«Բոլորն են ականատես եղել, թե ինչպիսի անվտանգություն ենք ունեցել ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորն են ականատես եղել, թե ինչպիսի անվտանգություն ենք ունեցել ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ականատես են եղել, թե ինչպիսի պարզ ճակատով ենք վարել բանակցային գործընթացը, թե ինչպիսի լուրջ սպառազինությամբ է համալրված եղել մեր բանակը, թե որքան անառիկ են եղել մեր սահմանները։ Բանակցային գործընթացը հասել էր այն մակարդակին, որ Իլհամ Ալիևն անձամբ էր ասում, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

2008֊2018թթ.֊ին չի եղել վախ, որ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Սերժ Սարգսյանը աշխարհի ամենաբարձր ամբիոններից բազմիցս հայտարարել է, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, և բացի ասելուց նա դա անում էր թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական դաշտում։

Սերժ Սարգսյանը խաղաղություն ապահովող նախագահ է և հենց նրա օրոք մարդիկ ապրել են անվտանգ, ապահով Հայաստանում։ Նախագահի բանակցային փաթեթը ապահովում էր Արցախի անկախության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը տեսանելի ապագայում։

Ի՞նչ ունենք հիմա մենք. 5000֊ից ավելի զոհ և 0֊ից էլ ցածր նշաձող, ունենք այն, որ պետական այրերը վախենում են ասել «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», պոկում են Արցախի դրոշը, ասում են, որ հայ ժողովրդի համար ընդունելի պիտի լինի Արցախի ցանկացած կարգավիճակ, այսինքն գործողները ակնհայտ պատրաստվում են Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին»։

Տեսանյութեր

Լրահոս