Դադարը խորացնելու է ճգնաժամը

«Դիմադրության» շարժման կողմից բողոքի գործողությունների դադարեցումն անասելի բերկրանք է պարգևել իշխանություններին ու իշխանություններին սպասարկող պսևդոընդդիմադիրներին, որոնք տոնում են իրենց հաղթանակը։ Իրականում, սակայն, եթե դա անգամ հաղթանակ է, ապա Հայաստանի պարտությանը հավասարազոր հաղթանակ է, որովհետև անկախ այդ շարժման հարթակում կանգնածների նկատմամբ վերաբերմունքից, այն իր առջև դրել էր ու թերևս դեռ շարունակում է հետապնդել նպատակներ, որոնց իրականացումը ամրապնդելու է պետականությունը կամ առնվազն թույլ չի տալու դրա է՛լ ավելի կազմաքանդումը։

Այսինքն՝ շարժման այդ նպատակների չիրականացումը նշանակում է պետության ու պետականության է՛լ ավելի թուլացման վտանգի բազմապատկում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Բողոքի գործողությունների մեկնարկի առիթ դարձան Արցախյան հարցում նշաձողն իջեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ապրիլյան հայտարարությունները։ Անցած ամիսներին, ընդհուպ նախօրեին տված  հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն զբաղված էր այդ նշաձողն իջեցնելով։

Ընդ որում, Ֆրանսիայի հրապարակի առկայությունը, վստահաբար, նրա համար որոշակի զսպող նշանակություն ուներ, հակառակ դեպքում՝ նա գուցե արդեն իսկ ուղիղ տեքստով հայտարարած լիներ, որ «Արցախն Ադրբեջան է, և վերջ»։

Բոլոր նրանք, ովքեր անցած ամիսներին ծաղրում ու հեգնում էին բողոքի գործողությունները, դրանց մասնակիցներին, ակամայից, իսկ ավելի հաճախ՝ գիտակցաբար նպաստում էին Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան ու հակահայաստանյան քաղաքականության իրականացմանը։ Բողոքի ակցիաների դադարի առիթով ոգևորվածները, սակայն, չեն ուզում կամ չեն ցանկանում ընդունել, որ դադարել են միայն բողոքի արտաքին դրսևորումները, մինչդեռ մարդկանց հրապարակ բերած պատճառները, դժգոհության, անհամաձայնության խորքային առիթները չեն դադարել։

Ավելին, եթե հրապարակային ակցիաներն ինչ-որ իմաստով օգնում էին պարպել հասարակության մեջ արդարացիորեն առկա բացասական էներգիան, ապա դրանց բացակայության դեպքում այդ նեգատիվը կուտակվելու է ու ցանկացած պահի կարող է ստանալ ամենաանկանխատեսելի դրսևորումներ։

Այդ իմաստով, Հայաստանում առկա խորը քաղաքական, ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյահոգեբանական, արժեբանական, ընդհուպ ինքնության ճգնաժամը չի վերացել, որովհետև այդ ճգնաժամը կապ չունի անվանական կամ ոչ անվանական ընդդիմության գործողությունների հետ։ Ճգնաժամը շարունակվելու է և եթե՝ կա՛մ նույն ընդդիմությունը, կա՛մ գուցե հրապարակ եկող նոր ուժերը չգտնեն այդ ճգնաժամի հանգուցալուծման քաղաքական ուղիներ, այն կարող է ստանալ այնպիսի վտանգավոր արտահայտություններ, որոնց համեմատ հանրային հուսահատությունն ու արտագաղթը կարող են չարյաց փոքրագույնը համարվել։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն անկասելիորեն գլորվում է դեպի անդունդ, պետության և պետականության կորստի վտանգը դարձել է առարկայական առավել, քան երբևէ։

Այս պայմաններում իշխանությունը ոչ միայն անկումը չի կասեցնում, այլև ինքն է անկման պատճառն ու հրահրողը։

Ամենամեղմ ձևակերպմամբ, իշխանությունը համարժեք չէ պետության առջև ծառացած ընդհուպ գոյաբանական խնդիրներին։

Հայաստանը՝ որպես պետություն, ամեն օրվա հետ դառնում է նույնքան անհամարժեք, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս