Խորհրդարանական ընտրությունը երկրորդ մեծ դավաճանությունն էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ես հեռու եմ այն մտքից, որ մեր հասարակության մեծ հատվածը չի անհանգստանում Արցախի ճակատագրով, կամ ՀՀ այս կամ այն մարզի ճակատագրով. իրականում անհանգստությունը չափազանց մեծ է, և մարդիկ ամեն կերպ փորձում են հասկանալ, թե ինչ կարող են անել, որպեսզի երկիրը դուրս գա այդ օրհասական վիճակից»,- Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտնեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ այսօր առավել լսելի է ակտիվ փոքրամասնությունների կարծիքը, երբ մի կողմը բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը մեզ պետք չէ, բեռ է, մյուս կողմից՝ կան սպառնալիքներ, որ Ադրբեջանը չի սահմանափակվի ձեռք բերածով, և այլն:«Խնդիրն այս է՝ հանրության մեծամասնությանը, որը պասիվ է, բայց ունի համոզմունքներ, ինչպե՞ս դարձնել գործոն, որպեսզի կարողանան ազդել իրական քաղաքականության վրա։
Ես այնքան էլ համաձայն չեմ, որ այս իշխանությունը կեղծում է, խաբում է. չկա՛ նման բան: Նրանք շատ բացահայտ ասում են՝ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, դուրս են գալիս, ԱԺ ամբիոնից նման հայտարարություն են անում:
Ասում են, որ կա պահանջ կարգավիճակի նշաձողն իջեցնելու»,- հավելեց բանախոսը: Քաղաքագետը շեշտեց նաև, որ իշխանական քարոզչությունը ևս կառուցվում է այդ թեզերի վրա՝ հրաժարվել կարգավիճակից, իջեցնել նշաձողը.
«Այսինքն՝ այդ գիծը նրանք շատ բացահայտ քարոզում են, և տեսնում ենք, որ հանրության այն փոքրամասնությունը, որը համաձայն է դրա հետ, կարողանում է լավ տարածել և տպավորություն ստեղծել, որ ժողովրդի մեջ կան այդպիսի լուրջ ընկալումներ»:
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, սակայն, իրականությունն այն է, որ մեր քաղաքական ուժերին, էլիտաներին, փորձագիտական շրջանակներին, լրատվամիջոցներին չի հաջողվում հանրության այն հատվածին, որն իսկապես մեծամասնություն է ու դեմ է տարածքներ զիջելուն, թշնամու հետ «խաղաղության» հասնելուն, համոզել ոտքի կանգնել, վստահել այս դիրքորոշումն ապահովող առաջնորդներին, գնալ նրանց հետևից ու փոքրամասնության խնդիրը վերջնականապես լուծել, այսինքն՝ դառնալ դոմինանտ ու սկսել պայքարել։
«Մենք հազար անգամ ենք առիթ ունեցել ասելու, որ Հայաստանը նույնիսկ այս վիճակում՝ պարտությունից հետո, ունի ռեսուրսներ առնվազն կասեցնելու աղետը, նույնիսկ ինչ-որ վերականգնողական ծրագրեր իրականացնել: Արդյոք ՀՀ-ն զբաղվում է դրանով՝ պետական մակարդակով, ժողովրդի մակարդակով. պատերազմից անցել է շուրջ երկու տարի՝ տեսեք, թե ինչ վիճակում են գտնվում մեր զինված ուժերը, մեր ստրատեգիական ճանապարհները, մեր սահմանամերձ բնակավայրերը»,- նկատեց նա:
Անդրադառնալով հանրության կոնսոլիդացիայի հարցերին, այդ հարցում «Դիմադրություն» շարժման դերին՝ Հրանտը Մելիք-Շահնազարյանը կարևոր ձեռքբերում համարեց շարժման կողմից խնդիրների ձևակերպումը՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ուժի սպառնալիքների ներքո մենք սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ չենք անի» և այլն։