Կարծում եմ՝ դատարանը, ոչ թե քաղաքական պատվեր, այլ դատավճիռ կկայացնի՝ հանուն ՀՀ-ի․․․». անպարկեշտ վիրավորելու մեղադրանքով Գևորգ Պետրոսյանի դատական նիստը՝ հունիսի 15-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ հունիսի 15-ին պետք է տեղի ունենա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետորսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0790/01/22 քրեական գործով առաջին դատական նիստը։

Գևորգ Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած միջգերատեսչական քննարկումների ավարտից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարարը շտապել էր ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը տեղեկացնել, որ «սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: «Գործադիրը նպատակահարմար չի գտել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում` նախընտրելով այդ անթույլատրելի երևույթի համար արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները»: Հետաքրքիր է, թե ԱԱ արդարադատության նախարարի, և թե նույն թիմի անդամ՝ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր  Վարդանյանի մեկնաբանություններով, օրենսդրական այս փոփոխություններն ու դրա հետևանքով մի քանի հարյուր քրեական գործերի հարուցումը մեկ հիմնական նպատակ ուներ՝ ատելության խոսքի որոշակի կանխարգելում, ավելին, ՔՊ-ական պատգամավորը նույնիսկ խոստովանել է, որ իրենք քրեական նոր օրենսգրքում նույնիսկ չէին նախատեսել ներառել այդ փոփոխությունը:

Իսկ ի՞նչ է սպասվում արդեն իսկ հարուցված քրեական գործերի և դրանց հետևում կանգնած անձանց ճակատագրին:

168.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք երկու օր հետո նշանակված դատական նիստից, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․

«Կարծում եմ՝ դատարանը կգտնվի այն հարթության վրա, որն ամրագրված է սահմանադրությամբ, և բազմակողմանի քննություն կկատարի, ոչ թե քաղաքական պատվեր, այլ դատավճիռ՝ հանուն Հայաստանի Հանրապետության․․․»։

Անդրադառնալով հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքին, որն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար, Գևորգ Պետրոսյանն ասաց․

«Հիմա իմ հույսը ոչ թե այն է, որ հուլիսի 1-ից պետք է օրենսգիրք ուժի մեջ մտնի, այլ ես պնդում եմ, որ վիրավորական արտահայտություն չեմ արել, ես իմ գրառման մեջ «ՊԻԴՌ» բառի վերծանումն արել եմ՝ պատեհապաշտ, իսլամասեր, դառնարյուն, ռևոլյուցիոներ։ Հիմա դատարանը թող գնահատի՝ դա վիրավորա՞նք է, թե՞ ոչ։ Որովհետև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ կան, թե ո՞ր արտահայտությունները պետք է որակել որպես վիրավորանք, որը՝ ոչ։ Ես դա որպես վիրավորանք չեմ արել, այլ պարզապես զուգադիպությամբ հապավումը համընկել է մի արտահայտության հետ, որը Նիկոլ Փաշինին մեծ ցնցումների մեջ է գցել, բայց դա ինձ շատ քիչ է հետաքրքրում, ես ասել եմ այն, ինչ մտածում եմ, հիմա էլ եմ պնդում, ինքը պատեհապաշտ, իսլամասեր, դառնարյուն, ռևոլյուցիոներ է, այսինքն՝ ինքը ՊԻԴՌ է, դատարանը ոնց ուզում է՝ թող գնահատի իմ ասածները․․․»։

Հարցին՝ բացի քրեական գործ հարուցելուց, արդյոք այս ընթացքում փորձե՞լ են ձեր նկատմամբ ճնշումներ գործադրել, վախեցնել, Գևորգ Պետրոսյանն այսպես պատասխանեց․

«Ի՞նձ վախեցնեն։ Ինձ միայն կարող է վախեցնել գեշ աղջիկը և Էլ ինքնաթիռը․․․»։

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարել էր քաղաքական հետապնդում։ Նա պարզաբանել էր, թե երբ և ինչ գրառում է կատարել, որի համար քրեական գործ են հարուցել։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքում հայհոյանքի ու անպարկեշտ այլ արտահայտությունների մասին հոդվածը ուժի մեջ է մտել 2021թ. օգոստոսի 30-ից, այդ ժամանակվանից մինչև ապրիլ քննված կամ քննվող գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 160 անձի, որոնցից 131-ին՝ ուղիղ հայհոյանք հնչեցնելու, 29-ին՝ այլ ծայրահեղ անպարկեշտ որակումներ և արտահայտություններ անելու համար: 108 անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որոնցից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ:

Տեսանյութեր

Լրահոս