Կեղծավոր Հայաստան. երկիրը կազմաքանդող մետաստազները
Հայաստանը վաղուց ապրում է համատարած կեղծավորության պայմաններում։ Այն արտահայտվում է՝ ինչպես երկրի ներսում ընթացող գործընթացներում, այնպես էլ՝ աշխարհի հետ հարաբերություններում։ Կեղծավորությամբ զբաղվում են գրեթե բոլորը՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաներն ու անվանական ընդդիմադիրները, մտավորականներն ու դիվանագետները, ոստիկաններն ու զինվորականները։
Երևանի կենտրոնում շուրջ քառասուն օր բողոքի ակցիաներ են ընթանում, իշխանությունը ձևացնում է, թե դա ընդամենը «լոգիստիկ խնդիր է»։ Կեղծավորության շարքային դրսևորում։
Բողոքի ակցիաները կազմակերպվում են ակնհայտորեն ոչ համարժեք գրագիտությամբ ու բովանդակությամբ, ընդդիմադիր հարթակի առաջնորդները ձևացնում են, թե դա ընդամենը չարախոսություն է։ Կեղծավորության նույնպիսի դրսևորում։
Հարյուրավոր ոստիկաններ պահպանում են բացառապես Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու այդ ընթացքում բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, կրկին ցուցաբերում են կեղծավորություն՝ հայտարարելով, թե «պահպանում են կարգն ու կանոնը»։
Զինված ուժերը հետևողականորեն ու մեթոդաբար կազմաքանդվում են, բարձրաստիճան զինվորականները, ցուցադրական միջոցառումների ժամանակ, կրկին նույնակերպ կեղծավորությամբ պատիվ են տալիս ու կռանում են կազմաքանդողի առաջ։
Նույնը տեղի է ունենում արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանում իշխանական ու մերձիշխանական լակեյները զբաղվում են հակառուսական քարոզչությամբ, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա ու կռանում է Պուտինի առաջ մեջքի նույնպիսի գոգավորությամբ, ինչպես հայ զինվորականները՝ իրեն դիմավորելիս։
Հայաստանն ամեն օր ավելի է ամրապնդվում որպես ոստիկանապետություն, արևմտյան դեսպանատների առաջ մարդկանց նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառվում, բայց նույն արևմտյան դեսպանները դիֆերամբներ են ձոնում «հայկական ժողովրդավարությանը»՝ անգամ ձևականորեն չթաքցնելով, որ նպատակը ոչ թե հայկական ժողովրդավարությունն է, այլ իրենց իսկ աշխարհաքաղաքական շահերը։
Կեղծավորության այս շքահանդեսի հավաքական արդյունքն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարելու համար՝ միևնույն ժամանակ դա ներկայացնելով՝ որպես հայրենասիրության բացառիկ դրսևորում։
Նա հանձնում է Արցախը ու այն, ինչ պահանջում են Հայաստանից՝ «հանուն Արցախի ու Հայաստանի»։
Այս կեղծավորությունը չէր լինի այդչափ վտանգավոր ու կործանարար, եթե այն չունենար այդ կեղծավորության մեջ նույնքան թաթախված հանդիսատես՝ ի դեմս հասարակության զգալի հատվածի, որը ձևացնում է, թե հավատում է, որ Նիկոլ Փաշինյանի իրականացրած հակապետականությունն արվում է հանուն պետության։
Հայաստանը ներսից ու դրսից պատած կեղծավորության այս պալարի հիմքում, անշուշտ, կեղծիքն է, սուտը, որ տարիներ շարունակ սերմանվել է երկրում ու հասարակության շրջանում։ Կեղծ արժեքները, կեղծ նպատակները ու կեղծ կուռքերն են հանգեցրել կեղծիքի ու կեղծավորության այս քաղցկեղին, որի մետաստազները տարածված են պետության ու հասարակության անգամ ամենաանտեսանելի տիրույթներում։
Կեղծավորության այս ախտը կարող էր բուժվել միայն ճշմարտությամբ, բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում ճշմարտության մասին խոսողները ևս հաճախ զբաղվում են կեղծավորությամբ։
Ավետիս Հարությունյան