիպ նախարարության մոդելով):

Էներգետիկայի ու տրանսպորտի (ինչպես նաև գյուղատնտեսության, մշակույթի) նախարարությունները լուծարելով՝ ՀՀ պսևդո-իշխանությունները ցույց տվեցին, որ տվյալ ոլորտներում չունեն առաջնահերթություններ։ Արեք, ինչ ուզում եք։

Ի դեպ, նախարարությունների խոշորացման բացասական հետևանքներն արդեն շատ լավ գիտակցում են Վրաստանում, որտեղ էներգետիկայի նախարարությունը՝ տնտեսական զարգացման նախարարությանը միացնելու արդյունքում էներգետիկ համակարգում վերջին տարիներին նվազել են օտարերկրյա ներդրումները:

Հաշվի առնելով Հայաստանում տիրող էներգատրանսպորտային ճգնաժամը՝ նշված երկու ոլորտների կառավարման խնդիրներին պետք է տրվեն հստակ ինստիտուցիոնալ լուծումներ՝ Տրանսպորտի ու կապի և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների վերակենդանացման միջոցով»։

 

Տեսանյութեր

Լրահոս