Արևմուտքը սխալվում է Թուրքիայի իշխանությունների հարցում. վերլուծաբան

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից հետո աշխարհում ստեղծված իրավիճակից, բնականաբար, փորձում են օգտվել Թուրքիայի իշխանությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով վերջին օրերին շեշտակիորեն աճող հույն-թուրքական լարմանն ու Թուրքիայի գործողություններին Մերձավոր Արևելքում:

Նա նշեց, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի սահմանին իբրև թե անվտանգության գոտի ստեղծելու համար հատուկ գործողություն իրականացնելու որոշում ունեն, որպես պատճառ ներկայացնելով քրդական բնակչությանը: Իր հերթին՝ ԱՄՆ-ը, նրա փոխանցմամբ, իր զորքերին վերադարձնում է Սիրիայի հյուսիսի բազաներ՝ պաշտպանելու քուրդ բնակչությանը:

«Ոչ թե սպառնալիքն է, բնականաբար, սրվել, այլ Թուրքիայի իշխանությունները զգում են, որ կարող են օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից, այն հանգամանքից, որ Ուկրաինայում պատերազմի ֆոնին կարողացել են չեզոքություն պահպանել, հետո ինչ-որ բան դրա դիմաց ստանալու ակնկալիքով:

Էրդողանը կարողացավ Պուտինի հետ դիրքավորվել այնպես, ինչպես վերջինիս էր հարկավոր, և Արևմուտքի հետ՝ ինչպես Արևմուտքին էր հարկավոր, մինչև վերջին պահը էրդողանը չմիացավ հակապուտինյան պատժամիջոցներին, ինչը, իհարկե, Ռուսաստանի համար Թուրքիայի իշխանությունների կշիռը բարձրացրեց: Հիմա եկել է այդ պահը օգտվելու:

Օրերս տեղի ունեցավ Էրդողան-Պուտին հեռախոսազրույց, որը կարծես այդ մասին էր, դրանից հետո երկու կողմի հռետորաբանությունը միմյանց նկատմամբ ավելի է ջերմացել, նախապատրաստվում է Պուտինի այցը Թուրքիա, այդպիսի տեղեկություններ են շրջանառվում։ Այսինքն՝ Ռուսաստանը և Թուրքիան կարծես ընդունել են միմյանց պայմանները, ռազմական գործողությունները Սիրիայում և Ուկրաինայում:

Իհարկե, ավելի դժվար է լինելու Արևմուտքին ապացուցել Թուրքիայի իշխանությունների խաղաղասիրական իմիջը, որը նրանք փորձում են անել իբրև թե կարգավորելով հարաբերություններ Հայաստանի հետ: Իրականում թե ինչ են անում, ու ինչ արդյունքներ կարող է ունենալ այդ գործընթացը՝ կասկածելի է, քանի որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները պատրաստ չեն հավասարակշռված արտաքին քաղաքականության, նրանք դա ապացուցել են բազմիցս ու պատրաստվում են Թուրքիան գցել անկայունության հերթական ալիքի մեջ»,- ասաց Աքթարը:

Նրա կարծիքով, նույնը տեղի է ունենում բոլոր ուղղություններով:

«Եվ գլխավոր խնդիրը, ըստ իս, այն է, որ Արևմուտքը սխալվում է Թուրքիայի իշխանությունների հարցում. Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմում պահելու և ՌԴ-ին այս տարածաշրջանում հակադրելու համար Արևմուտքը աչք է փակում այն ամենի վրա, ինչ անում է Թուրքիան արտաքին ճակատներում և երկրի ներսում: Եվ Էրդողանն ինչ-որ հարցերում Ուկրաինային աջակցություն ցույց տալով, հանդես գալով որպես միջնորդ, կարողացավ բարձրացնել իր դերն Արևմուտքի համար, վերականգնել վատթարացած հարաբերությունները, որպեսզի կարողանա առաջ մղել իր շահերն այլ ռեգիոններում: Արևմուտքն իր արժեքներով չի կարող այս քաղաքականությանը ոչինչ հակադրել»,- ասաց վերլուծաբանը:

Այս ֆոնին, նրա խոսքով, Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ փոքր խնդիր են և փոխկապակցված Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ: Այդ պատճառով, ըստ նրա, Թուրքիան սպասում է արդյունքների մյուս կողմում:

Տեսանյութեր

Լրահոս