Հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է. Ադրբեջանն ընտրվել է ոչ թե CCBE-ի անդամ այլ՝ դիտորդ անդամ, առանց ձայնի իրավունքի. ՀՀ Փաստաբանների պալատ
168.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահի տեղակալի տեղեկացմամբ՝ մայիսի 13-ին Դուբլինում կայացած նիստի ժամանակ Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Եվրոպայի իրավաբանական համայնքների ու փաստաբանների խորհրդի (CCBE) անդամ:
Վերջինս նաև քաղաքական հայտարարություններ էր կատարել:
«CCBE-ի անդամություն ստացած ադրբեջանցի փաստաբանների վրա կարևորագույն խնդիր է դրված՝ անել այնպես, որ Ադրբեջանի ճշմարիտ դիրքորոշումը լսելի դառնա եվրոպական իրավական հարթակներում, իսկ Ղարաբաղի և Զանգեզուրի իրողությունները դառնան միջազգային իրավունքի մակարդակի քննարկվող հարցեր»,- ասել էր Իսմայիլ Կենգերլին:
Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի խորհրդի անդամի խոսքով՝ CCBE-ին անդամակցությունը եվրոպական իրավաբանական հարթակը բացում է ոչ միայն կազմակերպությունների, այլև ադրբեջանցի բոլոր իրավաբանների համար:
«Իսկ դա նշանակում է, որ նախագահ Իլհամ Ալիևի կողմից հանրահռչակված «երկաթյա բռունցքի» քաղաքականությունը պետք է շարունակվի իրավական դաշտում, իսկ ադրբեջանցի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանանան նաև միջազգային իրավունքի դաշտում»,- նշել էր Կենգերլին:
168.am-ը ՀՀ Փաստաբանների պալատից խնդրել էր պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Արդյո՞ք Հայաստանի փաստաբանների պալատը նշված միջազգային կառույցի անդամ է:
2. Արդյո՞ք Հայաստանի Փաստաբանների պալատն արձագանքել է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի անդամի այս հայտարարությանը, երբ փաստացի իրավական հարթակում փորձ է արվում առաջ տանել քաղաքական գործընթացներ:
Պալատից ստացված պատասխանում նշվում է՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE) շահույթ չհետապնդող մասնագիտական միջազգային միություն է, որը ներկայացնում է եվրոպական փաստաբանների միությունները և իրավաբանական համայնքներն այլ միջազգային կառույցների առջև՝ ելնելով իրենց ընդհանուր շահերից:
Հավելել էին, որ CCBE-ն ունի անդամակցության 4 «մակարդակ»՝ լիիրավ անդամ (full member), փոխկապակցված անդամ (affillate member), մասնակի արտոնություն ունեցող անդամ (associate member), դիտորդ անդամ (observer member):
ՀՀ փաստաբանների պալատը դեռ 2011 թվականից հանդիսանում է CCBE դիտորդ անդամ և ընդգրկված է «Փոխանակման, համագործակցության և աջակցության պլատֆորմ» (PECO) կոմիտեում՝ առանց ձայնի իրավունքի:
Ինչ վերաբերում է haqqin.az կայքում «Փաստաբանները դուրս են գալիս Եվրոպական հարթակ Իլհամ Ալիևի բռունցքով» վերտառությամբ հրապարակված հոդվածին, որտեղ նշված է, թե Ադրբեջանը դարձել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) անդամ, Պալատից նշում են՝ հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունն է այն իմաստով, որ Ադրբեջանն ընտրվել է ոչ թե CCBE-ի անդամ, այլ՝ դիտորդ անդամ:
ՀՀ Փաստաբանների պալատից նշում են, որ դիտորդ անդամներն այն կազմակերպություններն են, որոնք ներկայացնում են իրավաբանի մասնագիտությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, որոնք, որպես այդպիսին, ընդունվել են լիագումար նիստի կողմից և կարող են մասնակցել լիագումար նիստին առանց ձայնի (առանց քվեարկության) իրավունքի:
«Դեռևս 2019 թ. մարտի 29-ից Ադրբեջանի փաստաբանների միությունը իր հավակնություններն է ներկայացրել դիտորդ անդամ դառնալու, որի կապակցությամբ վերոնշյալ PECO կոմիտեում նախաձեռնվել է ուսումնասիրության և գնահատման գործընթաց: 2022թ. մարտին նշված հարցի վերաբերյալ PECO կոմիտեում քննարկման ժամանակ, Հայաստանի փաստաբանների պալատի ներկայացուցիչը, թեև ձայնի իրավունք չունի, սակայն բացասական դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի փաստաբանների միության անդամակցության վերաբերյալ: Հարցը դրվել է քվեարկության, և Ադրբեջանի անդամակցությունը հավանության չի արժանացել, որից հետո PECO կոմիտեն առաջարկել է հարցը ներառել Լիագումար նիստի օրակարգ՝ որոշում կայացնելու համար»,- ասված է Փաստաբանների պալատից ստացված պատասխանում:
Լիագումար նիստը, որը կայացել է Դուբլինում, հեռարձակվել է, ընդ որում, Հայաստանի փաստաբանների պալատը, ինչպես և շատ մասնակից դիտորդ երկրներ, չեն ունեցել որևէ դիրքորոշում արտահայտելու կամ հեռարձակման ժամանակ խոսափող միացնելու հնարավորություն, քանի որ ձայնի իրավունք չունեն:
«Տեղին է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը միշտ առաջնորդվել է պետական շահով, քննադատել է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը և ապազգայինը, առավել ևս, մարդու իրավունքների պաշտպանության իրավական հարթությունում: Դեռևս 2020թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ փաստաբանների պալատը կոչ է արել դեսպանատներին, միջազգային կառույցներին, փաստաբանների միություններին իրենց լիազորությունների շրջանակում իրավական գնահատական տալ նշված իրադարձություններին և խստորեն դատապարտել՝
1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողություններին.
2. Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակավայրերի, մշակութային օբյեկտների, եկեղեցու և խաղաղ բնակչության ոչնչացմանն ուղղված պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները.
3. Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը:
Այս կոչը պաշտոնապես ուղղվել է նաև Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)»,- ասված ՀՀ Փաստաբանների պալատից ստացված պատասխանի մեջ: