Վարորդներն արհամարհում են. մեզ մոտ չկա կուլտուրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիում չկայանել
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ավտոկայանատեղերի կազմակերպման ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող փոփոխություններով: Գործադիրը նման փոփոխություններով նախատեսում է տարբերակված գույնի գետնանշումների միջոցով առանձնացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի վճարման դրույքաչափերը՝ ըստ գոտիականության սահմանման, ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ տեղական վճարի վճարման դրույքաչափերը՝ ըստ գոտիականության:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն՝ համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց և պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որտեղ թեև առկա են առանձին հատվածներ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար:
Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս դյուրին տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների և ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի կարծիքով՝ այստեղ գույնը չէ խնդիրը, այլ գուցե իրազեկվածության պակասը:
«Վճարովի ավտոկայանատեղիներում կա նաև սյուն, որը շատ լավ երևում է: Դրա վրա նկարված է սայլակի նշանը, և այստեղից պարզ է դառնում, որ դիմացը նախատեսված է հատուկ թույլտվություն ունեցող մեքենաների համար, որը տալիս է համայնքը, տվյալ պահին՝ Երևանի քաղաքապետարանը: Սակայն այդ արտոնությունից հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարողանում օգտվել, քանի որ միշտ զբաղված է: Եվ ես չեմ կարծում, որ եթե շատ վառ, որակյալ ներկով ներկվի, հարցը կլուծվի, որովհետև սյունը կա, հստակ երևում է սայլակի նշանը, սակայն վարորդներն արհամարհում են: Ըստ իս, խնդիրն այն է, որ մեզ մոտ չկա կուլտուրա՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիում չկայանել»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Ալավերդյանը:
«Ունիսոն» ՀԿ նախագահի փոխանցմամբ՝ օրինակ, որոշ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, բավականին լուրջ տուգանքներ են նախատեսված, եթե ինչ-որ մեկը կայանի, ասենք, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղում:
«Օրինակ, եվրոպական շատ երկրներում մեկ անգամ կայանելու համար տուգանում են մոտ 500 եվրոյի չափով ու, բնականաբար, խուսափում են վարորդները: Իսկ մեզ մոտ նման բան չկա: Կա մեկ այլ խնդիր. քանի որ սայլակ օգտագործողների մասին է խոսքը, ուրեմն ավելի շատ տեղ է անհրաժեշտ: Բախտի բերումով, եթե կայանատեղին ազատ լինի, մեքենան կանգնի, սայլակով մարդն ինչպե՞ս պետք է դուրս գա, եթե կողքին շատ քիչ տեղ է կամ մայթ: Երևի ճիշտ կլիներ, որ նախագիծը փաթեթով ներկայացնեին»,- մանրամասնեց Արմեն Ալավերդյանը:
Մեր զրուցակիցը կարևորեց հասարակությանն իրազեկելու անհրաժեշտությունը, որպեսզի վարորդներն իմանան, որ այսպիսի իրավունք կա, որը պետք է հարգել: